Լրահոս
Օրվա լրահոսը

Առերևույթ չարաշահումների դեպքեր են բացահայտվել սոցիալական ծառայության Վանաձորի և Սպիտակի տարածքային գործակալություններում

Հուլիս 31,2018 19:35

Լոռու մարզի դատախազությունում հերթական քրեական գործերն են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների  տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր  քաղաքի Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետների կողմից սպասարկման տարածքում հաշվառված մի շարք քաղաքացիներից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու վերաբերյալ:

Բացի այդ, Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում են տվել այն մասին, որ 2008-2018թթ.,  տարբեր ժամանակահատվածներում, Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության  մի քանի մասնագետներ իրենց ընտանիքին հասանելիք նպաստը ստանալու համար պահանջել և ստացել են յուրաքանչյուր տարվա մեկից մինչև չորս  ամսվա նպաստի գումարը:

Այս հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ նաև առ այն, որ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետը, 2012-2017թթ. իր սպասարկման տարածքների սոցիալական անապահովության նպաստից օգտվող 7 բնակիչներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պահանջել և ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 1.058.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Առկա են տվյալներ՝  որ նույն բաժնի մասնագետները 2008-2017թթ. նույնպիսի գործողություններ են կատարել սոցիալական անապահովության նպաստից օգտվող 4 շահառուների օգտին՝ դրա դիմաց պահանջելով և ստանալով խոշոր չափերի՝ 769.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Բացի դրանից, ըստ նախապատրաստված նյութերի, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցները նախնական համաձայնության են եկել «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ և, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց 2 անձանց գիտության, տարածքային գործակալության համակարգչային բազայում վերջիններիս սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, նրանց անվամբ ապօրինի ձևակերպել են ընտանեկան նպաստներ: Ապա` գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով կազմել են կեղծ ցուցակներ և անձամբ ստանալով՝ խարդախության եղանակով հափշտակել նրանց անվամբ ելքագրված զգալի չափերի՝ 348.000 ՀՀ դրամ գումարը:

Միաժամանակ, ձեռք բերված առերևույթ փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, իրենց լիազորությունների շրջանակում  բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու միջոցով անչափահաս Մ. Ռ.-ին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը սահմանելու և արդյունքում հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար, 2018 թվականի մարտ ամսին  վերափորձաքննության ժամանակ, որպես կաշառքի միջնորդ հանդես եկող աշխատակցի միջոցով, պահանջել են 80.000 ՀՀ դրամ կաշառք:

Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի,  3121-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նույն ժամանակահատվածում Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի 2 բնակչի կողմից ներկայացված հաղորդումների առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ  Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության առաջատար մասնագետը 2009-2017թթ. իրենց սպասարկման տարածքներում բնակվող 2 շահառուներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստի վճարումը չդադարեցնելու դիմաց ինչպես անձամբ, այնպես էլ օպերատորի միջոցով պահանջել և ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 1.227.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ  ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ  կետի և  3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Երկու քրեական գործերն էլ նախաքննություն իրականացնելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. ​  ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031