Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրառ» ՓԲԸ-ն պարզաբանում է. Ախուրյանի ջրամբարից աննախադեպ և անվերահսկելի ելքերի վերաբերյալ պնդումներն անհիմն են

Հուլիս 30,2018 16:51

Արձագանքելով 25.07.2018 թվականին մամուլի հրապարակված «Փրկել Հայաստանը Կարեն Կարապետյանի կադրերից» հոդվածին, հարկ ենք համարում մի քանի պարզաբանում անել:

Նախ և առաջ, հստակեցնենք, թե ինչ ասել է «ջրառի դադարեցումը իրականացվել է բոլոր կողմերի հետ փոխադարձ պայմանավորվածության արդյունքում»: Բոլոր կողմերի փոխադարձ պայմանավորվածությունը ջրամատակարարի («Ջրառ») և ջրօգտագործողի (ՋՕԸ) միջև է, քանի որ ՋՕԸ համապարփակ ձևով ընդգրկում է տվյալ տարածքի ջրօգտագործողներին` գյուղացիական տնտեսություններին: Պլանային ջրանջատման ժամանակահատվածից առաջ ՋՕ ընկերությունը առաջնահերթ կարգով ջրամատակարարում է իրականացնում այն տարածքներում, որոնք առաջնահերթության կարգով պետք է ոռոգվեն (բանջար-բոստանային կուլտուրաներ): Ջրանջատման ժամանակ օպերատիվ կերպով վերանորոգվում են ջրանցքների վնասված հատվածները, ջրթող կառույցները: Հոդվածի հեղինակը պետք է, որ քաջատեղյակ լինի թեք լանջերով անցնող դեռևս 1950 թվականներին կառուցված ջրանցքների տեխնիկական վիճակին, որոնք միջոցների բացակայության պատճառով պատշաճ վերանորոգված և վերականգնված չեն առ այսօր:

Ինչ վերաբերում է «2017թ. օգոստոսին Ախուրյանի ջրամբարում ոչ մի կաթիլ ջուր չմնաց, ջրամբարը դադարեց գոյություն ունենալ» պնդմանը, ապա պետք է նշել, որ Ախուրյանի ջրամբարը նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի սահմանում սկսել է կառուցվել 1973թ-ից և շահագործվել է 1983 թ-ից, ոչ թե 1976թ-ից:

Սկսած 1983 թ-ից ջրամբարը յուրաքանչյուր տարի չէ, որ լցվել է ամբողջությամբ՝ պայմանավորած սակավաջուր տարիների հետ: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 9 տարին մեկ Ախուրյանի ջրամբարը թերալցվում է, իսկ հաջորդ 9 տարիները լցվում ամբողջությամբ և տեղի է ունենում ջրթափ: Այսպես` 1994 թ-ից մինչև 2002թ. Ջրամբարը թերալցվել է, 2003-ից մինչև 2011թ.՝ ներառյալ, լցվել է ամբողջությամբ և տեղի է ունեցել ջրթափ: 2012-ից մինչև 2018թ. ներառյալ՝ ջրամբարը լցվել է ոչ ամբողջ ծավալով: Փաստացի, 2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Ախուրյանի ջրամբարի լցվածությունը կազմել է 95,59 մլն. խմ ջուր, որն ինքնին վկայում է, որ ջրամբարի գոյությունը չի դադարել:

Անդրադառնալով ոռոգման ջրի կառավարման և ջրաբաշխման խնդրին, ինչպես նաև՝ Ախուրյանի ջրամբարից կատարվող «անվերահսկելի քանակությամբ ջրառին», նշենք, որ Ախուրյանի ջրամբարը շահագործվում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության կողմից 50/50 համամասնությամբ և գտնվում է կողմերի խիստ վերահսկողության տակ: Յուրաքանչյուր ամիս, 8 անգամ, հայ և թուրք մասնագետների կողմից իրականացվում են համատեղ ջրաչափական աշխատանքներ, որոնց արդյունքները ամփոփվում են համապատասխան արձանագրություններով՝ հանձնաժողովների ամենամսյա հանդիպումների ժամանակ:

Ինչ վերաբերվում է ջրաբաշխման խնդրին, ապա անհրաժեշտ է իմանալ հետևյալ պարզ կարգը. ՋՕ ընկերությունները յուրաքանչյուր տարի փետրվար ամսին «Ջրառ» ՓԲ ընկերությանը ներկայացնում են ընթացիկ տարվա իրենց ջրապահանջարկը, ըստ տասնօրյակների, որի հիման վրա էլ կազմվում է տարեկան ջրապահանջարկը: ՋՕ ընկերություններին ոռոգման ջուր մատակարարվում է բացառապես ըստ իրենց հայտերի, և այդ ամենը արձանագրվում է ջրանցքների գլխամասերում տեղադրված SCADA համակարգով և հաշվառվում է յուրաքանչյուր օրվա համար:

Ըստ այդմ, կարելի է պնդել, որ ջրամբարից աննախադեպ և անվերահսկելի ելքերի վերաբերյալ պնդումներն անհիմն են:

Եվ վերջում, ուղղակի նշենք, որ Ախուրյան Արաքս համակարգում ջրի արդյունավետ կառավարման արդյունքում ջրի կորուստը 2017 թ. նվազել է շուրջ 5,5 %-ով: Ինչ վերաբերում է «Ջրառ» ՓԲԸ տնօրեն Կարեն Եփրեմյանին վերագրվող հողակտորին կամ շինարարական խանութին, ուղղակի նշենք, որ Եփրեմյանը որևէ կապ չունի նշյալ հողակտորի կամ շինության հետ:

 

«Ջրառ» ՓԲԸ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031