Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունը իր կողմից թույլ տրված խախտումներին անդրադառնալու փոխարեն սևեռվել է Խմբի գործունեության վրա. պատասխան

Հուլիս 31,2018 13:18

Դիտորդների խմբի պատասխան պարզաբանումը՝ ՀՀ արդարադատության նախարարության տարածած հայտարարության վերաբերյալ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խմբի) անդամ Զարուհի Հովհաննիսյանը, սույն թվականի հուլիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին, հայտարարել է, որ «Աբովյան» ՔԿՀ-ում կալանքի տակ է գտնվում 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով կալանքը չպետք է իրականացվեր:

Այս հարցի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը 2018 թվականի հուլիսի 26-ին գրությամբ դիմել է Դիտորդների խմբին, միևնույն ժամանակ հուլիսի 27-ին պաշտոնական հայտարարություն է տարածել առ այն, որ նշված հայտարարությամբ Խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը խախտել է Խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու Կարգը (սահմանված ՀՀ Արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով):

ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշմամբ՝ Կարգի համաձայն, Դիտորդների խմբի կողմից հասարակական վերահսկողության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները, որոնք ամփոփվում և պարտադիր ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարությանը, միաժամանակ կարող են տրամադրվել նաև հասարակությանը՝ բացառապես ՀՀ ԱՆ-ի կողմից հաշվետվությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալուց հետո:

ՀՀ արդարադատության նախարարության տարածած հայտարարության կապակցությամբ ցանկանում ենք հայտնել, որ Խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունը դուրս է արդարադատության նախարարության լիազորությունների սահմաններից և վերաբերում է դատարանների կողմից կիրառված կալանավորմանը:

Հետևաբար՝ այդ հարցով նախարարություն հաշվետվություն ներկայացնելու խնդիր չկար: Սակայն, քանի որ բարձրացված հարցը վերաբերում էր ազատազրկման մեջ գտնվող անձի իրավունքներին, ինչպես նաև հանգեցնում քրեակատարողական հիմնարկներին վերաբերող համակարգային խնդիրներին, Զարուհի Հովհաննիսյանը իր պարտքն է համարել անդրադառնալ այդ հարցին:

Ամենամտահոգիչ հանգամանքը, թերևս, այն է, որ Խմբի կողմից բազմիցս բարձրացված կարևորագույն հարցերին անդրադառնալու փոխարեն, արդարադատության նախարարությունը մտացածին կերպով խախտում է հայտնաբերել Խմբի գործունեության մեջ:

Խումբը փաստում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նախարարությունը փորձում է գրաքննության ենթարկել Խմբի անդամների հայտարարությունները:

Ինչ վերաբերում է Կարգի խախտում թույլ տալուն, ապա նույն Կարգի 13-րդ կետի 6-րդ պարբերության համաձայն (ի դեպ, որին հղում էր կատարել նախարարությունը) քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ կատարած այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները հրապարակվում են ՀՀ արդարադատության նախարարության մեկնաբանությունների հետ մեկտեղ, բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից սահմանված ժամկետում համապատասխան մեկնաբանությունները չներկայացնելու դեպքերի:

Հաշվետվություններն ու դրանց մեկնաբանությունները տեղադրվում են նաև ՀՀ արդարադատության նախարարության ինտերնետային կայքում (http://www.moj.am/)։

Այս տարիների ընթացքում արդարադատության նախարարությունը Խմբի որևէ հաշվետվություն իր կայքում չի հրապարակել՝ խախտելով Կարգի պահանջները:

Սակայն նախարարությունը իր կողմից թույլ տրված խախտումներին անդրադառնալու փոխարեն սևեռվել է Խմբի գործունեության վրա՝ վերջինիս անհիմն մեղադրելով Կարգի խախտման մեջ:

Խումբը հավատարիմ է իր առաքելությանը և շարունակելու է ազատազրկման մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունները՝ բոլոր օրինական ճանապարհներով:

Միևնույն ժամանակ՝ ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ ենք անում կենտրոնանալ ազատազրկման դատապարտված անձանց իրավունքների պաշպանության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031