Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևից՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է․
«Պետականության կայացման բոլոր փուլերում Արցախի արտաքին գործերի նախարարությունն ինտենսիվ և պատասխանատու կերպով իրականացրել է աշխատանքներ՝ ուղղված հանրապետության շահերի պաշտպանությանն ու խթանմանը, այսօր վստահորեն և հետևողականորեն իրագործում է իր առջև դրված խնդիրները՝ նոր մարտահրավերների և միջազգային ասպարեզում փոփոխությունների բարդ պայմաններում։ Լեռնային Ղարաբաղի դիվանագիտական ծառայությունն իր ամենօրյա ջանքերի շնորհիվ՝ հիմնված Արցախի ժողովրդի լավագույն բարոյական հատկանիշների և ավանդույթների վրա, ցուցաբերում է բարձր պրոֆեսիոնալիզմ, հետևողականություն և հավատարմություն՝ ընտրած ուղուն։
Համոզված եմ, որ Հարավային Օսիայի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստեղծված ամուր գործընկերային և բարիդրացիական հարաբերությունների զարգացումն այսուհետ ևս նպաստելու է մեր հանրապետությունների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը, երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ