Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ «Walk Free Foundation»-ի` Հայաստանում 16 հազար ստրուկ կա. փորձագետի կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ-ն պետք է արձագանքի այս զեկույցին

Հուլիս 30,2018 14:41

«Walk Free Foundation» հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ Հայաստանում 16 հազար ստրուկ կա:

«Այսպիսի հայտարարությունը վտանգավոր է Հայաստանի համար»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՄԱԿ-ի ժամանակակից ստրկության ձեւերի առաջին զեկուցող (ընտրված Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2008-2016-ին), միջազգային փորձագետ Գյուլնարա Շահինյանը: Նա նաեւ ասաց, որ այս զեկույցի տվյալները, թե Հայաստանում 16 հազար ստրուկ կա, իրականությանը չեն համապատասխանում: Այս զեկույցով կազմակերպությունը Հայաստանին, որպես «ստրկատիրական» երկիր հավասարեցնում է ասիական եւ աֆրիկյան որոշ երկրներին:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք այս կազմակերպությունը հեղինակավոր է եւ կարո՞ղ է ազդել Հայաստանի վարկանիշի վրա, տիկին Շահինյանը պատասխանեց.«Կազմակերպությունը հեղինակավոր չէ, բայց քանի որ միացել է միջազգային միգրացիոն կազմակերպությանն ու աշխատանքի համաշխարհային կազմակերպությանը, կարգավիճակը բարձրացել է: Պատկերացրեք, մարդը ուզում է գալ Հայաստան եւ ներդրում անել: Կարդում է Հայաստանում կա 16 հազար ստրուկ, ոչ թե թրաֆիքինգի զոհ, ոչ թե հարկադիր աշխատանք, այլ՝ ստրուկ, որն ամենաբարձր ձեւն է շահագործման: Վարչապետը ներդումային քաղաքականությունն է զարգացնում, եւ եթե որեւէ մեկն ուզում է ազնիվ ներդրում անել, կմտածի՝ ինչո՞ւ ներդրում անեմ, այստեղ եթե ստրուկ կա, ուրեմն կոռուպցիա կա, օրենքները չեն գործում: Մյուսն էլ կարող է մտածել՝ լավ է, շատ ստրուկ կա, կարող եմ ավելի շատ շահույթ ունենալ: Նման զեկույցը կարող է Հայաստանի վարկանիշը շատ-շատ վնասել: Եվ իրենք, ցավալի է, որ հաշվի չեն առել, որ մեզ մոտ իրավիճակ է փոխվել, հեղափոխություն է եղել»:

Մեր այն հարցին՝ արդյոք ՀՀ կառավարությունը պետք է համարժեք արձագանքի այս զեկույցին եւ հերքի այն, տիկին Շահինյանը պատասխանեց. «Ինձ թվում է, կառավարությունը կամ արտաքին գործերի նախարարությունը պետք է արձագանքի, նամակ գրի միջազգային կազմակերպություններին, որոնք իրենց աջակցում են, եւ արտահայտի իր անհամաձայնությունը ե՛ւ թվերի, ե՛ւ զեկույցի հետ: Նույն միգրացիոն միջազգային կազմակերպություն կա Հայաստանում, աշխատանքի համաշխարհային կազմակերպություն ունենք այստեղ, պետք է իրենց հրավիրեն եւ խոսեն, արտահայտեն իրենց անհամաձայնությունը եւ տեքստ պատրաստեն եւ ուղարկեն»:

Գյուլնարա Շահինյանն ասաց, որ այս զեկույցը կազմելիս տվյալ կազմակերպությունը Հայաստանի համապատասխան կառույցներից որեւէ տվյալ չի ստացել ու չի էլ խնդրել. «Սա վերլուծություն է Հայաստանի իրավիճակի մասին, բայց իրենք ինդեքսներ են մշակել, դրանց հիման վրա են կազմել, թե՝ ո՞ր օրենքներին է Հայաստանը միացել, ո՞ր միջազգային կոնվենցիաներին, ինչպե՞ս է իրականացնում դրանք, կամ օրենսդրական դաշտն ինչպիսի՞ն է: Սրանց հիման վրա վերլուծություն են արել, եւ հանգել այդ թվին»:

Տիկին Շահինյանն ասաց, որ այդ զեկույցի մեզ վերաբերող տվյալներն ու հիմնավորումները սխալ են:

Մեր հարցին, թե՝ 16 հազար ստրուկ նշելով՝ ի՞նչ չափանիշով են առաջնորդվել, որ նշել են՝ այդքան ստրուկ կա, Շահինյանը պատասխանեց. «Կա 29 համարի կոնվենցիա, որտեղ տրված է ձեւակերպումը՝ մարդու նկատմամբ կիրառվող սեփականություն բոլոր ձեւերը: Սա նշանակում է՝ մարդուն դու կարող ես առնել-ծախել, շահագործես, մաքսիմալ շահագործման մեխանիզմն է, որը բացարձակապես կիրառելի չէ Հայաստանի համար»:

Տիկին Շահինյանի ներկայացմամբ՝ զեկույցում վաղ ամուսնությունները նույնպես մտնում են ժամանակակից ստրկության մեջ, ինչը կասկածի տեղիք է տալիս։ Շատ զարմանալի է, որ զեկույցի հեղինակները 200 երկրից միայն 28-ն են ուսումնասիրել ու որոշել, թե մյուս երկրներում որքան ստրուկ կա։ Ստրուկին հաշվելը խիստ դժվար է, նրանք որեւէ տեղ գրանցված չեն, նրանց գրեթե անհնար է հայտնաբերել»:

Փորձագետը վստահեցրեց՝ Հայաստանում ստրուկ չկա, կա հարկադիր աշխատանք, կա երեխաների աշխատանք, կան վաղ ամուսնություններ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031