Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը

Հուլիս 30,2018 22:40
javaxq

Վերջին տասնամյակներում հայկական մամուլում բազմաթիվ վերլուծական հոդվածներ են տպագրվել Սամցխե-Ջավախքի ռազմավարական նշանակության վերաբերյալ։ Բոլորովին գաղտնիք չէ, որ Ջավախքը Հայաստանի եւ Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջան է, որի հանդեպ հավակնություններ ունեն Թուրքիան ու Ադրբեջանը։

Ինչպես Հայաստանի ու Վրաստանի համար, այնպես էլ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Ջավախքը այդ պետությունները միմյանց կապող ամենակարճ ճանապարհն է։ Եւ այդ իսկ պատճառով մեծ է տվյալ պետությունների կողմից ուշադրությունը Ջավախքի նկատմամբ։ Չնայած նրան, որ բազմիցս խոսել ենք այն մասին, որ Հայաստանի Հանրապետության միակ ելքը դեպի քաղաքակիրթ աշխարհ ընկած է Վրաստանի Ջավախք շրջանով եւ ՀՀ-ի արեւելյան ու արեւմտյան հարեւանները արդեն երկար տարիներ շրջափակման մեջ են պահում Հայաստանը ու դրանից բացի Իրանի Հայաստանի ու Արցախի հետ սահմանակից շրջանները եւս բնակեցված են տասնյակ միլիոնավոր թուրքական ցեղերով, սակայն այնուամենայնիվ ՀՀ-ի նախորդ իշխանությունները ոչ մի կերպ չէին կարող ընկալել այդ իրականությունը։

Հույսով ենք ՀՀ նոր իշխանությունները լավ են գիտակցում վերոնշյալ փաստը, հաշվի առնելով նաեւ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ իր վարչապետության մեկ ամիսը չլրացած այցելեց Ջավախք եւ մի շարք կարեւոր հայտարարություններ հնչեցրեց Ջավախքում։ Դրանից բացի, Հայաստանի նորընտիր վարչապետը այսօր շրջապատված է այնպիսի գաղափարական մարդկանցով, ովքեր շատ լավ են գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար։ Նրա շրջապատում գտնվող հենց այդ մարդիկ հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը չափազանց մեծ կարեւորություն են տալիս հասկանալով տարածաշրջանի իրական քաղաքականությունը։ Եւ այս համատեքստում որ նայենք ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցը հենց Վրաստան ոչ միայն պատահական չեր, այլ նաեւ պլանավորված էր այս երկիրը լավ ճանաչող նոր կարգի քաղաքական գործիչների կողմից։

Այս ամենը հույս է ներշնչում, որ այս իշխանությունների օրոք մենք ականատես ենք լինելու հայ-վրացական նոր որակի հարաբերությունների զարգացմանը, որի հիմնասյունը դառնալու է հենց Սամցխե-Ջավախքի շրջանը։ Եւ այդ գաղափարը չպետք է մնա լոկ կենացաճառերի մակարդակի վրա, այլ պետք է իրականություն դառնա շատ կոնկրետ գործերով, հաշվի առնելով Վրաստանի ու Հայաստանի պետական շահը։

Այսօր միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանի եւ Վրաստանի պետական շահն է, որ շրջանը չհայաթափվի, քանզի հայերի տեղը Ջավախքում արդեն այսօր պատրաստ են զբաղեցնել թուրքերն ու ադրբեջանցիները, որոնք ունեն համապատասխան պետական աջակցություն իրենց պետությունների կողմից, իսկ վրացիները չունեն նման մարդկային ռեսուրսներ շրջանը վրացական պահելու համար։ Եւ ուրեմն Վրաստանի պետական շահերից է բխում, որ շրջանը չհայաթափվի, չնայած, որ ոչ բոլորն են դա գիտակցում։

Այս հարցում Հայաստանի գերնպատակն է նպաստել Սամցխե-Ջավախքի հայապահպանությանը, որը միակ միջոցն է շրջանը զերծ պահել թուրքացումից, իսկ դրա համար պետք է Ջավախքում փոխհամաձայնեցված մի շարք գործողություններ իրականացնել։

Նախ եւ առաջ պետք է ներդրումներ խրախուսել Ջավախքում եւ դա պետք է անեն երկու երկրները համատեղ ջանքերով։ Նման հրաշալի հնարավորություն կարող է ստեղծվել, եթե աշխատանք տարվի արտերկրում գտնվող Ջավախքի գործարարներին համախմբելու ուղղությամբ։ Դրանից բացի շատ կարեւոր է ակտիվացնել հայկական հասարակական, կրթամշակութային, լրատվական եւ այլ տեսակի կազմակերպությունների աշխատանքը Սամցխե-Ջավախքի շրջանում ու դա պետք է արվի պետական մակարդակով։ Սակայն ովքե՞ր են լինելու այն պետկան գործիչները, ովքե՞ր կարողանալու են իրականություն դարձնել այդ աներեւակայելի մեծ ու դժվարին աշխատանքը։ Այն հին դեմքերը, որոնք իրանց տեղերում չլինելով հանդերձ այսօր «զբաղվում» են Ջավախքով։

Այլեւս պետք է վերանա այն կրավորական մոտեցումը, որը եղել է նախորդ իշխանությունների օրոք եւ հին դեմքերը, ովքեր իբր զբաղվել են Ջավախքի խնդիրներով եւ իրականում ոչինչ չեն արել իրար դեմ մարդկանց լարելուց բացի, պետք է ընդմիշտ հեռացվեն իրենց զբաղեցված դիրքերից ու պաշտոններից ու նրանց տեղերը համալրեն նոր իշխանություններին վայել երիտասարդ ու եռանդուն մարդիկ։

Իրականում նախորդ իշխանությունները ներկայացնող մարդիկ լուրջ ազդեցություն երբեք չեն էլ ունեցել Ջավախքի վրա, սակայն մշտապես աչքի են ընկել իրենց բացասական ու քայքայիչ ազդեցությամբ եւ իրենց շուրջ փորձել են սարքել թայֆայաբազություն։ Հենց դա էր հանրապետական իշխանության ոճը, որին այդքան հավատարիմ ծառայում էին տվյալ անհատները եւ հիմա ամեն կերպ փորձում են հարմարվել նոր իրականությանը։

Իհարկե խոսքը չի վերաբերվում այն մարդկանց, որոնք իրենց կյանքն են նվիրել ընդհանուր գործին եւ գիտակցաբար փորձել են օգտակար լինել իրենց հայրենիքին։ Այլ վերաբերվում է այն անհատներին, ովքեր հանրապետական իշխանության օրոք ինչ-ինչ միջոցներով հայտնվել են ինչ-որ պաշտոնների եւ հիմա էլ այնտեղ մնում են տարբեր մարդկանց  կաշառող զանգերի ու խնդրանքների շնորհիվ։

Սակայն մի բան փաստ է, որ ինչ էլ լինի Սամցխե-Ջավախքի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը թավշյա հեղափոխությունից հետո փոխվում է եւ հին ու ոչ կոմպետենտ անհատները այլեւս չեն կարող ներկայացնել նոր իշխանություններին ժողովրդի առջեւ, քանի, որ դա անընդունելի է թե ժողովրդի եւ թե նոր իշխանության համար։

Ինչպես արդեն նշվեց, այս շրջանը շատ ավելի լուրջ ուշադրության կարիք ունի, քան այսօր կա Ջավախքի հանդեպ եւ այդ իսկ պատճառով ՀՀ իշխանության մեջ պետք են այնպիսի նոր գաղափարական մարդիկ, ովքեր իրական գործով կզբաղվեն փորձելով կասեցնել շրջանի հայաթափումը  եւ օգնել համայնքին ինքնակազմակերպվել։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Էդուարդ Այվազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031