Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:
Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, հանդիպմանն ադրբեջանական կողմը դժգոհել է, որ հակամարտության լուծման գլխավոր խոչընդոտը Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշումն է»:
Իր հերթին Կլաարը կարևորել է հակամարտության շուտափույթ և խաղաղ լուծումը՝ հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ապահովման: Նա հույս է հայտնել, որ «այս պահին Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Դրան հակադարձել է Հասանովը՝ հայտարարելով, որ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները պարունակում են «ռազմական հռետորաբանություն», իսկ այն, որ վարչապետը և պաշտպանության նախարարն իրենց որդիներին զինվորական ծառայության են ուղարկել Լեռնային Ղարաբաղ, վկայում է այն մասին, որ «այդ իշխանությունը շահագրգռված չէ խաղաղ կարգավորմամբ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ