26.07.2018 թվականին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկում: Քննարկումը ղեկավարում էր Դանիել Իոաննիսյանը:
Քննարկման ժամանակ խոսվեց այնպիսի բարեփոխումների մասին, որոնք իրենց բնույթով կոսմետիկ էին, որևէ էական հարց չէին լուծում: Քննարկումը ուղղված էր ընտրական օրենսգրքում իրականացվելիք այնպիսի փոփոխություններին և լրացումներին, որի շնորհիվ պետք է բացառվեն ընտրակեղծիքները, և ՀՀ քաղաքացիները ունենային հնարավորություն ազատվելու քաղաքական մենաշնորհից:
Քննարկմանը նաև մասնակցում էր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որը հանդես եկավ իր առաջարկություններով և քննարկման արդյունքում ծագած հարցերով:
Շուրջ քառորդ դար գործող քաղաքական մենաշնորհը զրկել հայ ազգի հիմնական մասին քաղաքական որոշումների կայացման մասնակցային հնարավորությունից (ընտրելու և ընտրվելու իրավունքից), ուստի՝ այս համատեքստում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջարկեց, որպեսզի սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև արցախաբնակ հայությունը հնարավորություն ունենան ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև ներկայացվեց մեխանիզմներ առաջարկը իրագործելու համար:
Նիստը վարողը ուղղակի պատասխանեց, որ չեն կարող այդ ծրագիրը իրագործել, այսպիսով՝ զրկելով ՀՀ քաղաքացիներին սահմանադրությամբ ամրագրված իրավունքից:
Թվացյալ այս բարեփոխումները ուղղված են միայն ձևական պահանջներ բավարարելուն, մասնավորապես որոշվել էր, որ Հանրային հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակը պետք է ավելացվի, պարտավորեցվի վերջինիս բանավեճեր կազմակերպել և այլն:
Նիստը վարողը շարունակ կրկնում էր, որ նախկինում ընտրությունները անց են կացվել հանցավոր համաձայնության միջոցով: Սակայն այն հարցին, թե ինչ է արվում նախկինում այդ հանցավոր համաձայնության եկած անձինք քրեական պատասխանատվության ենթարկվեն՝ մասնավորապես Սերժ Սարգսյանը և Տիգրան Մուկուչյանը, պատասխան հնչեց, որ վերջինս իրավապահ մարմին չէ և հարցին պատասխանել չի կարող:
Իր զեկույցում նիստը վարողը ներկայացրեց «բարեգործությունը» քրեականացնող նախագծի մասին, սակայն «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցչի հարցին, թե երբ է ուժի մեջ մտնելու այդ նախագիծը՝ քաղաքապետի ընտրություններից առաջ, թե հետո, պատասխանեց, որ չեն հասցնի, և նախագծի ընդունումը կլինի քաղաքապետի ընտրություններից հետո:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն ընտրական նախագծի այս քննարկումը գնահատում է անբավարար: Տարիների շարունակ կուտակված ու բազմիցս բարձրաձայնված ընտրակեղծիքների հիմնարար լուծման ընթացակարգը, բանալին այդպես էլ նիստի շրջանակներում չգտնվեց, ավելին արձանագրվեց՝ կոծկման, անորոշության քաղաքականություն: «Ռեինկարնացիա» անվան տակ կայացած քննարկումը պարզապես ևս մեկ անգամ փաստեց, որ նախկին գորշ իրողություններից, գործելակերպերից դեռևս չենք ձերբազատվել և ընտրական նախագծի մեջ հիմնարար փոփոխություններ կատարելու համար հարկավոր են քաղաքական բարձր ունակությունների և մտահորիզոնի տեր անձինք:
Լավ դիմահարդարում ստացած նիստերից ու որոշումներից հանրությունը և քաղաքական շատ գործիչներ ձանձրացել են, ժամանակն է լուրջ, գործուն, ազդեցիկ, նպատակային քայլերի՝ առանց ժամավաճառ լինելու:
«Երկիր Ծիրանի» կուսակցության իրավական հանձնախումբ