Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը Տեր-Պետրոսյանի ազդեցության ներքո է գործում». Հակոբ Ավետիքյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին

Հուլիս 31,2018 16:24

«Ինձ մտահոգում է անհանդուրժողականության մթնոլորտը՝ այլակարծության մերժումը, որն ընդհանուր միտում է»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման շուրջ հասարակական արձագանքներին, ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: «Կարծես Տեր-Պետրոսյան-Քոչարյան հակամարտությունը շարունակվում է: Ատելության մթնոլորտ կար, որը հիմա էլ եմ տեսնում: Մամուլի վրա ճնշումները զգալի են»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքին, թե նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգ է տապալել, Հակոբ Ավետիքյանն ասաց. «Այդ ձեւակերպումը համոզիչ չէ, միաժամանակ՝ մտահոգիչ: Գուցե հետագայում ավելի լայն բնորոշումներ լսենք եւ փաստեր տեսնենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը համարո՞ւմ եք վենդետա՝ ՀՀ նոր իշխանությունների կողմից»: Հակոբ Ավետիքյանը պատասխանեց. «Եթե անգամ անձամբ Նիկոլ Փաշինյանի մոտ «վենդետա» չկա, նա գտնվում է մի անձի ազդեցության ներքո, որը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որն անընդհատ ատելություն եւ վրեժխնդրություն է արտաշնչում, նրա բոլոր քայլերը դրան են հանգեցրել: Այս ամենից լավ հետեւանք չեմ զգում»:

Հակոբ Ավետիքյանն այնուհետեւ նշեց, որ Սահմանադրությամբ՝ նախկին նախագահը չի կարող մեղադրվել այն գործողությունների համար, որոնք բխել են իրեն սահմանադրությամբ վերապահված լիազորություններից. «Այս առումով ինձ համար անհեթեթ է թվում կալանավորման փաստը: Եթե նա արտակարգ դրություն է մտցրել, դա բխում է իր իրավասություններից, եւ դրա համար նրան չի կարող մեղադրանք առաջադրվել: Կարծում եմ՝ կալանքի որոշումը սխալ էր: Նույնը կարող եմ ասել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մասին»:

Հակոբ Ավետիքյանին չի գոհացնում Խաչատուրովին փոխարինելու գործընթացի շտապողականությունը. «Դա անվտանգության խնդիր է: Այդ պաշտոնը մեզ համար կարեւոր է՝ առնվազն այն առումով, որ մեր իշխանությունները տեղյակ լինեն ՀԱՊԿ դաշնակիցների հետ կատարվող իրադարձությունների մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գուրգեն says:

    Իրավիճակը շատ պարզ է: Իշխանության են եկել նեո-ՀՀՇ-իստները: Մնացածը տեխնիկական հարցեր են:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031