«Մեր խնդիրը ձեզ օգնելն է, տուգանելը չէ»,-այսօր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) կաթնամթերք արտադրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԱՊԾ տնօրեն Գեորգի Ավետիսյանը:
Բանն այն է, որ հուլիսի 16-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ կանոնակարգը, համաձայն որի՝ մեր երկրում էլ մակնշման նոր կարգ պետք է գործի: Ասենք, օրինակ՝ այսուհետ կաթնամթերք արտադրողը չի կարող արտադրանքի վրա գրել թթվասեր կամ թթվասերիկ, եթե այն պարունակում է բուսական յուղ: Թթվասերն, ըստ, ՍԱՊԾ մասնագետների կենդանական ծագման է եւ պետք է սպառողներին պատշաճ տեղեկատվություն տալ մակնշման միջոցով, այլ ոչ թե՝ մոլորեցնել: Այսուհետ մակնշումն էլ պետք է լինի տառատեսակի եւ չափի հստակ պահանջներով: Կոնկրետ թթվասերի մասով պահանջը կգործի 2019 թվականի հունվարից, որպեսզի կաթնամթերք արտադրողները հասցնեն նոր պիտակներ պատվիրեն: Ըստ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի, արտադրողներից մի մասը քանի որ պիտակները դրսում են պատվիրում, ժամանակ է պետք, որպեսզի նոր խմբաքանակ տպագրեն, այդ իսկ պատճառով նրանց ժամանակ կտրվի մինչեւ հունվարի 16-ը: Չնայած, որ արտադրողները դեռեւս վեց ամիս առաջ են փոփոխությունների մասին տեղեկացված եղել:
Հանդիպման ժամանակ կաթնամթերք արտադրողները ՍԱՊԾ ղեկավարին դժգոհեցին, որ իրենց արտադրանքը ներքին սպառման համար է, չի արտահանվում, սակայն ԵԱՏՄ կանոնակարգով պետք է հայերեն եւ ԵԱՏՄ երկիր հանդիսացող ինչ-որ երկրի լեզվով մակնշում լինի, որը սովորաբար ռուսերենն է լինում: Սակայն սա խնդիր է առաջացնում երկիր այցելած զբոսաշրջիկների համար, որոնց համար նախընտրելի է անգլերենով մակնշումը: Ի պատասխան, Վահե Դանիելյանն ասաց, որ այդ հարցն իրենք էլ բարձրացրել են եւ պետք է օրենսդրական փոփոխություն լինի, որպեսզի ներքին սպառման համար արտադրվող ապրանքի վրա մակնշումը լինի նախընտրելի լեզվով:
Գրանդ Քենդիի ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե ձեռքբերված հումքը պետությո՞ւնն էլ պիտի ստուգի, խոսքը մասնավորապես՝ կաթի փոշու մասին էր:
Ի պատասխան, ՍԱՊԾ տնօրենն ասաց, որ կաթի փոշու նկատմամբ սահմանային վերահսկողություն կա:
ՍԱՊԾ պատասխանատուները արտադրողներին հորդորեցին խորհրդատվության կամ այլ հրատապ հարցերի դեպքում զանգահարել ծառայության 012.90.60.90 թեժ գծի եւ 012. 40.40.46 հեռախոսահամարներով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ