Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգություն Մոսկվայում. ինչո՞ւ են 3 դուստրերը 40 հարվածով սպանել Միխայիլ Խաչատուրյանին

Հուլիս 30,2018 22:00

Նոր մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 27-ին Մոսկվայում կատարված դաժան սպանությունից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը մոտ 40 հարված է ստացել և սպանվել սեփական դուստրերի կողմից:

Ռուսական մամուլը սեփական աղբյուրների վրա հիմնվելով փորձել է տեղեկություն հավաքել կատարված ողբերգությունից:

«Հանցանքի վայրում աշխատանքների ընթացքում մասնագետները պարզել են, որ 11-րդ դասարանի 17-ամյա աշակերտուհի Մարիա Խաչատուրյանը 57-ամյա հորը հասցրել է դանակի առնվազն 35 հարված վզի և մարմնի շրջանում, 18-ամյա Անգելինա Խաչատուրյանը հասցրել է մոտ 10 հարված գլխին, իսկ 19-ամյա Քրիստինա Խաչատուրյանը Միխայիլ Խաչատուրյանի դեմքին պղպեղագազ է փչել, որից հետո Մարիայի ձեռքից վերցրել է դանակը և հարվածել տղամարդու սրտին»,- ասել է «Մոսկվա» գործակալության աղբյուրը:

Նույն աղբյուրի համաձայն՝ ուսի և կոնքի հատվածում վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել նաև Քրիստինա Խաչատուրյանը:

«Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթի թղթակիցը պարզել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 19:30-ին, երբ բակում դեռ մարդիկ էին հավաքված:

Բնակիչներից մեկի ուշադրությունը գրավել է 3-րդ հարկի բնակարանից եկող բղավոցները: Հարևանները միանգամից հասկացել են, որ Միխայիլ Խաչատուրյանի հերթական սկանդալն է: Միխայիլն ուներ 4 երեխա՝ 20 տարեկան որդի և երեք դուստր՝ 19, 18 և 17 տարեկան: Տղան ավելի վաղ բաժանվել էր բռնապետ հորից, և հայրական ամբողջ ցասումն ընկել էր աղջիկների վրա: Հարևանները որոշել են, որ հերթական անգամ հայրը բարձրաձայն դաստիարակում է աղջիկներին: Բայց անսպասելիրեն հենց նրա բղավոցն են լսել՝ «Սպանում են»: Ինչպես ավելի ուշ պարզվել է, դրանք եղել են նրա վերջին բառերը:

Հարևանները շտապ օգնություն և ոստիկանություն են կանչել: Միխայիլին գտել են ընդհանուր նախաբաղնիքում՝ արնաքամ լինելիս: Թերթի համաձայն՝ այստեղ են եղել նաև աղջիկները, ընդ որում, նրանցից միջնեկը նույնպես ուսից վիրավոր է եղել: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, իսկ դեպքի վայր հասած Միխայիլի կինը աղջիկների հետ տարվել է ոստիկանական բաժին:

Թերթը պարզել է, որ Խաչատուրյանին բակում ճանաչում էին որպես տեղական հեղինակություն: Պաշտոնապես նա համարվում էր գործազուրկ, բայց ինչ-որ կերպ կարողացել էր գնել երկու բնակարան՝ 2-րդ և 3-րդ հարկերում: Աղջիկներին պահում էր խիստ վերահսկողության պայմաններում, նրանք լավ էին սովորում, չէին խմում, չէին ծխում:

«Նա մեքենան կայանում էր չնախատեսված վայրում, ոչ մի բան նրա համար օրենք չէր,- թերթի հետ զրույցում բողոքել են հարևանները:- Ինչ-որ մութ գործերով էր զբաղված, մշտապես նրա մոտ կասկածելի մարդիկ էին գալիս: Բակում քայլում էր ատրճանակով, բոլորին վախեցնում էր: Մի անգամ խանութում նստած մի աղջկա քիչ էր մնում սպաներ հենց մեր բակում: Շատ դաժան էր, իր աղջիկներին էլ զայրացնում էր, կռվում նրանց հետ: Երևի դրա համար էլ չեն դիմացել և հարձակվել են հոր վրա»:

Փաստացի, հենց այդպես էլ եղել է: Հերթական վատ տրամադրության ժամանակ Խաչատուրյանը ներխուժել է աղջիկների սենյակ և դանակով հարվածել նրանցից մեկին: Քույրերին հաջողվել է խլել նրանից դանակը և սպանել:

Ռուսական «360» պորտալը պարզել է, որ երեք աղջիկների կյանքը վերածված է եղել դժոխքի: Հայրը նրանց խոշտանգումների է ենթարկել քաղցած պահելով, ծեծի ու ծաղրուծանակի է ենթարկել, բռնաբարել: Բացի այդ, նա թմրանյութեր է օգտագործել և այդ վիճակում վերածվել իսկական գազանի: Չդիմանալով նման վերաբերմունքի՝ աղջիկները որոշել են սպանել նրան:

«360»-ի հետ զրույցում հարևանները Միխայիլին որակել են որպես դրական տղամարդ, բարեկամները շնորհակալ են նրա կողմից ցուցաբերվող մշտական ֆինանսական օգնության համար: Իսկ տանը ապրող երեք աղջիկները ոչ մի կերպ չէին կարող որևէ մեկին բացահայտել իրենց հոր իրական դեմքը: Բնակարանում նրանք ապրել են որպես իսկական ստրուկներ. ճաշ են պատրաստել հոր համար, բայց իրենք կարող էին օրերով քաղցած մնալ, մաքրել և հավաքել են բնակարանը: Բացի բնակարանում կենցաղային աշխատանքից՝ հայրը ստիպել է նրանց բավարարել իր սեռական ֆանտազիաները:

Աղջիկների ընկերուհին՝ Նիկան, «360»-ին պատմել է, որ ամեն ինչ սկսվել է 4 տարի առաջ: Նրա խոսքով՝ կնոջ հետ սեքսով զբաղվելիս հայրը կրտսեր դստերը պահում էր իր կողքը՝ վերմակի տակ, որպեսզի երեխան հետևի իրենց: Նման կյանքին չդիմանալով՝ մայրը փախել է տնից, բայց Միխայիլը գտել է նրան և դաժան ծեծի ենթարկել: Դրանից հետո կինը շարունակել է թաքնվել, բայց կապ է պահպանել երեխաների հետ, որոնք մնացել են հոր հետ, բայց որոշել ոչինչ չասել մորը:

Տարիներ շարունակ երեխաները ենթարկվել են մշտական ծեծի, բռնաբարության և ծաղրուծանակի սեփական հոր կողմից: Ընդ որում, դրա մասին իմացել են նրանց հարազատները, բայց աչք են փակել, քանի որ Միխայիլը նրանց պարբերաբար գումար է տվել:

«Նա բոլորի համար լավ մարդ է եղել: Օգնել է շրջապատին, բարեգործական հիմնադրամների, մանկատների, օգնել է բոլորին՝ բացի սեփական ընտանիքից: Պատահել է, որ աղջիկները քաղցած են մնացել,տանն են նստել, իսկ մենք միշտ փորձում էինք օգնել»,- պատմել է Նիկան:

Նրա խոսքով՝ սկզբում աղջիկները փորձել են բողոքել հարազատներին, բայց արդյունքում հայրը դրա մասին իմացել է և դաժան ծեծի ենթարկել նրանց:

«Նրանք տեղ չունեին գնալու: Նրանք շատ էին վախենում հորից: Նա աղջիկներին ասում էր, որ եթե դուք դիմեք ոստիկանություն, ինձ դրանից ոչինչ չի լինի, բայց ձեզ ինչ-որ բան կլինի»,- ասել է Նիկան:

Նա նաև պատմել է, որ աղջիկներն անգամ տեսախցիկ են գտել, որպեսզի նկարեն՝ ինչպես է հայրը վարվում իրենց հետ: Բայց հայրն ինչ-որ կերպ իմացել է այդ մասին և դարձյալ խիստ պատժի ենթարկել:

Աղջիկների մասին Նիկան պատմել է, որ նրանք շատ հասարակ և գթասիրտ են, երբեմն աղջիկներից մեկն ինչ-որ ժամանակով անհետանում էր: Արդեն հետո հայտնի է դարձել, որ հայրը նրանց չի թողնում տնից դուրս գալ, մինչև որ կապտուկները և իր գործողությունների այլ հետքերը չանցնեն:

Միխայիլի մասին Նիկան նշել է, որ նա անհավասարակշռված էր: Նա պատմել է որ Միխայիլը սեփական ծննդյան օրը հանել է ատրճանակը և սկսել հերթով պահել բոլորի  վրա, իսկ հետո կոթով հարվածել է իր եղբորորդուն:

«Վերջին շրջանում՝ մոտ մեկ ամիս մինչև մահանալը, նա հիվանդանոցում էր և բուժում էր հոգեկանը»,- ասել է նա:

«360»-ի աղբյուրը պատմել է, որ հոր սպանության մասին աղջիկները նախապես են պայմանավորվել: Նրանք հարձակվել են հոր վրա, երբ նա նստած էր բազկաթոռին: Կրտսերը հարվածել է դանակով, մյուս աղջիկը մուրճով է հարվածել գանգին, իսկ երրորդը պղպեղագազ է փչել աչքերին: Տղամարդը դիմադրել է և կարողացել վիրավորել ավագ դստերը, որը տեղափոխվել է հիվանդանոց:

Նիկայի խոսքով՝ հարազատներն անիծում են աղջիկներին և հրաժարվում նրանց համար փաստաբան վարձել:

Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են մեղքը: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել «սպանության» մեղադրանքով: Հուլիսի 30-ին դատարանը պետք է որոշի նրանց խափանման միջոցը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել