Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունները՝ հարց է, եթե երկրորդ ծանուցումն ուղարկվեր նրան որպես մեղադրյալ՝ նա կգա՞ր ՀՀ, թե՞ ոչ». Արթուր Սաքունց

Հուլիս 30,2018 15:15

«Սա ունիկալ է, Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա ասում է, որ մեղավոր չէ: Ոչ մեկն իր մեղքը չի ընդունում և պատասխանատվություն չի զգում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով իշխանությունների հոգեբանությանն ու պատասխանատվության կանչմանը:

Ըստ նրա՝ պետք է վերջ տրվի այդ մշակույթին: Հիշելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պարոն Սաքունցն ասաց. «Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը մեղավոր է, սխալ, բայց այդպես էլ չհասկացանք, թե սխալը որն էր»:

Դառնալով Ռոբերտ Քոչարյանի գործի մանրամասներին՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծիք հայտնեց՝ պետք էր այնուամենայնիվ ծանուցում ուղարկել Ռոբերտ Քոչարյանին: Հարցին՝ այն, որ երբ Քոչարյանի կարգավիճակը փոխվեց վկայից մեղադրյալ, նա հրաժարվեց ցուցմունք տալ, դա նշանակում է, որ նա ունի տեղեկություններ, բայց չի՞ ցանկանում հայտնել, պարոն Իշխանյանն արձագանքեց. «Անկեղծ ասած՝ կուզեի, որ ՀՔԾ-ն Քոչարյանին հստակ ծանուցում ուղարկեր իր կարգավիճակի համար: Հին պրակտիկա է, երբ որպես վկա կանչում են, իսկ վկան իրավունք չունի ցուցմունք չտալ, իսկ հետո կարգավիճակը փոխում են՝ մեղադրյալ կամ կասկածյալ: Մեղադրյալն ու կասկածյալն իրավունք ունեն ցուցմունք չտալու: Այս տրյուկը միշտ օգտագործվել է ՀՀ իրավապահ համակարգի կողմից: Դա վատ է անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք Քոչարյանի նկատմամբ: Իրավական տեսանկյունից նա իրավունք ուներ ցուցմունք չտալու»:

Արթուր Սաքունցի կարծիքով էլ,  հատուկ ծանուցագիր պետք է ուղարկվեր Ռոբերտ Քոչարյանին, բայց մյուս կողմից՝ պարոն Սաքունցը նշեց. «Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի անձը, հնարավորությունները՝ հարց է, եթե երկրորդ ծանուցումն ուղարկվեր նրան մինչև նրա՝ ՀՀ գալը որպես մեղադրյալ՝ նա կգա՞ր, թե՞ ոչ: Տեսանք, որ Սերժ Սարգսյանի եղբայրների և եղբոր տղաների պարագայում նրանք հիմա չկան: Նույնիսկ այս պարագայում պետք էր ծանուցում ուղարկել, թող պատասխանատվությունը մնար Քոչարյանի վրա: Ճիշտ կլինի, որ հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունն այդ գործի հանդեպ՝ ՀՔԾ-ն պարզաբանումներ ներկայացնի»:

Պարոն Սաքունցը պնդեց՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ցուցմունք չտալ իր, իր հարազատների և մերձավորների դեմ:

Ավետիք Իշխանյանն էլ հավելեց՝ Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի ընդհանրապես ցուցմունք չտալ, քանի որ կասկածյալը կարող է լռել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031