Լրահոս
Օրվա լրահոսը

«Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը Նիկոլ Փաշինյանի վրա մեծ է, հանդիպումից հետո դոզան ավելացել է». Արամ Հարությունյան

Հուլիս 31,2018 19:25

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական պատվեր է:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Արամ Հարությունյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանից վախենում էր նաև Սերժ Սարգսյանը. «Սերժ Սարգսյանն էլ էր վախենում Ռոբերտ Քոչարյանից, և տասը տարի հակաքարոզչություն է արել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ միայն ՀՀՇ-ական, այլև իշխանական մամուլը: Պատահական չէ, որ մարտի 1-ի հարցը բարձրացվեց. լսումների մասին է խոսքը, երբ հայտարարվեց, թե Ռոբերտ Քոչարյանը պետք է կանչվի հարցաքննության»:

Պարոն Հարությունյանը չբացառեց, որ կարող էր քաղաքական իրավիճակն այնպես դասավորվել, որ Ռոբերտ Քոչարյանը կդառնար վարչապետի թեկնածու: Ըստ Արամ Հարությունյանի՝ ավելի համոզիչ կլինի մեղադրել Քոչարյանին Հենրիի սպանության մեջ, երբ 11 տարեկան է եղել, քան սահմանադրական կարգը խախտելու մեջ. «Ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգ խախտել: Այդ մարդը եղել է նախագահ այդ օրերին: Բայց մենք բոլորս հիշում ենք այն ձայնագրությունը, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը, իմանալով, որ տաս զոհ կա, ասում է՝ ես երբեք այդքան հանգիստ չէի քնել»:

Ըստ Արամ Հարությունյանի՝ կարևոր է, որ ամեն ինչ կատարվի իրավական դաշտում: Այնուհետև պարոն Հարությունյանը հայտարարեց. «Մեր բանավեճը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ է, նրա համակարգի հետ: Մոռացե՞լ են, որ Տեր-Պետրոսյանի օրոք եղել է Վանո Սիրադեղյան, գործել է կիլերների խումբ, որոնք գործն անելուց հետո գնացել են ՀՀՇ գրասենյակ: Ես չգիտեմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ օրերին գրասենյակում թիթե՞ռ էր նկարում:Ակնհայտ է, որ այդ պատվերը եղել է առաջին նախագահի կողմից: 1996-ի մասին փորձում են չխոսել, քանի որ այն ժամանակ այդքան ԶԼՄ չկային: Բայց մարդիկ մոռացե՞լ են 96-ի դեպքերը, երբ ուղիղ եթերում պատգամավորներին ծեծում էին, երբ տանկեր էին քաղաքում: Ես շտապօգնություն էի կանչել ծեծված վիճակում, չէին թողնում, որ մոտենա»:

ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի կարծիքով, ընդհակառակը, հասունացել էր Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության կանչելու ժամը. «Հասունացել էր այն ժամը, երբ Ռոբերտ Քոչարյանը պիտի կանչվեր պատասխանատվության: Սա նոր իշխանության ամենամարդասիրական քայլն եմ համարում: Այդպիսի անձինք պատիժ ստանալուց հետո այլևս կցուցադրեն այն իրողությունը, որ որևէ երկրի ղեկավար իրավունք չունի օրենք խախտելու, առավել ևս տապալելու սահմանադրական կարգը»:

Գրականագետ Դավիթ Գասպարյանի համոզմամբ՝ մարտի 1-ն անպայման պիտի բացահայտվի. «Պետք է բացահայտվի նաև, թե ովքեր մեր երկիրն այս թշվառ օրվան հասցրին, այդ բոլորը պիտի պատասխան տան: Մարտի մեկի հետ կապված ցավում եմ. մահ կա, ամեն ինչ պիտի բացահայտվի»:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարություններին, մասնավորապես, թե 1937 թվականն է հիշեցնում այս ամենը, պարոն Գասպարյանն արձագանքեց. «1937 թիվն ուրիշ բան էր, իսկ սա մաքրագործման ճանապարհ է»:

Արամ Հարությունյանն էլ հավելեց, թե չի նախանձում Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլ Փաշինյանին չեմ նախանձում, ինքը չի կարողանում ազատվել ՀԱԿ-ից, չնայած 2016-ին դուրս եկավ: Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը մեծ է, հանդիպումից հետո դոզան մեծացել է: Նաև Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը պիտի հարցաքննվեն»:

Արամ Հարությունյանը զգուշացրեց՝ իրենց աղբյուրների հաղորդած տվյալներով՝ ԱԱԾ-ն հետաքրքրված է իրենով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031