Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար է պատկերացնել մի սցենար, որ Քոչարյանի հետ կատարվողը դատավորն անում է իր նախաձեռնությամբ առանց Նիկոլ Փաշինյանի գիտության». Ալեքսանդր Իսկանդարյան

Հուլիս 30,2018 17:13

«Քոչարյանի գործը պետք է դիտարկել իշխանության փոխանցման համատեքստում»,- «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ պարոն Իսկանդարյանի՝ իշխանության փոխանցման գործընթացը դեռ չի ավարտվել: Ըստ նրա՝ որպեսզի օրենսդիր իշխանության ոլորտում ևս իշխանության փոխանցում լինի, փոփոխություններ են պետք նաև տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտում. «Հետո կլինեն խորհրդարանական ընտրություններ, որից հետո սպասվում է, որ փոփոխություններ կլինեն նաև դատաիրավական համակարգում»:

Ըստ պարոն Իսկանդարյանի՝ ընտրություններին ընդառաջ առաջին գործիքը հասարակության պահանջմունքների բավարարումն է. «Այդպիսի գործիքներ են հետապնդումները, որոնք կապված են նախկին ռեժիմի, նախկին իշխանությունների հետ, այդ թվում նաև նրանց հետ առնչվող անձանց, գործարարների հետ: Իսկ Ռոբերտ Քոչարյանը բոլոր այդ երեք խմբերում կարող է տեղավորվել»:

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի ունեցողն ունի՞ քաղաքական ենթատեքստ, պարոն Իսկանդարյանը պատասխանեց. «Այս գործը քաղաքական ֆոն ունի, չեմ կարծում, թե հանկարծ մի անկախ դատավոր սկսեց հիմա զբաղվել այս գործով և որոշեց արդարադատություն հաստատել»:

Հարցին՝ Քոչարյանի հետ կատարվածը կարո՞ղ է դառնալ նախադեպ, որ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն պատասխանատվության կանչի նախորդին, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Դա այսպես ավտոմատ կերպով տեղի չի ունենում, որ մեկ անգամ արեցիր, կանես նաև երկրորդ, երրորդ անգամ: Բայց մեր երկրում նման ավանդույթ չի եղել: Նման բան չի եղել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որի նկատմամբ, ի դեպ, հանրային տրամադրվածությունը մեղմ ասած դրական չէր: Հետխորհրդային տարածքում լիդերների հետապնդում եղել է՝ Յանուկովիչը՝ Ուկրաինայում, Ակաևը՝ Ղրղզստանում, Սաակաշվիլին ՝ Վրաստանում: Բոլոր դեպքերում նրանք բոլորն այժմ գտնվում են երկրից դուրս և չեն եկել իրենց երկիր, որ կանգնեն դատարանի առաջ: Բայց Քոչարյանը եկավ, սրանով մեր երկրում տեղի ունեցածը տարբերվում է»:

Կրկին անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետ կատարվող իրադարձությունների քաղաքական ենթատեքստին, պարոն Իսկանդարյանը նշեց. «Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը նախկին նախագահ է: Ինձ համար դժվար է պատկերացնել, որ այս գործը բացվել է առանց նվազագույնը նոր ղեկավարության տեղյակ լինելու և դեմ չլինելու: Դժվար է պատկերացնել մի սցենար, որ առանց Նիկոլ Փաշինյանի և իր կողքի անձանց գիտության դատավորն իր ինքնուրույն նախաձեռնությամբ է դա անում, և նրանք այդ մասին չգիտեն»:

Դառնալով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հայտարարություններին՝ քաղաքագետը հայտարարեց, որ դրանք քաղաքական հայտարարություններ են:

Ըստ պարոն Իսկանդարյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրելը կարող է ազդել Հայաստանի վարկանիշի վրա ՀԱՊԿ-ում: Նա հիշեցրեց՝ որքան դժվար եղավ Խաչատուրովի՝ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում նշանակվելը. կար հակազդեցություն Բելառուսի, Ղազախստանի կողմից: Ըստ պարոն Իսկանդարյանի՝ հիմա կրկին կանգնած ենք խնդրի առաջ:

Որպես ստեղծված իրավիճակից ելքի ճանապարհ պարոն Իսկանդարյանն առաջարկեց. «Երևի թե ավելի լավ կլիներ Յուրի Խաչատուրովին հետ կանչել: Մինչև 2020-ը այդ պաշտոնը պետք է Հայաստանը զբաղեցնի: Երևի թե լավ կլինի նոր թեկնածություն առաջ բերել, որն էլ նորից պետք է քննարկվի ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների կողմից: Իսկ թե ինչպես ՀԱՊԿ-ում կվերաբերվեն այդ նոր թեկնածուին, դա էլ է խնդիր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031