Մոսկվայում երեք աղջիկները դանակի մոտ 40 հարվածով սպանել են 57-ամյա հորը, աղջիկները պնդում են, որ դա եղել է ինքնապաշտպանություն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը:
Անցյալ ուրբաթ Մոսկվայում բնակելի տան աստիճանավանդակում հայտնաբերվել էր բազմաթիվ կտրող-ծակող գործիքով վնասվածքներով տղամարդու դի: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվել էին նրա երեք դուստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Հարցաքննության ընթացքում աղջիկներն ընդունել էին մեղքը և մեկնաբանել, որ հայրը երկար ժամանակ իրենց «բարոյական տառապանքներ» է պատճառել: Մանրամասները չէին հաղորդվում:
Ըստ գործակալության աղբյուրի՝ աղջիկներից մեկը՝ 1999թ. ծնված, ինքն է կատարվածից հետո զանգահարել ոստիկանություն: Աղջկա խոսքով՝ հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իրենք ստիպված են եղել պաշտպանվել: Քույրերից մեկը հիվանդանոց է տեղափոխվել կոնքի վնասվածքով: Նա պնդում է, որ իրեն վիրավորում հասցրել է հայրը:
«Քննությունը պարզել է, որ կրտսեր քույրը, որը սովորում է 11-րդ դասարանում, վզի հատվածում և մարմնի վրա տղամարդուն հասցրել է դանակի առնվազն 35 հարված, մյուս երկու աղջիկները մահացածին հարվածներ են հասցրել գլխին և նրա դեմքին պղպեղագազ փչել: Դրանից հետո աղջիկներից մեկը կրտսեր քրոջ ձեռքից վերցրել է դանակը և տղամարդուն հարվածներ հասցրել սրտի շրջանում»,- մեկնաբանել է աղբյուրը:
Քննությունը կպահանջի ձերբակալվածների դեմ խափանման միջոց ընտրել կալանքը: Աղջիկներին արդեն մեղադրանք է առաջադրվել: Մահացածի բնակարանում հայտնաբերվել է աղեղնազեն՝ 16 տեգերով, տրավմատիկ ատրճանակ, «Նագան» տեսակի ազդանշանային ռևոլվեր, որսորդական հրացան, դրա փամփուշտներ, ինչպես նաև պնևմատիկ ատրճանակ և ռևոլվեր: Ըստ աղբյուրի՝ հետաքննությունը կպարզի՝ արդյոք սպանվածը օրինական է պահել այդ զենքը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ