Լրահոս
Օրվա լրահոսը

Քրգործ է հարուցվել Դերժավայի Արկադի հորը պատկանող ԵՊՀ Հյուրերի տանը շինաշխատանքներից պատճառած վնասների համար

Օգոստոս 01,2018 14:00

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) հոր եւ «Պիլսներ Հաուս Գարեջրատուն Ռեստորան»-ի սեփականատիրոջ միջեւ իրավական վեճն այլ ընթացք է ստանում:

Մաշտոցի 52 հասցեում «Էս Էռ Հոթել» ընկերությունը գրանցված է Դերժավայի Արկադի հոր՝ Ստանիսլավ Համբարձումյանի անունով: Այստեղ Երեւանի պետական համալսարանի Հյուրերի տան շենքն է, ու տեղում, ինչպես ճարտարապետներն են ասում, Հյուրերի տան ճարտարապետությունն աղավաղվելով, կառուցվում է «Քրոուն պլազա» հյուրանոցը: Երեւանի պետական համալսարանի Հյուրերի տան շենքը 2,2 միլիարդ դրամով վաճառվել է հենց «Էս Էռ Հոթել» ընկերությանը, որն էլ շինարարությունը սկսել էր առանց Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվություն ստանալու:

«Էս Էռ Հոթել» ընկերությանը քաղաքապետարանը թույլ է տվել շինարարություն իրականացնել 2017-ի օգոստոսին, սակայն Համբարձումյանը շինաշխատանքները սկսել է 2017-ի փետրվարին, այսինքն՝ անօրինական:

Այս նույն հասցեի նկուղային հարկում էր գործում «Պիլսներ Հաուս Գարեջրատուն Ռեստորան»-ը՝ «Շանտան» ՍՊԸ-ն, որի սեփականատեր Հարություն Ղազարյանը «Էս Էռ Հոթել» ընկերության դեմ հայցով դիմել էր դատարան՝ ապօրինի շինարարությունը կասեցնելու պահանջով: Դատարանը մերժել էր: «Առավոտը» (18.05.2018 ) «Պատգամավորի հայրը ապօրինի շինարարություն է սկսել, ինչի արդյունքում քաղաքացին բիզնեսը կորցրել է» հրապարակմամբ անդրադարձել էր այս խնդրին:

Հիմա Հարություն Ղազարյանը դիմել է իրավապահ մարմիններին այլ պահանջով: Ղազարյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «Շանտան» ՍՊԸ-ի եւ Հարություն Ղազարյանի՝ նախկինում եղած բողոքները պատշաճ ընթացակարգով չէին քննարկվել. «Մասնավորապես, իր սկզբնական դիմումներում Հարություն Ղազարյանը նշել էր, որ կատարվել եւ կատարվում է ապօրինի շինարարություն, որի հետեւանքով ինքը վնաս է կրել: Ոստիկանության կենտրոնի հետաքննչական բաժանմունքում այդ դիմումով կատարված հետաքննության արդյունքներով որոշում էին կայացրել, որ ապօրինի շինարարությունը վարչական իրավախախտում է, հետեւապես քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Երբ Ղազարյանը դիմեց մեզ, բացատրեցինք, որ հետաքննությունը թերի է կատարվել, բայց ավելի նպատակահարմար է եւ բոլորի շահերից (այդ թվում նաեւ՝ արդարադատության) բխում է ոչ թե այս որոշումը բողոքարկելը, այլ նոր հիմքով, քանի որ օրենքն ասում է` նույն բողոքի շուրջ չի կարող քրեական գնահատական տրվել: Պետք էր բոլորովին նոր հիմքով եւ նոր առարկայով դիմել իրավապահ մարմիններին»:

Եվ ապա Ղազարյանն իր փաստաբան Սիրունյանի միջոցով դիմել է Երեւան քաղաքի դատախազին հետեւյալ հարցադրումներով՝ Հարություն Ղազարյանը եւ «Շանտան» ՍՊԸ-ն այդ տարածքը զբաղեցնելով՝ շինարարությունը սկսելու պահից ունեցել են թանկարժեք գույք, օրինակ՝ 3 հատ մարմարե բուխարի եւ այլ թանկարժեք գույք, որոնք այս պահին գոյություն չունեն: «Սա առնվազն ուրիշի գույքը ոչնչացնել է, եթե ոչ՝ հափշտակում»,- ասաց Սիրունյանը:

Փաստաբանն ասաց՝ քանի որ մինչ այդ իրենք ուսումնասիրություններ էին արել եւ մտահոգություն էին հայտնել Երեւան քաղաքի դատախազին, որ Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում հյուրանոցային համալիրը ձեռք բերելիս դրա քառակուսի մետրը 1400 դոլար գինը արժանահավատ չէ, չի կարող նման գին լինել, ուստի, ըստ Սիրունյանի, պետական գույքը վաճառվել է ակնհայտ ցածր գնով. «Հետո՝ շինարարությունը օրինական է, թե ոչ՝ մենք դրան չենք անդրադառնում առայժմ, քանի որ Ղազարյանը տարածքը զբաղեցնում էր ու փաստաթղթերով մինչ օրս զբաղեցնում է օրինական, ունի օգտագործման չդադարեցված պայմանագիր, եւ այդ տարիների ընթացքում զբաղվել է բիզնեսով, իսկ բոլոր փաստաթղթերն առկա են: Ամսական ունեցել է մաքուր եկամուտ՝ 8-10 հազար դոլար, սա կա հարկային փաստաթղթերում: Հյուրանոցի շինարարությունը սկսելով ու Ղազարյանի պայմանագիրը չդադարեցնելով, ավելին՝ դուռը նրա աչքի առջեւ փակելով ու քանդելով՝ այդ ընկերությունը տարեկան 80-100 հազար վնաս է տվել գործարարին: Սա Քրեական օրենսգրքի 214 հոդված ն է»:

Ալեքսանդր Սիրունյանի ներկայացմամբ՝ իրավապահ մարմիններին դիմելուց հետո կատարվել է հետաքննությունը, սակայն առայժմ քրեական գործ է հարուցվել միայն գույքը ոչնչացնելու փաստով. «Բայց ոչինչ, մենք դժգոհ չենք, սա ընդամենը նախաքննության սկիզբն է, կարեւորը արդեն արդյունք կա»:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ըստ ոստիկանության՝ «Շանտան» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Ղազարյանը հաղորդում եւ բացատրություն է տվել ոստիկանության Կենտրոնի բաժնում եւ հայտնել, որ «Էս Էռ Հոթել» ՍՊԸ-ի՝ Մաշտոցի պողոտա 52 հասցեում իրականացրած շինարարության արդյունքում ոչնչացվել է «Շանտան» ՍՊԸ-ի գույքը՝ պատճառելով 25 միլիոն դրամի նյութական վնաս:

Բացի այս, Ղազարյանն «Առավոտին» պատմել էր, որ այս շինարարության ընթացքում այլ վնասներ էլ է կրել, շինարարությունը խոչընդոտում էր իր բիզնեսի բնականոն գործունեությանը, բացի այն, որ վնասվում էր ռեստորանի գույքը, անջատել էին գազը, ջուրը, էլեկտրաէներգիան, եւ ի վերջո Ղազարյանը ստիպված դադարեցրեց իր բիզնեսը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031