Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղ ներկայում չկա

Հուլիս 30,2018 18:52

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ ՀՌԱՀ-ի նախագահ Գագիկ Բունիաթյանը հուլիսի 24-ին որոշում է ստորագրել՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողով ձեւավորելու մասին. մրցութային հանձնաժողովի կազմում են՝ Սաթիկ Սեյրանյանը, Լեւոն Բարսեղյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նազենի Ղարիբյանը եւ Համլետ Գասպարյանը: Մրցութային հանձնաժողովի ստեղծումը, սակայն, չի նշանակում, որ դրանում թափուր տեղ կա:

Պարզապես օրենսդրական փոփոխությամբ սահմանված կարգ է ապահովվել: Այսպես, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ նոր օրենքով, որն ընդունվել է մարտին, նախատեսվում է, որ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անդամները նշանակվում են մրցութային հանձնաժողովի կողմից, որը ձեւավորում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը՝ ՀՌԱՀ-ը:

«Մինչեւ օրենսդրական փոփոխությունը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի  անդամներին նշանակում էր ՀՀ նախագահը: Հիմա կարգը փոխվել է՝ ՀՌԱՀ-ն է ձեւավորում հինգ հոգուց բաղկացած հանձնաժողով, որի լիազորությունների շրջանակում է՝ անցկացնել մրցույթ եւ ընտրել Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անդամներին, եթե նրանցից մեկն ինչ-ինչ պատճառներով հրաժարական է տալիս: Ըստ օրենքի՝ մենք ձեւավորել ենք հինգ հոգուց բաղկացած խորհուրդը վեց տարի ժամկետով: Խորհրդի ստեղծումը չի ենթադրում, որ դրանում թափուր տեղ կա: Ներկայում թափուր տեղ չկա: Հինգ անդամներն արդեն իսկ նշանակված են եւ աշխատում են»,-պարզաբանեց Տիգրան Հակոբյանը:

Նա հավելեց՝ եթե նշյալ հինգ անձանցից որեւէ մեկը հրաժարական տա, նոր մրցույթ կանցկացվի. «Մրցութային հանձնաժողովը հայտեր կընդունի, կընտրի հաղթողին եւ կներկայացնի նրան ՀՀ վարչապետին, նա էլ նշանակումը կկատարի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031