Ս.թ. օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր – 2018» (Noble Partner – 2018) զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբը: ՀՀ ԶՈՒ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:
Զորավարժությունն անցկացվելու է համատեղ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Վրաստանի զինված ուժերի կողմից Վրաստանի Վազիանի և Նորիո ուսումնական կենտրոններում:
Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:
Զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով:
2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը:
2018 թվականին ԱՄՆ աջակցությամբ ձեռքբերված և պատրաստվող դաշտային հոսպիտալի մասնակցությունը <Վեհանձն գործընկեր – 2018> զորավարժությանը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-ից 27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, և մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումը այլ վայրը հնարավոր չէ:
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցության ձևաչափը և մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում:
ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ