Այսօր նախագահի նստավայրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան հանդես եկան հայտարարությամբ:
Արմեն Սարգսյանն ասաց, որ Իտալիայի նախագահի հետ բովանդակալից քննարկում են ունեցել հայ-իտալական համագործակցության օրակարգի շուրջ. «Վերահաստատեցինք միջպետական հարաբերությունները ամրապնդելու մեր հանձնառությունը, համաձայնեցրինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել՝ հայ-իտալական գործակցությանը նոր դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ՝ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում»:
Նախագահն ասաց, որ արձանագրվել է, որ Իտալիան, ընթացիկ տարում լինելով նաեւ ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել ԼՂ հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. «Անդրադարձանք Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Սա եւս մի ուղղություն է, որտեղ հայ-իտալական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկարներ կան: Հույս հայտնեցինք, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարեւորեցինք նաեւ երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որը ընդգրկում է երեք տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ: Արձանագրեցինք տնտեսական, գործարար, մշակութային եւ գիտակրթական կապերի ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ մարդկային շփումների կարեւորությունը»:
Արմեն Սարգսյանը նաեւ ասաց, որ «կարեւորելով մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ մեր համագործակցությունն էլ ավելի մեծ թափ կստանա Երեւանում հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի բացումով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ