Վրաստանում օգոստոսի 1-15-ը կայանալիք ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2018» խորագրով բազմազգ զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը, թեեւ փոքր սպայական կազմով, առավելապես քաղաքական ուղերձներ ունի ՆԱՏՕ-ի գործընկերների, եւ, իհարկե, Ռուսաստանի համար: Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա:
Ըստ ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի՝ ռազմական տեսանկյունից մեր մասնակցությունն առանձնապես լուրջ նշանակություն չունի, քանի որ Հայաստանը երկար տարիներ սահմանափակ ռազմական գործընկերություն ունի ՆԱՏՕ-ի հետ: «Իսկ քաղաքական տեսանկյունից՝ սա շարունակությունն է մեր կառավարության այն փորձերի, որոնք ուղղված են Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հարաբերություներում նոր մոդել ձեւավորելուն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունովը:
Ըստ նրա՝ այդ մոդելի առանձնահատկությունն է՝ պահպանել ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, բայց ընդլայնել Արեւմուտքի հետ «մանեւրելու» դաշտը, ինչը չէր արվում ՀՀ նախորդ իշխանությունների կողմից:
Հետաքրքրվեցինք, թե իր դիտարկմամբ՝ ինչո՞ւ են որոշ ռուս փորձագետներ ՀՀ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին «սադրանք» որակում: Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ խնդիրը միայն փորձագիտական շրջանակներում է. «Կան փորձագետներ, որոնք զգայուն են հետխորհրդային պետությունների՝ «մանեւրելու» փորձերն ընդլայնելու հանդեպ: Արձանագրենք, որ Ռուսաստանից պաշտոնական արձագանք չունենք մեր մասնակցության առնչությամբ, թեեւ փորձագիտական դաշտում որոշակի դժգոհություն է արտահայտվում»:
Դավիթ Հարությունովի խոսքով՝ վերոնշյալը ենթադրում է, որ Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում ՀՀ-ի՝ «մանեւրելու» փորձերին. «Այդ փորձերը տակտիկական են եւ չեն վնասում Ռուսաստանի հետ ռազմավարական նշանակության հարաբերություններին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ