«ՀՀ նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Դրանք անվավեր են: Համապատասխան տեղեկատվությունը մենք փոխանցել ենք սահմանապահ ծառայությանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նշեց, որ որոշ նախկին պաշտոնյաներ՝ պատգամավորներ, նախարարներ, նախարարի աշխատակազմի նախկին աշխատակիցներ արդեն իսկ ԱԳՆ-ին են վերադարձրել դիվանագիտական անձնագրերը:
Տիգրան Բալայանն անդրադարձավ նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկիի վերջին հայտարարություններից մեկին, թե ԵՄ-ի կողմից ՀՀ-ում 110 միլիոն եվրոյի ծրագրեր պետք է իրականացվեին դեռեւս նախորդ տարի, այսինքն՝ դեռ այդչափ ֆինանսավորվելիք ծրագրեր կան: «Մենք շահագրգռված ենք օգտվել «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքից: Ներկայումս մշակվում են ծրագրեր՝ ԵՄ-ի հետ գործակցությունն ավելի խորացնելու համար»,-տեղեկացրեց Տիգրան Բալայանը:
Նրա գնահատմամբ՝ Եվրամիության գործընկերներին Հայաստանն ավելի շատ հնարավորություններ պետք է ընձեռի՝ իր զարգացմանը նպաստելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ