«Տպավորություն եմ ստանում, որ հիմնականում բոլորը փորձում են մեղավոր գտնել, եւ արդեն իսկ մեղավորներ գտած էլ միանգամից ելույթներ են ունենում, համայնքի ղեկավար, ավագանի, համայնքապետ: Հարգելի գործընկերներ, ամենահեշտը մեղադրելն է, բայց պետք է գտնել անհրաժեշտ լուծումներ, որ այդ ամենն այլ ձևով իրականացվեր»,-խորհրդարանում «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ տեղական ինքնակառավարման եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը:
Քննարկման ժամանակ հնչեցրած կառավարության եւ ՀԿ սեկտորի ներկայացուցիչների որոշ հարցեր, պատգամավորի համար վիճահարույց էին:
Արայիկ Հովհաննիսյանն ասաց`ընտրական գործընթացների որակումներին, ինչի մասին խոսել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, չի էլ ցանկանում անդրադառնալ. համամիտ չէ մոտեցման հետ, որ համայնքների կարեւոր խնդիրներից են ընտրությունները:
«Ծրագրերի հետ կապված իրազեկման խնդիր էլ կա, մենք օրենքով սահմանված կարգով ընդունել ենք համայնքների զարգացման ծրագիր, օրենքով ստեղծեցին ավագանու գործունեության համար համապատասխան պայմաններ`մեծ համայնքներում անպատճառ ավագանու հանձնաժողովներ են ստեղծվում, նիստերի հեռարձակում է ապահովվում»,-ասաց նա` հավելելով, որ կարևոր է, որ բնակիչները լիիրավ մասնակցություն ունենան կառավարմանը: Ասում է` այստեղ կա խնդիր. «Իհարկե, ամենուր կան խնդիրներ, բայց մեկ հարվածով միանգամից ամբողջ համակարգի նկատմամբ նման վերաբերմունքը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ»:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Դավիթ Գեւորգյանը տարբերակ էր առաջարկել` պետք է հասկանանք, ՏԻՄ-երի անկախությունը թողնում ենք ու ավելի ենք մեծանում, թե գնում ենք ուղիղ կառավարման:
«Անհասկանալի էր այն դիտարկումը, թե ՏԻՄ-ի նկատմամբ վերաբերմունքը փոխենք, ստեղծենք նախարարություն, անկեղծ, լավ չհասկացա», ասաց պատգամավորը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը տեղից միջամտեց. «Լավ, դե ոչինչ: Փոխնախարարը զայրացած էր` ասաց: Նման բան, իհարկե, չի կարող լինել»: Արայիկ Հովհաննիսյանը նկատեց, որ միջազգային փորձագետների գնահատականով տարածաշրջանում ՀՀ-ն աչքի է ընկնում ՏԻՄ համակարգի`թե օրենսդրության, թե դրա կիրառման լավ կողմերով. «Շատ զգույշ պետք է լինենք, իսկապես ՏԻՄ-երը եւ Սահմանադրությամբ, եւ օրենքներով անկախ մարմիններ են, եւ գայթակղությունը որքան էլ մեծ է, տարբեր տեսակի գերատեսչություններ մասնակցեն նրանց աշխատանքին: Դա պետք է լինի միայն օրենքով սահմանված դեպքերում»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ կարծում է, որ մենք մի վիճակում ենք, որ պետք է գնանք ոչ ստանդարտ լուծումների ճանապարհով:
Բայց, նախ պետք է ձեւակերպել «մեծ երազանքը» եւ ալպիական գոտիներում գտնվող գյուղերում հատկապես օրգանական ապրանքների արտադրություն կազմակերպել. «Պետք է համարձակ քայլերի գնանք, այսինքն՝ 1000-ից քիչ բնակիչներ ունեցող գյուղերին լուրջ հարկային արտոնություն տալ և չվախենալ դրանից: Անընդհատ մտավախություն ենք ունեցել, որ չարաշահումների տեղիք կտա, բայց պետք չէ մտահոգվել, ռիսկային քայլերի պետք է գնանք»:
Ըստ պատգամավորի, չպետք է անտեսվեն նաեւ ձեւավորված ավանդույթները. «Եթե մի փոքրիկ մարզում 600-ից ավելի եկեղեցիներ ունենք, պետք է ավանդույթների կուլտուրան դրվի տուրիզմի մեջ, եւ լեգենդները, որ ունենք, մշակույթային ձեւակերպում ստանան»: Սա, ըստ նրա, կարող է նաեւ քաղաքը «բեռնաթափելու» բանաձեւ դառնալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՏԻՄ- երը անկախ կլինեին եթե շրջանառության մեջ դրվեր նախնական նախագիծը՝ֆրանսիական ձևը,որի ներդրման համար 20 միլիոն վարկ վերցվեց,ֆրանսիայից մասնագետներ հրավիրվեցին,այդ միջոցները ծախսեցին և խորհրդարանի հաստատմանը ներկայացրին մեկ նախագիծ,որը ֆրանսիականի հետ ոչ մի աղերս չուներ:Այսօր ունենք իրավազուրկ տեղական ինքնակառավարման մարմիններ,որոնք հանդիսանում են մարզպետարանների ,,բաժիններ,,….