«Բերիան» ով է»
Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել 1998-2008 թթ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Մեղադրանքն ապացուցվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է ազատազրկվել 10-15 տարով:
Վերջինս մինչեւ դատարանի կալանավորման որոշումը, թերեւս, վստահ լինելով դեպքերի նման ընթացքի մեջ՝ հրապարակային ելույթ ունեցավ, բնականաբար պաշտպանվելով, մեծ քաղաքականություն իր հնարավոր վերադարձի մասին ակնարկելով ու քաղաքական ուժերին իրեն հստակ պաշտպանելու ցուցում տվեց: Գոնե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հասկացան Քոչարյանի «հրահանգի» ենթատեքստը ու հիմա Քոչարյանի կալանավորումը՝ «ռումբ» է օպերացիան «ըստ արժանվույն» ընթացքի մեջ է:
Ինքը՝ Քոչարյանը, «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանի նոր իշխանությունները իր նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում։ Իսկ նրա պաշտպաններն ու գրասենյակի ղեկավարն առհասարակ փայլեցին: Նրանք էլ պնդում են, թե Քոչարյանը ենթարկվում է քաղաքական ու անձնական հետապնդման եւ հաշվեհարդարի:
«Մարտի 1»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով դատարանի կողմից երկու ամսով կալանավորված նախկին նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց՝ Քոչարյանի մեղադրանքը ոչ այլ ինչ է, քան «իրավական անգրագիտություն»: Շինծու որակելով «Մարտի 1»-ի գործում Քոչարյանին ներկայացված մեղադրանքը, Սահակյանը շտապեց հայտարարել՝ նախկին նախագահին արդարացնելու են։ «Սա պատվեր է, պատվեր, որը պետք է կատարվի: Ո՞ւմ կողմից է պատվերը՝ բնական ա, ես չեմ կարող ասել, մտքումս ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ, որովհետեւ կարող եմ սխալվել, եւ կարող են մեղադրել, որ նման չճշտված տեղեկություն եմ հայտնում», – ասաց Սահակյանը: Իսկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն՝ անձնական հաշվեհարդար որակելով տեղի ունեցածը, «Բերիա» անվանեց նախկին նախագահի դեմ, իր բնորոշմամբ՝ այդ հաշվեհարդարն իրականացնողներին եւ հավելեց՝ իրենց մնում է պարզել, թե «Բերիան» ով է, վստահեցնելով՝ գտնելու են նրան, եւ այդ «Բերիան» պատժվելու է: «Սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու», – ասաց Սողոմոնյանը:
Նախագահի անձեռնմխելիության սահմանադրական դրույթը
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելով՝ Հատուկ քննչական ծառայությունը չի խախտել երկրի նախագահների անձեռնմխելիության սահմանադրական դրույթը, այս տեսակետն են «Ազատությանը» հայտնել իրավաբաններ Տիգրան Եգորյանը եւ Մուշեղ Շուշանյանը, մանրամասնելով՝ 2008թ. Սահմանադրությունը նախագահին թույլ տալիս էր արտակարգ դրություն մտցնել, սակայն նույն հոդվածում նշված էր նաեւ, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Իսկ այդ մասին օրենք 2008թ. մարտին չկար։ Այն ընդունվել է միայն 2012-ին:
«Նախագահն իր հրամանագրով արտակարգ դրություն հայտարարելով եւ հրամանագրով նախատեսելով արտակարգ դրության ռեժիմը, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։ Ընթացակարգը հետեւյալն է՝ պետք է օրենք լիներ, օրենքի հիման վրա եւ օրենքի առկայության դեպքում՝ նախագահը կարող էր օգտվել արտակարգ դրություն հայտարարելու իր լիազորությունից։ Այդ լիազորությունն իրականացնելու համար անհրաժեշտ էր, որպեսզի 2008 թվականին ԱԺ-ի կողմից ընդունված լիներ արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը», ասել է Մուշեղ Շուշանյանը։
Սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել լիազորությունների ավարտից հետո: Իրավաբանները պնդում են՝ սահմանադրական նորմը չի խախտվել, քանի որ 2008թ. մարտի 1-20-ը Երեւանում արտակարգ դրություն մտցնելով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իրենց գնահատմամբ, իր կարգավիճակի հետ չկապված գործողություն է կատարել: Հետեւաբար լիազորությունների ավարտից հետո կարող է կանչվել պատասխանատվության: «Խախտվել, սահմանափակվել են անձանց իրավունքներ եւ դրանք չեն ունեցել ո՛չ օրինական հենք, ո՛չ իրավաչափ նպատակ», ասել է Տիգրան Եգորյանը։ Վերջինս մեկնաբանել է, թե ինչ է իրենից ներկայացնում այս իրավիճակում Քոչարյանին առաջադրած սահմանադրական կարգի տապալում մեղադրանքը. «Այս պրոցեսների նկատմամբ միջամտությունը, եւ այս պրոցեսները, ըստ էության, հանգեցրել են ժողովրդի իշխանության իրացման գործընթացի կապակցությամբ վեճի քննության անհնարինության՝ այդ վեճի քննությանը արտակարգ դրության պայմաններում, այդ արտակարգ դրության պայմաններում սահմանադրական դատարանի առնվազն մեկ անդամի կողմից հայտարարված ճնշումների պայմաններում»։
Փաստահավաք խումբ. Բանակը ներգրավված է եղել մարտի 1-ի իրադարձություններում
2010թ. մայիսին Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող, արդեն լուծարված փաստահավաք խմբի երկու ընդդիմադիր անդամները՝ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը հրապարակեցին իրենց՝ թվով 5-րդ զեկույցը, որը հաստատում էր մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավվածության փաստը։
Համաձայն զեկույցում տեղ գտած ձեւակերպումների՝ մինչեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրության մասին հրամանագրի ընդունումը՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 0038 հույժ գաղտնի հրամանով բանակային ստորաբաժանումներն արդեն իսկ տեղակայված են եղել մայրաքաղաքում՝ այս կերպ ներգրաված լինելով ներքաղաքական իրադարձություններում։ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ կենտրոնացվել են Երեւանում եւ նրա մերձակայքում՝ մասնավորապես Չարբախի զորահավաքակայանում, Բալահովիտի զորամասում եւ բանակի սպորտային բազայում։
Փաստահավաք խմբի անդամների ձեռքի տակ եղած տեսաժապավենները, լուսանկարները եւ փաստերը վերջիններիս թույլ են տվել պնդել, որ մարտի 1-ի ժամը 14։09-ի դրությամբ բանակային ստորաբաժանումները կենտրոնացվել են Հանրապետության հրապարակում եւ Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց։ Փաստերը վկայում են նաեւ, որ 16։27-ի սահմաններում զինվորականները զինվում են ինքնաձիգներով, իսկ 18։14-ին արդեն Հանրապետության հրապարակ զինված ուժերի նոր ստորաբաժանումներ են բերվում։
Վկայակոչելով Սահմանադրությունն ու պաշտպանության մասին օրենք, որոնք արգելում են բանակի մասնակցությունը ներքաղաքական իրադարձություններին՝ փաստահավաք խմբի անդամները համոզմունք էին հայտնել, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հրամանը՝ մարտի 1-ին մարտունակ վիճակի բերել բանակը, կարող է բխած լինել Ռոբերտ Քոչարյանի ուղիղ ցուցումից։ Նրանց կարծիքով, ՀՀ նախկին նախագահը չէր կարող անտեղյակ լինել բանակի՝ մարտի 1-ի դեպքերին ներգրաված լինելու փաստի մասին։
Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ Մարտի 1-2-ի իրադարձություններին
Քոչարյանը, ըստ ամենայնի հույս ուներ, որ 2008-ից 10 տարի անց կգտնվեն մարդիկ, որոնք մոռանալով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակագրությունը, նույնիսկ կարող են հավատալ, որ այդ օրը Քոչարյանն իր գրասենյակում նստած՝ չի էլ իմացել, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում:
Եթե կան նման հատուկենտ մարդիկ, ապա նրանց կարելի խորհուրդ տալ ուղղակի ծանոթանալ 2010թ. մայիսին Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած փաստահավաք խմբի անդամներ՝ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի 5-րդ զեկույցին:
Փաստահավաք խմբի անդամները հանրությանը ներկայացրեցին հետընտրական իրադարձություններին բանակի մասնակցության վերաբերյալ իրենց տրամադրության տակ ունեցած փաստերը, տվյալները, ՊՆ ղեկավարության հետ ունեցած գրագրության արդյունքները` դրանցից բխող նվազագույն եզրակացություններով: Բանակի ու զինված ուժերի կիրառման, գործադրման սահմանադրական եւ օրենսդրական հիմնադրույթները ներկայացնելով՝ Փաստահավաք խմբի անդամները հղում էին կատարել Սահմանադրության մի շարք հոդվածներին: Մասնավորապես 8.2-րդ հոդվածը սահմանում էր, որ «ՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Քաղաքական հարցերում զինված ուժերը պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»:
ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ եւ 13-րդ կետերի համաձայն ՀՀ նախագահը` «Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին»:
Զեկույցում ասվում էր, որ ՀՀ սահմանադրության 8.2-րդ հոդվածի բովանդակությունից հետեւում էր, որ ՀՀ Զինված ուժերը կոչված են ապահովելու բացառապես ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 6-րդ հոդվածի համաձայն, զինված ուժերը, բացառությամբ վերը նշվածի, իրավասու չեն կամ նրանց ուղղակի արգելվում է մասնակցել ու միջամտել այլ խնդիրների լուծմանը (այդ թվում` քաղաքական, սահմանադրական ու հասարակական կարգի պահպանության ու այլ խնդիրների):
Իսկ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը հստակ ու սպառիչ սահմանում է այն դեպքերը, երբ ՀՀ նախագահը Սահմանադրության 8.2-րդ հոդվածով լիազորված է զինված ուժերի գործադրման որոշում ընդունելու: Դրանք են. «ա) Հանրապետության վրա զինված հարձակման ժամանակ, բ) Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգի դեպքում, գ) պատերազմ հայտարարվելու դեպքում»: Ընդ որում, Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը այս բոլոր երեք դեպքերում զինված ուժերի գործադրման որոշում կայացնելու համար նախատեսում է մեկ լրացուցիչ պարտադիր նախապայման եւս` ռազմական դրության հայտարարումը: Այսինքն, նույնիսկ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի վերը թվարկված երեք դեպքերի առկայության պայմաններում ՀՀ նախագահը չի կարող զինված ուժերի գործադրման որոշում ընդունել, քանի դեռ չի հայտարարել ռազմական դրություն:
Այսինքն, ՀՀ նախագահի լիազորությունները զինված ուժերի օգտագործման, ղեկավարման ոլորտում սպառիչ թվարկված են Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետում: ՀՀ Սահմանադրությունը, բացի 55-րդ հոդվածի 13-րդ կետից, չի պարունակում որեւէ այլ նորմ կամ դրույթ, որը ՀՀ նախագահին ՀՀ Զինված ուժերի գործադրման կամ կիրառման լիազորություն է տալիս:
Շարունակությունը՝ տպագիր «Առավոտի» օգոստոսի 1-ի համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 31.07.2018
Էդ Ձեր ասած իրավաբանները իրավաբանությունից բան-ման հասկանու՞մ են: Էդ ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում, երբ նշում են, 2008թ.-ին չի գործել 2012թ.-ից ուժի մեջ մտած <> ՀՕ-106 առ 12.04.2012թ. օրենքը, համաձայն որի, ներկայիս Նիկոլի Կառավարությունը այսօր 2008թ. դեպքերը կրկնվելու դեպքում իրավասու է հայկական զինված ուժերի միջոցով ցրելու համար: Ընդամենը, 2008թ. դեպքերից հետո մեկ օրենք է ընդունվել զինված ուժերի կիրառման իրավունքի մասին, ոչ ավել: Բայց սա չի նշանակում, որ Սահմանադրությամբ /2005թ. փոփոխություններով/ այդ հարցի՝ զինված ուժերի կիրառման մասով իրավական վակուումում էր: Ոչ հարգելիներս, գոյություն ուներ նաև Սահմանադրության նույն փոփոխություններով 117 հոդվածի 6-րդ կետ, որի համաձայն՝ <>:
Այսինքն՝ նախագահը այս հարցում օժտված էր էլ ավելի լայն լիազորություններով, քան վերոնշյալ օրենքի իրավադրույթներով է օժտված Նիկոլի Կառավարությունը, քանի որ 2008թ.-ին ՀՀ Նախագահը լիազորված էր ոչ միայն ՀՀ ԶՈՒ զորքերը օգտագործելու, այլ նար ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ ԶՈՒ ԶՈՐՔԵՐԸ, վերջինս առանց կատակի եմ գրում, քանի որ <> նաև ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ ԶՈՒ ԶՈՐՔԵՐԻ օգտագործումն արգելք չէ: Իհարկե, եթե դեպքերի զարգացումն բերի այլմոլորակայինների կիրառման անհրաժեշտությունը և դրանց զորքերի օգտագործման իրական հյարավորություն լիներ: Այնպես, որ երբ մի բան գրում եք, ոչ թե հիմնվեք <> մտքերին, այլ տրամաբանեք ինքներդ: Այստեղ տեղին եմ համարում ցիտել Ցիցերոնի հայտնի մտքերը, կներեք ցիտեմ ռուսերեն. <> -ЦИЦЕРОН. Трактат о государстве, пункт 25. Ցտեսություն. Ինչ վերաբերվում է ՄԻԽԱՅԼԻՉԻ հայտարարությանը, որ արդարացվելու է, և հեղինակի մտքերին, որ նա պատվեր է կատարում, նշեմ, որ այո նա կատարում է <> պատվերը, որը ոչ թե լավրենտիններն են, այլ ՁԵՐԴ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔՆ ՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ: Գիտեք, նա որքան հնարավորություններ ունի, ՀՀ երեք դատարաններ և ՄԻԵԴը: Նման մեղադրանքներով, ես փաստաբան եմ, սույն քրեական գործի նյութերին ծանոթ չեմ, հետևաբար, խոսքս գործով ներգրավված քննիչների, դատախազների ու դատարանների մասին չէ, այլ այն խղճուկ իրավաբան-փաստաբանների ու անկախ ու կախյալ դատավորների և քաղաքագետների մասին է, ովքեր միկրաֆոնի դեմը նստած ուսուցիչներ են իրենց համարում ու իրավական անգրագիտություն են քարոզում: ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ