Արցախյան հակամարտության հարցով ՀՀ-ի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն դեռ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Վերջնական պայմանավորվածություն չկա, թեեւ Բրյուսելում արտգործնախարարների առաջին հանդիպմանը նման հարց քննարկվել է»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպմանը, Տիգրան Բալայանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է պատրաստակամությունը, սակայն այդ հանդիպման մասին պայմանավորվածություն այս պահին չկա»:
ԱԳՆ խոսնակի բնորոշմամբ՝ այդ հանդիպումն ինքնանպատակ չի կարող լինել. «Այն բովանդակային պետք է լինի՝ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների վերահաստատման համատեքստում: Դա հնարավորություն կտա ապահովել այնպիսի պայմաններ, որպեսզի խաղաղության հաստատման գործընթացում առաջընթաց արձանագրվի»:
Հիշեցնենք, որ արդեն հաստատված է սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովին:
https://www.facebook.com/aravot.am/videos/2108777825807388/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ