Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի «յուրային-օտար» թեսթը Փաշինյանի համար. Վլադիսլավ Ինոզեմցև

Հուլիս 31,2018 21:21

Վերջերս Երևանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումը և գրավի դիմաց ազատ արձակումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի բլոգում գրում է Հետինդուստրիալ հասարակությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Ինոզեմցևը:

Չնայած պաշտոնական Մոսկվան բավականին կոռեկտ նշել է, որ այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնում մնալու է Երևանը, դժվար է ենթադրել, որ Կրեմլում մեծ համակրանքով են վերաբերում Հայաստանի նոր ղեկավարությանը:

Եվ պատճառն այստեղ այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ժողովրդական ցույցերը կործանեցին «ժառանգականության» սխեման, որը թերևս ռուսական քաղաքական էլիտայի կողմից դիտվում էր որպես հիմք Պուտինի «հավերժացման» համար: Պատճառը նաև այն չէ, որ Հայաստանում տեղի ունեցած ձևափոխումները լրջորեն դիպչել են ռուսական խոշոր բիզնեսի շահերին, որն այսօր բախվում է առավել էական մարտահրավերների: Բանն այն է, որ հայ բարեփոխիչները համարձակություն են ունեցել դիպչելու հետխորհդային տարածության «ամենասուրբ» երևույթին. իշխանության ներկայացուցիչների «բնական» իրավունքին՝ թալանելու ժողովրդից, երկրին վերաբերվելու ինչպես սեփականության, և դրանով իսկ մնալու միանգամայն անպատիժ, գրում է վերլուծաբանը:

Նման իրավիճակը երեկ չէ ձևավորվել, և ոչ էլ Պուտինի ազդեցության տակ: Նորահայտ անկախ պետության հարստությունները միանձնյա տնօրինելու ցանկությունը եղել է այն նախնական շարժառիթը, որ կանգնած է եղել այն ժամանակվա առանձին խորհրդային հանրապետությունների, եթե ոչ առաջնորդների, ապա դրանց քաղաքական էլիտաների առաջ: Եվ հետխորհրդային հենց առաջին տասնամյակում «նոր կարգը» ձևավորվել էր ամենուր, իսկ այն, ինչ եղավ հետո, կարելի է գնահատել ընդամենը դրա կոնսոլիդացիա: Քաղաքականությունը դարձավ համարժեք փողին, իսկ շատ դեպքերում՝ կրիմինալին: Ռուսաստանն այդ ֆոնին առանձնանում է միայն «գրաված» ակտիվների մասշտաբով և իր հավատարմությամբ այն համախոհներին, որոնք գնալով ավելի շատ են իր մեջ տեսնում իրենց «երկրորդ հայրենիքը»:

Կրեմլի «յուրային-օտար» համակարգն անսխալ կերպով ճանաչում է թշնամիներին: Միակը, ում Կրեմլը չի կարող ներել և երբեք չի ների, Միխեիլ Սաակաշվիլին է, և առաջին հերթին ոչ թե Օսիայի պատերազմի (որից Մոսկվան միայն շահեց՝ առիթ ունենալով ներխուժել Վրաստան), այլ կոռուպցիայի և կրիմինալի դեմ նրա ծայրահեղ պայքարի համար ոչ միայն իր հայրենիքում, այլև (ավելի քիչ արդյունավետ) դրա սահմաններից դուրս: Անգամ Ուկրաինան այսօր չի ընկալվում որպես սպառնալիք. Պյոտր Պորոշենկոյի իրական նպատակները չափազանց անհասկանալի են, նրա շրջապատի աշխատանքի մեթոդները նույնպես, իսկ այսօրվա նախագահական վարկանիշում առաջատար, ուկրաինական կոռուպցիայի «տատիկ» Յուլյա Տիմոշտնկոյին Ռուսաստանի առաջնորդները երկար են սպասել: Եվ այդ ֆոնին Հայաստանի նոր վարչապետը, չնայած որ գրեթե ամեն շաբաթ հյուրընկալվում է Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում, «յուրային» չի թվում: «Մոսկվան խելամտորեն ուշադրություն չդարձրեց (համենայն դեպս առայժմ) նրա իշխանության գալու մեթոդի վրա, բայց վախենամ Կրեմլի ծրագրերի մեջ չի մտնում այն, որ Հայաստանը վերածվի բնականոն գործունեություն ունեցող, չկոռումպացված պետության՝ մրցակցային տնտեսությամբ և հասկանալի գործընթացով փոխվող իշխանությամբ: Մոսկվան կարող է ծայրահեղ շահագրգռված լինել պահպանելու քաղաքական և ռազմական ներկայությունն Անդրկովկասում, և պատրաստ է դրա դիմաց ինչ-որ բան զոհել. բայց ոչ իր համար միակ ընդունելի համակարգի տապալման գնով»,- գրում է Ինոզեմցևը:

Ռուսաստանի հետ կապերը (ընդ որում ոչ միայն ռազմաքաղաքական, այլև առաջին հերթին տնտեսական) չափազանց կարևոր են Հայաստանի համար, և Երևանում դա կարծես թե հասկանում են: Դրանք պետք է փորձել պահպանել, բայց պետք չէ հույս ունենալ, որ ազնիվ քաղաքական գործչի համար տեղ կգտնվի այն «կլոր սեղանի» շուրջ, որին նրան առայժմ մոտ են թողնում:

«Օտարի» ի հայտ գալու մասին ազդանշանը հնչում է թեև ոչ բարձր, բայց վաղուց այն հասել է բոլոր նրանց, ում համար նախատեսված էր: Մոսկվայում դեռ հույս ունեն, որ Փաշինյանը «կմաքրի հաշիվներն» իր թշնամիների հետ (դա նույնպես տեղավորվում է հետխորհրդային քաղաքականության ավանդույթների մեջ, և հետևաբար, կարող է համարվել նորմալ) և կշարժվի աշխարհի այդ հատվածի երկրների առաջնորդներին բնորոշ ճանապարհով: Բայց եթե այդ տարբերակը չի մտնում Հայաստանի նոր իշխանությունների ծրագրերի մեջ, նրանք պետք է արդեն սկսեն մտածել ապագայի մասին:

«Ինձ թվում է, այդ ուղղությամբ մտքերը պետք է կենտրոնացված լինեն երկու առաջադրանքների վրա: Մի կողմից, առավելագույն կերպով արագ տնտեսական բարեփոխումներ (քանի որ միամտություն կլիներ ենթադրել, որ երկրի խնդիրները կլուծվեն միայն կոռուպցիան կանխելով…), որոնք դեռ չեն սկսվել և թերևս մինչև նոր ընտրություններ չեն էլ սկսվի չսկսվեն:

Մյուս կողմից՝ հեռանալ էթնիկ պետության մոդելից, երբ երկրի ղեկավարությունը հույսը դնի սփյուռքի վրա, իսկ արտասահմանում հանդիպումներ ունենա բացառապես բիզնեսում, գիտության և մշակույթում հաջողությունների հասած հայրենակիցների հետ: Արդյո՞ք դա կհաջողվի Հայաստանի նոր ղեկավարությանը: Ցանկանում եմ հավատալ: Բայց պետք չէ մոռանալ, որ այդ պարագայում մնալ «յուրային» Ռուսաստանի քաղաքական էլիտայի համար, նրանց մոտ, հավանաբար, չի ստացվի…»,- եզրափակում է Վլադիսլավ Ինոզեմցևը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031