Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իտալացի նախարար. «Մեր բարեկամությունը խարսխված է հնագույն մշակութային արմատների վրա»

Հուլիս 31,2018 14:02

ՀՀ եւ Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Սերջիո Մատարելլան հուլիսի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացեցին հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնը:

 ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը փաստեց, որ հայ-իտալական մշակութային հարաբերությունները վերելք են ապրում, նաեւ թվարկեց տասնյակ միջոցառումները, որոնք անցկացվել են Իտալիայում:

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին նշեց, որ նման մշակութային կենտրոն բացելու հնարավորություն հաճախ չի լինում:

«Մշակույթը երկրների եւ ազգերին կապող այն արդյունավետ միջոցն է, որը նյութականացնում է մեր ապրելակերպն ու մտածելակերպը, մեր երկու ժողովուրդների բարեկամությունը:

Հայ եւ իտալացի ժողովուրդների բարեկամությունը խարսխված է հնագույն մշակութային արմատների վրա: Այն հեռավոր ժամանակներում է սկիզբ առել, բայց մեր սրտերում մոտիկ է»,-ասաց Էնցո Մոավերո Միլանեսին:

Նախարարը հիշեցրեց, որ երկու ժողովուրդները համագործակցել են Հին Հռոմի եւ Հին Հայաստանի ժամանակ. «Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդներից ենք, որոնց ընդհանուր արմատներն են իրար կապում, ինչը եւ թույլ է տալիս տեսնել ներկան եւ նայել ապագային` ընդհանուր հոգով…

Հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնը ասվածի ապացույցն է: Մեր ժամանակներում տեղի ունեցող ագրեսիվ պատերազմները երբեմն ուզում են ոչնչացնել մշակույթը, իսկ մշակույթի ոչնչացում նշանակում է արմատախիլ անել մարդկանց հոգիները եւ զրկել նրանց արմատներից: Պահպանելով մշակութային ժառանգությունը, հետեւաբար նաեւ մեր արմատները, մենք կարողանում ենք զարգանալ եւ առաջ գնալ»:

Էնցո Մոավերո Միլանեսին վկայակոչելով Պատկերասրահում «կանգնած» Միքելանջելո Բուոնարոտիի քանդակը, որն այդ պահին փակված էր տեսախցիկներով եւ շրջապատված լրագրողներով, ասաց, որ հենց այդ գլուխգործոցով են ընդգծելու մշակույթի նշանակությունը: Նա նաեւ շեշտեց, որ կենտրոնը ոչ միայն հայ-իտալական մշակութային ժառանգության հետ է առնչվելու, այլեւ բաց է լինելու բոլոր երկրների համար, որոնք ցանկանում են պահպանել իրենց մշակույթը:

Հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի բացմանը ներկա էին արվեստագետներ, թանգարանների եւ արվեստի բուհերի ներկայացուցիչներ:

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, նկարիչ Արամ Իսաբեկյանը կարեւորեց նման կենտրոնի գոյությունը Հայաստանում. «Հրաշալի է, որ Իտալիան է ստանձնել Հայաստանին օգնել վերականգնման ոլորտում, մի երկիր, որն այդ առումով համար առաջինն աշխարհում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031