Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն էլ չէր սպասի, որ այն համակարգը, որն ինքն է ստեղծել, բաժին է ընկնելու իր հակառակորդին». Ավետիք Իշխանյան

Հուլիս 30,2018 14:29

«Այն կառավարման համակարգը, որ ունենք, կարգավորվում է սուպերվարչապետության սկզբունքով, իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է ամրագրվի սահմանադրությամբ կամ իրավական նորմով»,- «Մեդիա կենտրոնում» «Վերահսկելի և պատասխանատու իշխանություն ձևավորելու անհրաժեշտություն․ չկա անձեռնմխելի իշխանություն» թեմայով քննարկմանը մտահոգություն հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա վստահեցրեց՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ կառավարության որևէ անդամ որևէ փաստաբանի չի զանգի, թելադրի, բայց դա պետք է չլինի անձի վրա դրված, այլ իրավական երաշխիք:

Պարոն Սաքունցի համոզմամբ՝ պիտի լինի փոփոխությունների հայեցակարգ, որը պետք է լինի մինչև ԱԺ ընտրությունները. «Հստակ պարտավորություն պիտի լինի, որ առաջիկա ընտրություններից հետո կատարվեն արմատական փոփոխություններ և հստակ ամրագրվեն այն փոփոխությունները, որոնք պիտի արվեն օրենսդրական մակարդակով, նույնիսկ լինի ժամանակացույց: Հանրության համար հստակ, կանխատեսելի պիտի լինի հետագա իրադարձությունների տրամաբանությունը, որի նպատակը կլինի սուպերվարչապետական համակարգի վերացումը և իշխանությունների տարանջատման սկզբունքի հնարավորությունը: Պետք է տրվի անաչառ իրավական գնահատական»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ միապետական սահմանադրությունը լիազորություն չի տվել հասարակությանն իշխանափոխություն անել ընտրությունների միջոցով, և իշխանափոխության միակ ձևը եղել է ոչ ընտրությունների ճանապարհը՝ 1998-ի պալատական հեղափոխություն, մյուսը եղավ հեղափոխությունը. ո՞վ կսպասեր, Սերժ Սարգսյանն էլ չէր սպասի, որ այն համակարգը, որն ինքն է ստեղծել, բաժին է ընկնելու իր հակառակորդին»:

Նա հիշեցրեց, որ ժամանակին լինելով ընդդիմություն, Նիկոլ Փաշինյանն ու ներկայիս կառավարության անդամները քննադատում էին այս համակարգը. հիմա իրենց մնաց ժառանգություն:

Ավետիք Իշխանյանը հայտնեց, որ ինքն առայժմ սպասողական վիճակում է: Դառնալով վերջին 30 տարիներին՝ պարոն Իշխանյանը դրանք համարեց կորսված տարիներ. «Մենք այդ ժամանակահատվածում կարող էինք ժողովրդավարական պետություն կառուցել, որտեղ քաղաքացիները հպարտ կզգային իրենց, որ մարդիկ չմտածեին միայն իշխանությունը պահելու և հարստանալու մասին: Պիտի պահանջենք ոչ միայն ՔՊ-ից, որը հստակ խոստումներ է տվել, այլ բոլոր քաղաքական ուժերից, որոնք մասնակցել են ընտրություններին: Բայց ամենապատասխանատուն ՔՊ-ն է. ձախողման դեպքում հիմնական մեղքը նրանց վրա է»:

Ավետիք Իշխանյանը հույս ունի, որ նոր իշխանությունները քննադատությունները կընդունեն և դրանց կպատասխանեն փաստերով և անհրաժեշտության դեպքում շտկումներով:

Հարցին՝ ի՞նչ միջոցներ պիտի ձեռնարկվեն, որ նորից նույնը չկրկնվի, ինչպես ՀՀԿ-ի իշխանության ժամանակ, պարոն Սաքունցը պատասխանեց. «Ֆանտազիայի ժանրից է, որ ՀՀԿ-ն կգա, դա անհնարին, մտացածին վարկած է: Բայց այն, որ այդ մտածելակերպն ունեցող մարդիկ տարբեր փաթեթավորմամբ կարող են որոշակի ազդեցություն ունենալ, դա միանշանակ է: Այսօրվա իշխանությունների թերացումները թույլ կտան, որ աղբ լցվի: Բայց չգիտես ինչու մտածում են, որ չպետք է քննադատել կառավարությանը, կարծիք ասել, մինչդեռ ոչ, հակառակը, պետք է քննադատել, որպեսզի իշխանությունները թերությունները շտկեն: Այդ մասին ասաց նաև Նիկոլ Փաշինյանը: Բայց մնացածները կարծես այլ կերպ են իրենց պահում: Մնացածներն իրենց ավելի շատ Նիկոլ Փաշինյան են պահում, քան Նիկոլ Փաշինյանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031