Ամուլսարի պահապանների հայտարարությունը հրդեհի առնչությամբ
Երեկ՝ հուլիս 30-ին, Ամուլսարի մոտակայքում հրդեհ էր բռնկվել: Ժամը 16:10-ին Գնդեվազ գյուղի դիմացի բլրի հետևից նկատել ենք ուժեղ ծուխ և կասկածել, որ հրդեհ է սկսվել: Անմիջապես զանգահարել ենք հրշեջ ծառայություն և Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գիծ՝ հաղորդում տալու արտակարգ իրավիճակի մասին: ԱԻՆ-ում պատասխանեցին, որ արդեն տեղյակ են, և որ հրդեհ է բռնկվել Սարավան գյուղի կողմում:
Դրանից հետո շուրջ չորս ժամ հրդեհի մարման աշխատանքներ են ընթացել: ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է «18:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 3 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 4 ջրատար ավտոմեքենա, 12 հրշեջ-փրկարար ազատ հերթափոխից, 30 քաղաքացի և 5 բնապահպան: Ժամը 20:19-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է, ժամը 20:30-ին՝ մարվել»:
Այս նույն ընթացքում, ժամը 18:10-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը սրան հակասող տեղեկատվություն է տարածել, որում «Լիդիան Արմենիա ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը մարելու նպատակով, քանի դեռ այն չի հասել առավել մեծ մասշտաբների և անվերականգնելի վնասներ չի պատճառել շրջակա միջավայրի և ընկերությանը»: Լիդիանն այսօր նույնպես շարունակել է տարածել ապատեղեկատվություն՝ մամուլին ուղարկած հաղորդագրության մեջ բառացի գրելով հետևյալը․ «Հրդեհի բռնկումից մի քանի ժամ անց միայն ԱԻՆ աշխատակիցների հետ տարածքի ապօրինի շրջափակումը շրջանցած Լիդիանի աշխատակիցների եւ ԱԻՆ համատեղ ջանքերով, օգտագործելով Լիդիանի համապատասխան տեխնիկան, հնարավոր եղավ մարել հրդեհը»։
Փաստորեն, Լիդիանի աշխատակիցները տեղյակ չեն կամ գիտակցաբար ապատեղեկատվություն են տարածում այն մասին, իբր քաղաքացիները խոչընդոտում են հրդեհաշիջման աշխատանքներին, այնինչ հրդեհաշիջման աշխատանքներին մեծ մասնակցություն են ունեցել նաև Ամուլսարի պահապաններն ու տեղացիները: Ավելին, նաև Լիդիան Արմենիայի ֆեյսբուքյան էջից հեռացվել են բոլոր այն մեկնաբանությունները, որոնցում տեսանյութեր ու գրառումներ են եղել այն մասին, թե ինչպես են տարբեր մարմիններ առանց խոչընդոտի մտնում տարածք: Նշենք, որ հրդեհը սկսվել է Սարավան գյուղի կողմից. այս տարածքում գոյություն ունի հանքավայր մուտք գործելու մեկ ճանապարհ, որը մեր վերահսկողության ներքո չի և Լիդիանն ազատ ելումուտ ունի այնտեղ:
Հրդեհի մասին ահազանգելուց հետո ամբողջ օրվա ընթացքում առանց խոչընդոտների տարածք են մտել Լիդիանի, ԱԻՆ-ի, հրշեջ ծառայության և մարզպետարանի ներկայացուցիչներ: Նրանց բոլորի մուտքը տեսանկարահանվել և լուսանկարվել է: Ի դեպ, Լիդիանի մասնագետներին բերող մեքենաների թվում եղել է մեկ մեքենա ռուսական պետհամարանիշներով:
Նշենք նաև, որ ավելի վաղ Ամուլսարի պահապանների կողմից կրկին տարածվել էր այն հայտարարությունը, որ մենք որևէ կերպ չենք խոչընդոտում Լիդիանի ներկայացուցիչների մուտքը տարածք, եթե դա արվում է բնապահպանական մոնիտորինգի կամ վթարների վերացման նպատակով, սակայն վստահության բացակայության կոնտեքստում նրանք կարող են մտնել միայն մեր կամ երրորդ ոչ շահագրգիռ կողմի ուղեկցությամբ և աշխատանքները պիտի տեսանկարահանվեն:
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն