ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը:
2018թ. մայիսի 14-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:35-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց-Վրացյան փողոցների խաչմերուկում գործող բենզալցակայանում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով ավտոմեքենայի պատուհանը բաց լինելու հանգամանքից, հափշտակել է իր «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում ավտոմեքենային, ձեռքը բաց պատուհանից ներս մտցնում,ապա՝ հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե