Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարության արձագանքը՝ ՔԿՀ-ներում դիտորդների խմբի անդամների մի շարք հայտարարությունների վերաբերյալ

Հուլիս 31,2018 13:55

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները մամուլի ասուլիսի ժամանակ մի շարք հարցեր էին բարձրացրել, որոնց վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել.
1.                 «Որևէ ՔԿՀ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ սանհանգույցները իսկական պատուհաս են»- շեշտել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:

Այս հարցի կապակցությամբ բազմիցս հայտնել ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել անազատության մեջ պահվող և տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց կարիքներին համապատասխան մատչելի պայմանների ստեղծման գործընթացին, մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են բժշկական նշանակության անհրաժեշտ սարքավորումները: ՀՀ ԱՆ 11 հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Քրեակատարողական հիմնարկներում հնարավորության դեպքում առանձնացվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված վայրեր:

Ինչ վերաբերում է սանհանգույցների խնդրին, ապա հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և այլ քրեակատարողական հիմնարկների խցերում մշտապես կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, իսկ խոնավության պատճառ հանդիսացող արտաքին և ներքին կոյուղու համակարգի կապիտալ շինարարության աշխատանքները սկսվել են 29.05.2018 թվականից, և նախատեսվում են ավարտին հասցնել սույն թվականի սեպտեմբեր ամսին:

Բացի այդ, 25.06.2018 թվականին ավարտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ներքին կոյուղու ցանցի, արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցի, սանհանգույցների, բաղնիքների, խոհանոցի, ներքին և արտաքին էլեկտրահամակարգի կապիտալ շինարարական աշխատանքների և էլեկտրական ենթակայանի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որտեղ ընդգրկվել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար սանհանգույցների հարմարեցումը:

2.   «Գործնական տարբերություններ մենք դեռ չենք տեսել, բացի հայտարարություններից»- ասում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը՝ անդրադառնալով թավշյա հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում տարվող աշխատանքներին:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների տարվող աշխատանքների բարելավման ուղղությամբ միշտ կատարվել են և ներկայումս էլ կատարվում են բազմաթիվ փոփոխություններ: Մասնավորապես, վերջին ամիսներին մեծածավալ աշխատանքներ են կատարվել քրեական պատիժների համակարգի աշխատանքի վերաիմաստավորման, քրեակատարողական ոլորտի քաղաքականության նոր ուղղությունների մշակման, Քրեակատարողական համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրության արդիականացման և գործնական պատշաճ կիրառման ուղղությամբ: Մասնավորապես կատարվել են հետևյալ աշխատանքները՝

1.1 ՀՀ կառավարության կողմից 2018 թվականին ընդունվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 204-Ն որոշումը, որի համաձայն առողջապահական ծառայությունն առանձնացվում է և ստեղծվում է քրեակատարողական ծառայությունից անկախ մասնագիտական կառույց:

1.2 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Իրականացվում են բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ:

1.3 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցության իրավունք:

1.4 Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաս­տանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփո­խություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Վերոհիշյալ օրենսդրական փաթեթով նախատեսված պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության վարույթում արդեն իսկ ուսումնասիրվում է 21 դատապարտյալի գործ, որոնց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքը ծագելու է 2018 թվականի սեպտեմբերի 1 –ից հետո:

1.5 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած «Ներման մասին» ՀՕ- 149-Ն ՀՀ օրենքի հիման վրա, մշակվել են ենթաօրենսդրական ակտեր և ապահովվել է ներման ինստիտուտի նոր համակարգի գործնական կիրառությունը: Օրենքն ընդունվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստացվել է 147 խնդրագիր, որից 82-ը արդեն ուղարկվել են ՀՀ կառավարություն»

1.6 ՀՀ ԱՆ կողմից մշակվել և 2018 թվականի հուլիսի 17-ին ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով սահմանվել են փակ և կիսափակ քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստ անցկացնելու հստակ հիմքեր և արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված երաշխիքներ:

1.7 Կատարվել են բազմաթիվ կադրային փոփոխություններ: Իրականացվում են կադրերի վերապատրաստման աշխատանքներ:

3.                «Թավշյա հեղափոխությունից հետո արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում խմբի գործունեությունը»:

Նախ պարզ չէ, թե ինչպես կարող է ՀՀ արդարադատության նախարարությունը խոչընդոտել իրեն աջակցելու համար նախատեսված, իր իսկ կողմից ձևավորված հասարակական դիտորդական խմբի գործունեությանը:

Իսկ եթե խոսքը գնում է քրեակատարողական հիմնարկներ անարգել մուտք գործելուն, ապա հայտնում ենք, որ Դիտորդների խմբի կողմից անարգել մուտքի և ելքի իրավունքը նույնացվում է անարգել տեսակցություններ ունենալու իրավունքի հետ:

Հարցի վերաբերյալ բազմիցս պարզաբանվել է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը Հասարակական դիտորդների խմբին ընձեռում է միայն պատիժ կատարող հիմնարկ անարգել մուտքի և ելքի իրավունք, և այդ իրավունքը ամբողջովին չի նույնացվում տեսակցություններ տրամադրելու իրավունքի հետ:

Բացի այդ, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերության համաձայն. «Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:

Վերոնշյալ հոդվածից բխում է, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը իրավունք ունի արգելել կալանավորված կամ ձերբակալված անձի հետ Հասարակական դիտորդների խմբի անդամի տեսակցությունը՝ ելնելով քննության շահերից:

Ուստի, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցության վրա արգելանքը տարածվում է նաև Հասարակական դիտորդների խմբի նկատմամբ, և իրավաչափ չէ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ անարգել մուտքի և ելքի իրավունքից ենթադրել ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցություն ունենալու իրավունք:

Միաժամանակ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ մշակվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով կարգավորվում են նաև կալանավորված անձանց տեսակցելու հետ կապված հարաբերություններ: Օրենսդրական փաթեթը տեղադրված է /e-draft.am/ կայքում սակայն դիտորդական խմբի կողմից որևէ առաջարկություն չի ստացվել:

 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031