Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տանկ ունենք, արկ չունենք, այդ տակն ինչի՞ն է պետք». Ստեփան Պետրոսյան

Հուլիս 31,2018 20:52

«Այսօր կա քաղաքական կամք, որպեսզի բյուջեից արտահոսքեր չլինեն, բայց պետք է նաև արդյունավետ կառավարում իրականացնել: Գոնե ՀՀ վարչապետը պատկերացնում է դա, և այն, որ բյուջեի առավել արդյունավետ կառավարման մասին և կոռուպցիոն մեխանիզմները կոտրելու քաղաքական կամք է դրսևորել, արդեն ողջունելի է»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Նա փաստեց՝ նոր հեծանիվ հորինած չենք լինի, եթե արձանագրենք, որ ռազմաարդյունաբերությունը կառուցվում է փորձարկումների, արտադրության և գիտահետազոտական ինստիտուտների գործունեության վրա:

Ըստ նրա, եթե այդ օղակներից մեկը թույլ է, ապա ռազմարդյունաբերությունը կաղալու է: Այս առիթով պարոն Նահապետյանը հիշեցրեց ապրիլյան քառօրյա պատերազմը. «Ապրիլի ռազմական գործողությունները որոշակի ճշգրտումներ մտցրին: Ռազմարդյունաբերական ոլորտին բյուջեի հատկացումները պետք է նպատակային ծախսվեն, անցքերը պետք է փակվեն»:

Ըստ պարոն Նահապետյանի՝ ՀՀ-ն պետք է իր ռազմավարական դաշնակցի, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական դաշնակից երկրների հետ ունենա համալիր, համատեղ արտադրություններ: Օրինակ՝ Չինաստանը Հայաստանին դիտում է որպես ռազմավարական դաշնակից, քանի որ Թուրքիայի հետ խնդիր ունի:

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանո էլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը ցավով նշեց, որ խորհրդային միության փլուզումից հետո ՀՀ-ում էլ ամեն ինչ փոշիացրինք. «Մեծ մասը վաճառվեց, թալանվեց, մի մասը մնացել են, որոնք գտնվում են ՊՆ հսկողության տակ: Այդ գործարաններում ուղղակի ասելու բան չէ, թե ինչ վիճակ է: Ամբողջ շենքային պայմանները, սարքավորումները հնացած են, ֆինանսավորման, կադրերի պակաս կա: Գիտությունը, տեխնիկան, էլեկտրոնիկան Հայաստանում լճացման վիճակում են, էլ չասեմ, որ մահվան ճանապարհին: Գործարանները սեփականաշնորհել են, մեջի երկաթ մետաղը քանդել, թափել են: Դա թալան է, դա վաճառել չէ»:

Ըստ պարոն Պետրոսյանի՝ կցկտուր քայլերով առաջ գնալ չի լինի, պետք է համակարգված մոտեցում ցույց տալ: Նա նշեց, թե հանգելու ենք նրան, որ ՀՀ-ում ռազմական արդյունաբերության նախարարություն բացենք. ՊՆ-ում գիտակցել են, դրա համար էլ գործում է առանձին վարչություն:

Հայկ Նահապետյանն էլ մտահոգություն հայտնեց՝ սեփական զինամթերքի արտադրությունը մեզ մոտ թույլ է, իսկ Ադրբեջանը ինքնաբավ է. «Ադրբեջանը կարող է երկար ժամանակ պատերազմ մղել, մենք՝ ոչ: Մեր պատերազմ մղելը կախված է, թե ինչքան զինամթերք ունենք»:

Պարոն Պետրոսյանն էլ հավելեց. «Եթե տանկ ունենք, արկ չունենք, այդ տակն ինչի՞ն է պետք: Մենք փամփուշտ պիտի արտադրենք, ինչքա՞ն կարելի է առնել, բերել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031