Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները բոլորովին նոր չեն. մարտի 1-ից հետո քանիցս խոսվել է այն մասին, որ տեղի է ունեցել հանցագործություն, սահմանադրական կարգի խախտում:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Դիլբարյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, հայտարարեց. «Հիմա մենք տեսնում ենք քաղաքական հրաձգություն, բայց չենք ստանում հստակ իրավական պատասխան: Միայն հստակ է այն, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով: Իսկ դրա մեջ որևէ ողբերգական բան չկա: Անկեղծորեն նրան մաղթում եմ արդարադատություն: Քաղաքական ուժերն էլ ամեն ինչ փորձում են քաղաքականացնել, բայց հասարակությունը դրան չպետք է տրվի»:
Ըստ Տիկին Դիլբարյանի՝ հարցը քաղաքականացնելը գալիս է հենց Ռոբերտ Քոչարյանից. «Այդ մարտավարությունը հենց նա որդեգրեց: Գուցե նրա համար անսպասելի էր, որ ինքը ոչ թե որպես վկա, այլ մեղադրյալ է ներգրավվում, ինչը հին մարտավարություն է, որը կիրառվում էր հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Նրա ռեակցիան, որ ինքը քաղհալածյալ է և ինքն ուզում էր վերադառնալ քաղաքականություն, իսկ իրեն ուզում էին հեռացնել, այդ հայտարարությունն այնքան էլ համոզիչ չէին: Մարտի մեկը որևէ կապ չունի քաղաքականություն վերադարձի հետ: Հիմա էլ Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ քաղաքականություն: Գուցե, եթե այս հարցերը հանգուցալուծվեն, կարող է դա օգտակար լինել հենց Ռոբերտ Քոչարյանի համար»:
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը պետության իմիջի վրա բացասական կազդի. «Բացասական ազդեցություն է ունենում երկրի վարկանիշի վրա ընդհանրապես ճանաչված մարդկանց նկատմամբ մեղադրանք առաջադրելը: Բայց այս հարցը իրոք կախված էր, դա պիտի լիներ՝ գուցե հենց Ռոբերտ Քոչարյանի շահերից ելնելով, քանի որ այդ էջը միշտ պիտի բացվեր, փակվեր: Այստեղ հասարակական պահանջի, հասարակական կարծիքի խնդիր կա: Այսօր հասարակության մեծամասնությունը Մարտի 1-ը կապում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Եթե ժողովրդի կողմից պահանջարկ կա, ուրեմն պիտի սկսել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ