Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի գործով դատական նիստը թույլատրվեց տեսանկարահանել, սակայն առանց ամբաստանյալներին նկարելու

Հուլիս 31,2018 12:03

Հուլիսի 30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ դատական նիստը տարբեր պատճառներով հետաձգվում էր. «Այնքան էր հետաձգվել նիստը, որ անսպասելի էր, որ այս մի նիստը տեղի ունեցավ: Նույնիսկ լրագրողներին չէինք տեղյակ պահել: Մենք պատրաստվել էինք բողոքեինք՝ նիստերի հետաձգման հետ կապված, բայց այս անգամ փաստորեն այն տեղի ունեցավ: Իրենց ասելով օբյեկտիվ տեխնիկական պատճառներ կան, դրա համար էլ անընդհատ հետաձգում էին»,- տեղեկացրեց Նարինե Ավետիսյանը:

Իսկ նախորդ նիստին, երբ դատավոր Լուսինե Աբգարյանը դահլիճում գտնվող լրագրողներին թույլ տվեց նիստը լուսանկարել եւ տեսանկարահանել 5 րոպեից ոչ ավելի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, Ավետիսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու ցանկություն հայտնեց: Որից հետո նիստը կրկին հետաձգվեց:

Երեկ հրավիրված դատական նիստին նույնպես ամբաստանյալները պահանջեցին, որպեսզի այն չլուսաբանվի. «Երեկ դատավորը մասնակի բավարարեց մեր պահանջը՝ կապված տեսանկարահանման հետ: Հնարավորություն ստացանք լուսաբանել ամբողջ դատական նիստը, միայն ամբաստանյալների դեմքը չնկարելու պայմանով»,- ասաց Նարինե Ավետիսյանը:

Դատարանը հետաքրքրվեց, թե արդյոք տուժող կողմը կրկին պահանջում է դատավորի ինքնաբացարկը, Ավետիսյանի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը հաստատեց այն եւ ներկայացրեց միջնորդությունը:

Սակայն մեղադրող դատախազ Գարեգին Մանուկյանն առարկեց միջնորդությունը եւ ասաց, որ այն պետք է մերժվի: Որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Մեկ ժամ անց վերադառնալով, դատարանը մերժեց միջնորդությունը: Այնուհետեւ դատախազը ներկայացրեց մեղադրանքը:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ hcav.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել