«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն էր տարածել եւ կառավարությունում ընտրական նախագծի քննարկումը գնահատել անբավարար:
Հուլիսի 26-ին կառավարությունում «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկման ժամանակ «Երկիր Ծիրանին» առաջարկել է, որպեսզի սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ արցախաբնակ հայությունը հնարավորություն ունենան ընտրելու եւ ընտրվելու: Վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն էլ ասել է, որ չեն կարող այդ առաջարկն իրագործել արտահերթ ընտրություններին:
Այս առնչությամբ մենք զրուցեցինք Իոաննիսյանի հետ: Նրա խոսքով՝ «Իրավիճակը հետեւյալն է՝ այդ քննարկման ժամանակ քննարկվել է նաեւ արտասահմանում ընտրական տեղամասեր վերաբացելու առաջարկը, որը տասնամյակներ առաջ եղել է: Ես ներկայացրել եմ դիրքորոշում դրա հետ կապված: Դիրքորոշումը բացասական է եւ ես երկար բացատրություն եմ ներկայացրել, թե ինչու դա հիմա չենք կարող կիրառել: Հետագայում կարելի է կիրառել, բայց ոչ հիմա, երբ մենք խոսում ենք արտահերթ ընտրությունների մասին: Լրացուցիչ հիմնավորումներ կան, թե ինչու դա չանել: Իրենց իրավունքն է որակել այդ քննարկումը ինչպես կցանկանան: Եթե իրենք համարում են՝ քանի որ մենք դեսպանատներում տեղամասեր չենք բացում, ուրեմն այս ամեն ինչը դեկորատիվ է, դա իրենց իրավունքն է»:
Նա ասաց, որ խոսել է այդ թեմայով նաեւ Զարուհի Փոստանջյանի հետ: Հարցին՝ զրույցից հետո իր համար ընդունելի դարձա՞ն այն պատճառաբանությունները, որոնք ներկայացնում եք դուք՝ Իոաննիսյանը պատասխանեց, որ կոռեկտ չէ, որ ինքն ասի, ավելի լավ է խոսենք Փոստանջյանի հետ:
Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց պաշտոնական դիրքորոշումը հայտնել են հայտարարության միջոցով. «Հաջորդ քննարկմանը էլի կմասնակցենք, եթե մեզ հրավիրեն եւ մեր դիրքորոշումը կհայտնենք: Նախագիծը տեսնելուց հետո նորից կհայտնենք: Շատ սկզբունքային դիրքորոշում է, որը մերժվել է արդեն: Անկախություն հռչակելուց շուրջ 30 տարի անց մենք իրավունք չունենք կրկնել այն սխալները, որն արդեն թույլ ենք տվել: Ոչ միայն դրսում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի հարգումը պետք է լինի մեր պետության առաջնային խնդիրը, այլեւ արցախահայության»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ