Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռած է եղել հայկական պետության կայունության մեջ, ուստի այնտեղ կատարվողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ կապված ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների բնականոն աշխատանքի հետ, որոնց անդամակցում է Հայաստանը,- ասել է Լավրովը:- Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր այդ մտահոգությունները հասցրել ենք Հայաստանի ղեկավարությանը: Ակնկալում ենք, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կառուցողական ուղի դուրս կգա»:
Լավրովի խոսքով՝ այս տարվա մայիսին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ճգնաժամի ընթացքում Մոսկվան «մեծ բավականությամբ նկատեց, որ արդյունքում ճգնաժամին լուծում գտնվեց առաջատար բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ փոխզիջման արդյունքում»:
«Մենք հույս ունեինք, որ հենվելով նման արդյունքի վրա, բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին Հայաստանի նոր իշխանությունները, հետագայում էլ կորդեգրեն միավորիչ մոտեցումներ, կամրապնդեն ազգային համաձայնությունը»,- ասել է Լավրովը:
«Բայց վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են այդ դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջերս արված այն հայտարարություններին, որ իրենք մտադրություն չունեն կազմակերպել իրենց նախորդների հետապնդումներ քաղաքական շարժառիթներով»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Քոչարյանի 5-րդ՝ ամենաբարձրաստիճան փաստաբանը․․․