Համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարների «Կառուցիր Հայաստան» նախաձեռնության շրջանակում ստեղծվել է «Կառուցիր Հայաստան» հիմնադրամը:
Նորաստեղծ կառույցի հիմնադիրներն են շվեյցարահայ հայտնի գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի սեփականատեր Վարդան Սըրմաքեշը և «Եռանավ» ընկերության հիմնադիր տնօրեն Սևակ Արծրունին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է Վարդան Սըրմաքեշը, խորհրդի անդամներն են Սևակ Արծրունին և իրավաբան Հայկ Հովհաննիսյանը։
Հիմնադրամի նպատակն է` սահմանել բիզնես հայրենադարձության հայեցակարգային ուղղությունները, մշակել կարճաժամկետ/երկարաժամկետ ռազմավարություն, ապա համապատասխան ծրագրերի ու նախագծերի իրականացմամբ հետամուտ լինել դրանց իրագործմանը:
«Կառուցիր Հայաստան»-ի առաքելությունն է հայրենիքի ճանապարհը բռնած հային զինել անհրաժեշտ տեղեկատվությամբ, ներգրավել հիմնադրամի միջոցով ՀՀ-ում իրականացվող բիզնես ծրագրերում, ապահովել համապատասխան խորհրդատվությամբ` իրավաբանական, սոցիալական, տնտեսական, առողջապահական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում:
Հիմնադրամի տեղեկատվական հարթակը՝ Buildarmenia.org կայքը, այժմ պատրաստման փուլում է: Շուտով այն հասանելի կլինի հայերեն ու անգլերեն տարբերակներով։
«Կառուցիր Հայաստան»-ը նախագիծ է, որը նպատակ ունի ապահովել հայրենադարձությունը խթանող ներդրումների հոսք դեպի Հայաստան, ստեղծել սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել հայրենադարձության ինքնահոս ալիքը:
«Կառուցիր Հայաստան»/«Build Armenia» հիմնադրամ