Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստակցական միությունները պետք է լինեն հզոր և անկախ

Հուլիս 31,2018 20:40

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» կառավարություն – քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողովը:

Ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հայտնեց, որ այս ծրագրի միջոցով կամուրջ է ստեղծվում քաղհասարակական կազմակերպությունների և կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ կառուցողական երկխոսություն սկսելու և իրենց առջև դրված նպատակներն առավել արդյունավետ իրականացնելու  համար:

Կարեն Զադոյանի խոսքով, աշխատողների իրավունքները պաշտպանելուն կոչված արհեստակցական միությունների գործունեության ոլորտում օրենսդրական բարեփոխումների և դրանց զարգացման նպատակով կազմակերպված քննարկումների արդյունքում կքարտեզագրվեն ողջ խնդիրներն ու դրանց լուծումների վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը:

Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը կարևորելով այս ոլորտին անդրադարձն ու նման միջոցառման կազմակերպումը, նշեց. «Քաղաքացիական հասարակության և կառավարության երկխոսությունը լուրջ արդյունք կտա մեր գործունեության ընթացքում: Արհմիությունները թափանցիկ են, պատրաստ են համագործակցության»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը  նշեց, որ կառավարության տեսլականն է ունենալ անկախ և հզոր արհմիություններ. «Նրանց զարգացման առաջնահերթ պայմաններից են նրանց անկախությունը, նրանց նկատմամբ վստահության մակարդակի բարձրացումը, ինչի արդյունքում կընդլայնվեն աշխատողների իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակները»:

Միջոցառման ընթացքում անցկացվեցին նաև չորս պանելային քննարկումներ՝ Հայաստանում արհմիութենական շարժման ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, աշխատանքային օրենսդրության Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիաներին համապատասխանության, Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման հեռանկարների,  սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ:

Համաժողովը կազմակերպվել է ծրագրի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ՝  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի հետ համատեղ:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031