ՈՒԵՖԱ-ի «Երեխաների Համար» հիմնադրամ բարեգործական մրցույթի հաղթող է ճանաչվել «Նվիրիր կյանք» հայկական բարեգործական հիմնադրամը: Մրցանակը հաղթող կազմակերպությանը հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
ՈՒԵՖԱ-ի «Երեխաների Համար» հիմնադրամը ստեղծվել և իր գործունեությունը սկսել է 2015 թ. ապրիլի 24-ին: Հիմնադրամի ամենամյա մրցանակը խրախուսում է սպորտային կամ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվող բարեգործական կազմակերպություններին, որոնք ձգտում են բարելավել երեխաների կենսամակարդակը: Հիմնադրամը հաղթող կազմակերպությանը ընտրում է մրցութային կարգով՝ խորհրդակցելով ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների հետ:
Ասոցիացիաներն իրենց հերթին մրցույթի թեկնածուներին պետք է ընտրեին ՈՒԵՖԱ-ի «Երեխաների Համար» հիմնադրամի չափորոշիչների համաձայն՝ թեկնածուների գործունեության թափանցիկություն, պարտադիր տարեկան ֆինանսական միջազգային ստանդարտներով աուդիտ, էթիկական կոդի պահպանումը և այլն:
Հաշվի առնելով ՈՒԵՖԱ-ի կողմից առաջադրվող բոլոր պահանջներն ու չափորոշիչները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս տարի նույնպես ընտրեց և ներկայացրեց «Նվիրիր կյանք» կազմակերպության թեկնածությունը:
«Նվիրիր կյանք» կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակադրվելով աջակցել օնկոլոգիայով, հեմատոլոգիայով և այլ լրջագույն հիվանդությունների դեմ բուժվող երեխաներին և օգնել Հայաստանի տարբեր վայրերում գտնվող երեխաներին ստանալ լիակատար բուժում: ՀՖՖ-ն տարիներ շարունակ կազմակերպության ակտիվ աջակիցներից է և վերջին 4 տարվա ընթացքում նվիրաբերել է մոտ 50 միլիոն դրամ: Բացի ֆինանսական աջակցությունից, ՀՖՖ-ն ցուցաբերում է նաև բարոյահոգեբանական աջակցություն. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները բազմիցս այցելել են Հեմատոլոգիայի կենտրոն, որտեղ երեխաներն անցնում են բուժման կուրսեր:
ՀՖՖ-ն ուրախ է հայտարարել, որ հենց «Նվիրիր կյանք» կազմակերպությունը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի «Երեխաների Համար» հիմնադրամի մրցույթի հաղթող և արժանացել 50 հազար եվրո պարգևին, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով փոխանցվեց կազմակերպությանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա