Հայաստանը հետեւողական է Սլովակիայի կողմից Ադրբեջանին անօրինական ճանապարհով զենքի մատակարարման խնդրին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ համատեքստում ի՞նչ են անում ՀՀ նոր իշխանությունները՝ Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի խնդրի շուրջ. չէ՞ որ այդ երկրները, ի տարբերություն Սլովակիայի, ՀՀ-ի հետ միասին ՀԱՊԿ անդամ են:
«Լինի նոր, թե հին իշխանություն, կապ չունի՝ մենք միշտ բարձրաձայնել ենք խնդիրը Ռուսաստանի եւ Բելառուսի մեր գործընկերների առաջ: Չկենտրոնանանք մեկ երկրի կողմից զենքի մատակարարման վրա: Սլովակիայի մատակարարումը միջազգային իրավունքի խախտում է, երբ զենքը մեկ այլ երկրում է հայտնվում: Այդ երկրում էլ գլուխ են գովում, թե զարտուղի ճանապարհներով զենք են ձեռք բերել»,-նկատեց Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ այլ երկրների պարագայում, երբ գործընթացն իրավական է, ազդեցության մեխանիզմներ Հայաստանը չունի. «Խոսքն իրավական ազդեցության մասին է: Առհասարակ, խնդրահարույց է ցանկացած մահաբեր սպառազինության մատակարարումը Ադրբեջանին, որի քաղաքականությունն անկանխատեսելի է: Այդ սպառազինությունը կարող է օգտագործվել նաեւ Ադրբեջանի բնակչության դեմ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2108777825807388/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ