Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Զեյնալյան. նոր Հայաստանում հանդուրժողականությունն ամենակարևոր արժեքն է

Հուլիս 30,2018 15:52

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 24-27-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն կատարած այցի ընթացքում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական անդրանիկ հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի կողմից կազմակերպված հանդիպմանը ներկա են եղել շուրջ 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Հուլիսի 27-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը,  մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի նոր կառավարության տեսլականին` «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության ոչնչացման և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքների ոտնահարման հարցերի վերաբերյալ:

Նախարար Զեյնալյանը անդրադարձել է նաև այս տարվա ապրիլ մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությանն ու նշել, որ  դրա արդյունքում ստեղծված նոր Հայաստանում հանդուրժողականությունն ամենակարևոր արժեքն է: Նախարարի խոսքով, Հայաստանի Հանրապետությունը 27 տարվա անկախ պետականության պատմություն ունի դեռ, սակայն պետք է ասել, որ ՀՀ-ում որևէ ռադիկալ վերաբերմունք չկա կրոնական տարբեր ուղղությունների նկատմամբ. դրա մասին են վկայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների և հատկապես՝ ԱՄՆ ՊԵտքարտուղարության Հայաստանի վերաբերյալ զեկույցները:

Ելույթի ավարտին նախարար Զեյնալյանը հավաստիացրել է, որ Հայաստանի նոր  Կառավարությունն անելու է առավելագույնը՝ Հայաստանում ապրող յուրաքանչյուր անձի իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու, ապահովելու և պաշտպանելու համար:

Վաշինգտոնում գումարված Կրոնական ազատությունների պաշտպանության հարցերով նախարարական հանդիպմանը անդրադարձ է կատարվել մի շարք կարևորագույն այլ խնդիրների, արվել են համատեղ հայտարարություններ:

ԱՄՆ կատարած այցի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի, Արդարադատության դեպարտամենտի, Ժողովրդավարության և մարդու իրավունքների դեպարտամենտի, Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր:

 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031