Վրաստանը դարձել է հետխորհրդային տարածքի առաջին երկիրը, որտեղ լիարժեք կերպով օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարեց «Գիրչի» կուսակցության անդամներ Զուրաբ Ջափարիձեի և Վախթանգ Մեգրելիշվիլիի հայցը և հակասահմանադրական ճանաչեց մարիխուանայի օգտագործման համար ցանկացած պատժի կիրառումը, գրում է «Նովոստի Գրուզիան»:
2017թ. նոյեմբերի 30-ին Սահմանադրական դատարանը վերացրել էր քրեական պատիժը մարիխուանայի օգտագործման համար՝ «Գիրչիի» համապատասխան հայցը վերանայելուց հետո: Ապաքրեականացումից հետո ուժի մեջ էր մնացել միայն վարչական տուգանքը, որը հանելու համար «Գիրչին» դատարան էր դիմել նոր հայցով:
Զուրաբ Ջափարիձեն, որը աշնանը պատրաստվում է առաջադրվել որպես նախագահի թեկնածու «Գիրչի» կուսակցությունից, հայտարարել է, որ ինքը և իր համախոհները կհասնեն մարիխուանայի լիարժեք օրինականացմանը, այդ թվում դրա աճեցման և վաճառքի մասով:
«Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ մարիխուանայի օգտագործումը չի կարող պատժվել ո՛չ Վարչական, ո՛չ էլ Քրեական օրենսգրքով: Դրանից տրամաբանորեն հետևում է, որ մարդիկ պետք է օրինական ճանապարհ ունենան ձեռք բերել մարիխուանա, գնել այն, մշակել: Ուստի ես կարծում եմ, որ դա ժամանակի հարց է: Ես կարծում եմ, որ վրացի խորհրդարանականները պետք է որոշում կայացնեն և փոխեն մարիխուանային վերաբերող ամբողջ օրենսդրությունը: Ես կարծում եմ, որ Վրաստանում շուտով կթույլատրեն ոչ միայն օգտագործումը, այլև մշակումն ու իրացումը, ինչպես, օրինակ, «քոֆիշոփերում», և ես կարծում եմ՝ դա կարվի մոտ ապագայում»,- ասել է Ջափարիձեն:
Սահմանադրական դատարանի՝ մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու որոշումը բուռն քննարկումների և բազմաթիվ հարցերի տեղիք է տվել Facebook սոցցանցի վրացական սեգմենտում: Իրավաբան Գեորգի Չիթիձեն պատասխանել է որոշ հարցերի.
1.Լիարժեք կերպով օրինականացվել է միայն մարիխուանայի օգտագործումը:
2.Ազատազրկմամբ չի պատժվում մինչև 70 գրամ չոր մարիխուանայի օգտագործումն ու պահումը:
3.Ազատազրկմամբ չի պատժվում մինչև 100 գրամ մարիխուանայի հումքի ձեռքբերումն ու պահումն անձնական նպատակներով:
4.Ազատազրկմամբ չի պատժվում մինչև 151 գրամ կանեփի աճեցումն ու մշակումը:
5. Ի տարբերություն ծխելու՝ մինչ այժմ դեռ Վարչական օրենսգրքի համաձայն տուգանք է նախատեսվում մարիխուանա ձեռք բերելու, պահելու և մշակելու համար:
6.Այսինքն` եթե ձեր գրպանում գտնեն մարիխուանա, որը դուք այդ պահին չեք ծխում, ապա դա կլինի վարչական իրավախախտում, որի համար կարող են տուգանել: Եթե ձեզ մոտ հայտնաբերված մարիխունայի չափը գերազանցի 70 գրամը, ապա դա քրեական հանցագործություն է, սակայն դրա համար բանտ չեն նստեցնի, քանի որ այլընտրանքային պատիժը դեռ Քրեական օրենսգրքով սահմանված չէ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ