Այսօր նախագահի նստավայրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան հանդես եկան հայտարարությամբ:
Իտալիայի նախագահը առաջին անգամ է Հայաստանում: Նա նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար. «Սա շատ նշանակալի իրադարձություն է, որը տեղի է ունենում Հայաստանի Առաջին հանրապետության հարյուրամյակի, Երեւան քաղաքի 2800 ամյակին: Շատ ուրախ եմ, որ կարողացա իրականացնել իմ այցը: Մենք հնագույն կապեր ունենք մեր ժողովուրդների միջեւ, մեր ժողովուրդները կապված են վստահությամբ եւ կկարողանանք շարունակել մեր հարաբերությունները եւ խորացնել կապը: Այս կապը նաեւ վկայում է այն փաստը, որ մենք հաճախ ենք հանդիպում միմյանց հետ եւ օրինակ, Լիբանանում մեր զինվորները միմյանց հետ համագործակցում են, պահպանում խաղաղությունը: Մենք պարոն Սարգսյանի հետ քննարկեցինք այլ երկկողմանի հարաբերություններ: Մենք շատ գոհ ենք, որ հասել ենք համագործակցության այս մակարդակին, որն ամրապնդվում է մեր հազարամյա ընկերությամբ եւ բարեկամությամբ»:
Իտալիայի նախագահը նշեց, որ հատկապես մշակութային, հնեաբանական ոլորտներում մեր հնարավորությունները մեծ նշանակություն ունեն, որոնք առիթ են դարձել այսօրվա իր այցին. «Մենք անպայման վաղը պարոն Սարգսյանի հետ պետք է գնանք մշակույթի կենտրոնի բացմանը: Շատ գոհ ենք, որ այս միջոցառումը հնարավորություն է տալիս դրսեւորել մեր բարեկամությունը: Մշակութային կենտրոնը կամրապնդի մեր մշակութային հարաբերությունները եւ ՀՀ-ին կօգնի պահպանել իր պատմական ժառանգությունը:
Իտալիայի նախագահն ասաց, որ իտալական որոշ ընկերություններ արդեն աշխատում են ՀՀ-ում, որոշները նոր պետք է գան եւ իրենք այս ընթացքում հետեւում են այստեղ աշխատող իրենց ընկերություններին:
Սերջիո Մատարելան անդրադարձավ նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը. «Ես արտահայտեցի իմ վերաբերմունքը ԼՂ հարցի կարգավորմանը եւ ասացի, որ Իտալիան անպայման կաջակցի ԵԱՀԿ Իտալիայի նախագահության ժամանակ: ԵԱՀԿ-ում Իտալիան ղեկավարելու, նախագահ լինելու ընթացքում անպայման կաջակցի, որպեսզի հայ հակամարտությունը կարգավորվի՝ սկսած Հելսինկիի սկզբունքների հիման վրա: Մենք ԼՂ-ում կանենք ամեն ինչ, որ մեկնարկեն խաղաղ բանակցություններ եւ կփորձենք միայն քաղաքական, այլ ոչ թե ռազմական լուծման ճանապարհներ գտնենք»:
Իտալիան շատ մեծ գնահատական է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. «Դա կօգնի նաեւ մեր երկու երկրների ունեցած շահերն իրականացնել: Այս պայմանագրի վավերացումը շատ արագ պետք է տեղի ունենա, մենք ունենք համագործակցության այլ ոլորտներ եւ ՀՀ-ն կարող է միշտ հույսը դնել Իտալիայի բարեկամության վրա, մենք կխորացնենք մեր հարաբերությունները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ