Հայաստանի նոր իշխանություններն ակամայից «ճոճում են» հետխորհրդային բռնապետների եւ կրիմինալի «նավակները»
Գաղտնիք չէ, որ չնայած վերջին դարի բոլոր լայնամասշտաբ ցնցումներին եւ արյունաթողություններին, Ռուսաստանում անփոփոխ մնաց այն, որ Ռուսաստանը կայսրություն է, եւ մնացել է 18-19-րդ դարերին բնորոշ աշխարհընկալման մոդելի մեջ, որքան էլ, որ տարփողեն «պայծառ ապագային» միտված կարգախոսները։ Այդ պետության մոտ անփոփոխ մնացին նաեւ «ժողովուրդների բանտի» ռեժիմը ներսում, իսկ դրսում՝ ժանդարմի ոգին եւ անհանդուրժողականությունն ազատության նկատմամբ։ Անփոփոխ մնաց նաեւ վերաբերմունքը հարեւան երկրների եւ ժողովուրդների նկատմամբ․կարելի է լինել կամ Մոսկվայի վասալը, կամ թշնամին, եւ երրորդը տրված չէ։ Դաշնակիցնե՞ր։ Դա եւս անփոփոխ է, դրանք երկուսն են՝ նրանց բանակը եւ նավատորմը։ Իսկ մնացածին կոչում են «դաշնակից», որպեսզի չասեն «վասալ»։ Եվ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային կոչված տարածքի համար այս ամենը ոչ միայն զարգացման գլխավոր խոչընդոտն է, այլեւ՝ հնարավոր ապակայունացման գլխավոր պատճառը եւ աղբյուրը, քանզի այդ տարածքը դժբախտություն ունի Մոսկվայի կողմից համարվելու որպես իր «բացառիկ շահերի գոտի», որտեղ նա «պետք է ունենա ազդեցություն», որպեսզի Արեւմուտքում տրված հավերժական հարցին «Իսկ դու ինձ հարգո՞ւմ ես» պատասխանեն՝ այո՛։
Նման համակարգին, ինչպես ցույց տվեց նաեւ Բյուզանդիայի օրինակը, հակացուցված է աստիճանական զարգացումը եւ փոփոխությունը ժամանակին համընթաց եւ համահունչ։ Այդտեղ անցումը մեկ փուլից մյուսին չի կարող չուղեկցվել մասշտաբային կատակլիզմներով, որոնք «թիթեռնիկի էֆեկտով» սկիզբ են առնում մի ինչ-որ «մանրուքից»։ Իսկ նման կարգի «մանրուքները», որպես կանոն, գալիս են «անսպասելի», դառնալով անբեկանելի եւ անխուսափելի օրինաչափության բաղկացուցիչը։ Առայժմ հետխորհրդային տարածքում արշալույսները համեմատաբար խաղաղ են, եւ այստեղ առանցքային բառը ոչ թե «խաղաղ»-ն է, այլ «առայժմ»-ը, քանզի նման համակարգը չի կարող ճակատագրական սխալներ չգործել։
Հայաստանում համաժողովրդական շարժման ճնշմամբ իշխանություն փոխվեց, եւ մի կողմից, նոր իշխանությունը ձեռնարկում է քայլեր, որոնք սասանում են քսան տարի շարունակ խնամքով կառուցած՝ հետխորհրդային տարածքի համար «արժեք» հանդիսացող ինքնավերարտադրվող կրիմինալ-օլիգարխիկ համակարգի հիմքերը, մյուս կողմից, անթաքույց շեշտում է, որ որեւէ աշխարհաքաղաքական շրջադարձեր չի նախատեսում։ Այսինքն, ի հայտ է գալիս առաջին հայացքից դիսոնանս՝ առավելագույն անհանդուրժողականություն կրիմինալ օլիգարխիայի նկատմամբ ներսում եւ առավելագույն լոյալություն կրիմինալ օլիգարխիայի «տանիք» դաշնակցի հետ հարաբերություններում։ Շարունակում է բաց մնալ հարցը՝ որքան երկար եւ անցնցում կհաջողվի ապահովել այդպիսի «բալանսը»։
Ակնհայտ է, որ այդ «բալանսի» պահպանումը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարներում պարզապես ազգային անվտանգության հրամայական է, թելադրված միջազգային եւ տարածաշրջանային իրողություններով։ Այդ իրողությունների կարեւորագույն բաղկացուցիչներից է այն, որ Ղրիմ-Դոնբասը կոկորդում մնացած, Սիրիան պարանոցից կախված, Վրաստանն անվերադարձ կորցրած եւ պատժամիջոցների ծանրագույն բեռի տակ հատնված Ռուսաստանը ոչ մի դրական օրակարգով չի կարող հետաքրքրել Հայաստանին երկարաժամկետ հեռանկարում, սակայն, տիրապետում է ահռելի դեստրուկտիվ ներուժի, որի հետ չի կարող հաշվի չնստել թե՛ Եվրամիությունը, թե՛ Միացյալ Նահանգները։
Նախկին իշխանությունները նույնպես «բալանս» էին ապահովում յուրովի․ներսում ընդօրինակում էին ռուսական կրիմինալ-օլիգարխիկ համակարգը, իսկ դրսում, այնուամենայնիվ, «դիետիկ» չափաբաժիններով համագործակցում Արեւմուտքի հետ, որպեսզի ամբողջությամբ «Հարավային Օսեթիայի» չվերածվի։ Սակայն, բնականաբար, դա «բալանս» էր հայ ժողովրդի գրպանի եւ Հայաստանի պետականության ապագայի հաշվին։
Թավշյա հեղափոխությունը եկավ փոխելու այդ «բալանսի»՝ թե՛ էությունը, թե՛ հարթությունը։ Չնայած նրան, որ Հայաստանն այդ առումով հաղթահարել է բոլոր «անշրջելիության կետերը», միեւնույն ժամանակ, հեղափոխությունը՝ դա միայն իշխանափոխությունը չէր, այն շարունակվում է, ճանապարհից մաքրելով քսանամյա աղբը, հանդիպելով նոր մարտահրավերների։
Իրականում, Հայաստանում տեղի է ունեցել ողջ հետխորհրդային պատմության մեջ եւ տարածքում մի աննախադեպ բան՝ կալանավորվել եւ պատասխանատվության է կանչվել նախկին նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Թե սա ինչպիսի ահազանգ է հետխորհրդային ավտորիտար առաջնորդների համար՝ գիտակցում են ոչ միայն Հայաստանում։ Սա ոչ թե Հաագայում է տեղի ունեցել, ինչպես Միլոշեւիչի պարագայում, ոչ էլ միջազգային հանրության ճնշման ներքո, այլ հայկական դատարանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով եւ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ակնհայտ է, որ առջեւում դատավարություն է, որին ներգրավվելու է մասնակիցների լայն շրջանակ, ու ներգրավումը չի կարող չունենալ միջազգային համատեքստ, առաջին հերթին՝ ռուսական նեոկայսերական շահերի տեսանկյունից։ Դրա «առաջին ծիծեռնակն» է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։
Նախկին նախագահի կալանավորումը մարտահրավեր է «եվրասիականությանը», եւ Հայաստանի նոր իշխանություններն ակամայից «ճոճում են» հետխորհրդային բռնապետների եւ կրիմինալի «նավակները»։ Իսկ սա լրջագույն միջազգային մարտահրավեր է Հայաստանի եւ հայկական իշխանությունների համար։ Եվ հասկանալի է, որ վերը նշված «բալանսի» ապահովումը չի լինելու ուղղագիծ, այլ ունենալու է յուրովի «մակընթացություններ եւ տեղատվություններ», նյարդայնացնելով մեկ Երեւանին, մեկ Մոսկվային։ Մյուս կողմից, պաշտոնական Մոսկվան, ինչպես երեւում է, դժվարությամբ է թաքցնում իր դժգոհությունը, «աղբյուրների» միջոցով մեղադրելով Երեւանին «ոչ պրոֆեսիոնալության մեջ», միեւնույն ժամանակ՝ Քոչարյանին եւ Խաչատուրովին առանձնապես պաշտպանելու ցանկություն չցուցաբերելով։
Դատելով ռուսական փորձագիտական եւ «փորձագիտական» շրջանակների արձագանքներից, նրանք շատ լավ էլ տեղյակ են իշխանությունների թույլ կողմերից եւ ուշադիր հետեւում են զարգացումներին։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը շարունակում է մնալ քաղաքական ճգնաժամի մեջ, որը կավարտվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով եւ նոր կառավարության ձեւավորմամբ, եւ այդ ճանապարհին մայրաքաղաքի Ավագանիների խորհրդի ընտրությունները կարեւորագույն ստուգատես են հանդիսանալու թե իշխանության, թե քաղաքական ուժերի համար։
Մյուս կողմից, նույնպես գաղտնիք չէ, որ առանց արմատական տնտեսական բարեփոխումների՝ կոռուպցիայի դեմ համակարգային պայքար չի ստացվելու։ Եվ հաջողության գլխավոր ցուցիչը տնտեսական ցուցանիշներն են, որոնց արձանագրելու ժամանակը կգա շուտով։ Ռուսների հետ նյարդային եւ բարդ հարաբերությունների, չլուծված հակամարտության ֆոնին Հայաստանի իշխանություններն առայժմ չեն ներկայացրել նոր հարաբերությունների բանաձեւերը ԱՄՆ, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ։ Հատվածային ձեւակերպումները, մասամբ հաջող, իսկ մասամբ էլ՝ ակնհայտորեն անհաջող որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից առայժմ ավելի շատ հարցեր են թողնում, քան պատասխաններ, մինչդեռ ժամանակն անցնում է, իսկ խնդիրների լուծումները նախեւառաջ որոշակիություն են պահանջում։
Սա լուրջ քննություն է ոչ միայն իշխանության համար, այլեւ՝ պետության եւ պետական ինստիտուտների, սա քննություն է որոշ առումով «հասունության ատեստատի» համար, ինչը երիտասարդ քաղաքական թիմի ապագայի համար, իսկ վերջին հաշվով՝ պետականության համար ունի կենսական կարեւորություն։ Ի վերջո, կոռուպցիայի եւ հանցավորության դեմ պայքարը պետության եւ, մասնավորապես, իրավապահ համակարգի պարտադիր ֆունկցիա է, բայց ոչ կառավարության եւ կառավարման նպատակ։ Չհաշված այն վտանգները, որոնք ներսից՝ «հանուն ազգի միասնության», իսկ դրսից՝ «եղբայրաբար» ձեր ոտքերի տակ որպես օճառ դեռ կդնեն։
Ռուբեն Մեհրաբյան
«Առավոտ» օրաթերթ
31.07.2018
«քաղաքական ճգնաժամի մեջ, որը կավարտվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով եւ նոր կառավարության ձեւավորմամբ»…
ո՞նց կարող էք այսպիսի հաստատում կատարել, երբ որ յայտնի չեն տակաւին ոչ այդ ընտրութունների արդիւնքները, ոչ ել յաջորդող կառավարութեան ձեւաւորումը…
պայթուցիկ անկայունութիւնը կրնայ շարունակուիլ դեռ շա՜տ երկար ժամանակ
այդ ընթացքում, պիտի յուսանք որ այդ վիճակին մէջ, նոր իշխանաւորները պիտի յաջողին իրականացնել իրենց խօստումները, եւ միաժամանակ պիտի խուսափինք Ռուսաստանի դրդումով պատերազմի մի նոր եւ յատկապէս սոսկալի փրնկումից
« պաշտոնական Մոսկվան, ինչպես երեւում է, դժվարությամբ է թաքցնում իր դժգոհությունը, «աղբյուրների» միջոցով մեղադրելով Երեւանին «ոչ պրոֆեսիոնալության մեջ», միեւնույն ժամանակ՝ Քոչարյանին եւ Խաչատուրովին առանձնապես պաշտպանելու ցանկություն չցուցաբերելով։ »
իրապէ՞ս… այ՞ս է անուղղակի «աղբյուրներից» մին… «թաքուն» դժգոհութի՞ւնը… այդ պաշտպանութեան պակասը…
https://www.aravot.am/2018/07/31/973167/
հազար ներողութիւն, սակայն Դուք Հայաստանում այս նիւթերի մասնագէտն էք, հա՞…
արդեօք ի՞նչ են հասկանում ուրեմն այդտեղ ոչ-մասնագէտները…
Հարգելի Հ.Շ.
Անձամբ ես, լիովին համաձայն եմ պարոն Մեհրաբյանի մեկնաբանությունների հետ: Հայաստանի քաղաքացիների գերակշռող մասը գիտակցում է բոլոր այն վտանգները, որոնք կան ներկայիս կառավարության որդեգրված քաղաքականության մեջ: Մենք, ապրելով այս երկրում, մեր կաշվի վրա ենք զգացել շատ ու շատ բաներ: Այժմյան գործընթացները Հայաստանում պահանջում են քաղաքական կամք, որի մասին մենք լսել ենք տասնյակ անգամ անցյալում, սակայն չէինք պատկերացնում, թե դա ինչ է իրական կյանքում: Այ, սա է: Այո պետք է կամք և պատասխանատվություն հնարավոր բարդությունների դեպքում: Ինչ խոսք, որ մեր դաշնակցին դա չի կարող դուր գալ, որովհետև լինելով շատ ավելի թույլ, մենք այսօր փաստացի կարողացանկ շատ լուրջ քայլ անել ավելի քաղաքակիրթ պետականություն կառուցելու ուղղությամբ, իսկ նրանք, լինելով այդքան ուժեղ, մնացին անցյալ դարում: Հիմա նրանք պարտադրված են հարաբերվել մեզ հետ, ոչ թե նայելով վերևից ներքև, այլ, առնվազն, նույն հարթության մեջ: Համենայն դեպս, հարգանքով: Մեր դաշնակիցը – գերտերություն է և դա փաստ է: Եվ, բնականաբար, նրանց այս ամենը դուր չի գալիս: Սակայն ուրիշ ճանապարհ չկա: Երկիրը, ընդերքով հանդերձ, թալանված, գործնականորեն, ոչ մի կառույց չի աշխատում, բացառությամբ բանկային համակարգի, համատարած կողոպուտ և թալան բոլոր մակարդակների վրա, չդադարող արտագաղթ – իսկ այս վտանգները ո ՞ վ պետք է գնահատի: Հավանականությունը շատ մեծ է, որ ևս մի երկու տասնյակ տարի և Հայաստանը այլևս գոյություն չէր ունենա: Այնպես որ, հաջողություն ցանկանանք Նիկոլ Փաշինյանին, որ կարողանա գոնե ինչ որ չափով հանել երկիրը այս ճգնաժամից: Աստված Նիկոլի հետ, մենք էլ նրա հետ: