Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպմանը հայտարարեց. «Իսկ ո՞վ է ֆինանսավորել մեր հեղափոխությունը. Սա շատ կարեւոր հարց է…Մենք հրապարակել ենք հաշվետվությունը, թե ով է ֆինանսավորել, ես ափսոս տոկոս չեմ հանել, բայց համոզված եմ՝ այդ ֆինանսավորման մոտավորապես կեսը եկել է ՌԴ-ից՝ Ռուսաստանի հայերից: Սախալինից քայլարշավի ընթացքում ինձ զանգել են ու գումար են փոխանցել մեզ, երբ մենք Լոռու մարզ չէինք մտել: Ամենամեծ ֆինանսավորողը մեր հեղափոխության եղել է Ռուսաստանի հայությունը, այստեղ ոչ մի կասկած չկա: Մենք աշխարհագրությունը չենք հրապարակել՝ սխալ ենք արել: Մեր ամբողջ հեղափոխությունը ֆինանսավորել է 90 տոկոսով սփյուռքը, եւ այդ 90 տոկոսի մեջ առնվազն 50 տոկոսը եղել է Ռուսաստանի հայերինը, եթե ոչ ավելի: Պետք է վերլուծությունն անել ու հրապարակել: Երկրորդը եղել է ԱՄՆ-ն, Եվրոպան, բայց ամենամեծ բաժինը միանշանակ եղել է Ռուսաստանի հայերը»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանը մեր հարցին՝ ֆինանսավորման աշխարհագրությունը երբ բացում է Փաշինյանը, սրանից կարո՞ղ ենք եզրակացնել, որ ավելի շատ ռուսական գիծ կա այս հեղափոխության մեջ՝ պատասխանեց. «Այստեղ երկու բան կարելի է ասել. առաջինն այն է, որ նրանք Ռուսաստանի այն հայերն են, որոնք դժգոհ են եղել Սերժ Սարգսյանի իշխանությունից եւ այստեղից գնացել են՝ փորձելով պաշտպանել իրենց բիզնեսը, փորձելով իրենց պաշտպանել այդ իշխանության ժամանակ: Եվ, բնականաբար, նրանց խնդիրը պետք է լիներ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը եւ այդ պրոցեսները ֆինանսավորելը: Սա նկատվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի գործողություններում, որովհետեւ խնդիրը այդ իշխանության վերացումն էր եւ նորի կառուցման մասին դեռ խնդիր դրված չի: Երկրորդ կարեւոր գործոնն այն է, որ Ռուսաստանում ցանկացած բիզնես, քիչ թե շատ լուրջ բիզնես գտնվում է պետության «ակնդետ ուշադրության» տակ: Այսինքն, բոլոր լուրջ բիզնեսներն այնտեղ պետության կողմից վերահսկվում են եւ այդ առումով բնական է՝ Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող հեղափոխությունը չէր կարող հակառուսական արդյունք ստանալ: Արդյունքը բնականաբար պետք է լիներ այն, ինչ ունենք»:
Խոսելով հայկական հեղափոխության վրա Պուտինի ազդեցության մասին՝ Աղասի Ենոքյանն ասաց. «Քանի որ հստակ քաղաքական գերակայություններ դրված չեն, մասնավորապես՝ արտաքին քաղաքական, Փաշինյանի թիմը մի բան հստակ գիտի, որ Ռուսաստանը կարող է մեծ պրոբլեմներ ստեղծել եւ մեծ վնասներ ստեղծել Հայաստանի համար եւ այդ պատճառով հիմնական քաղաքական գիծը, որ իրենք բռնել են, դա Պուտինին չջղայնացնելն է: Այսինքն, այստեղ լուրջ համադրում չկա Հայաստանի շահերի, Ռուսաստանի շահերի, ապագայի տեսլականի: Հիմա գոնե օպերատիվ մակարդակով այդ գիծն է առաջ տանում եւ երեւի թե միշտ չէ, որ ստացվում է: Մի թարմ օրինակ բերեմ՝ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ չխորհրդակցելով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ քրեական հետապնդում սկսելը եւ նրան հետ կանչելը, կարծում եմ, իսկապես ջղայնացրել է Պուտինին եւ մյուս գործընկերներին: Դա ուղղակի մի թարմ օրինակ է: Քանի որ չկա ընդհանուր ուղղություն, կարող են լինել եւ նման կազուսներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ