Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնադրամի կողմից, «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից» (IFAD) ստացված վարկային միջոցներով 2014թ. ավարտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս գյուղերի գազիֆիկացումը:
4 տարի է անցել, սակայն այդ գյուղերի բնակիչների մի մասը դեռեւս չեն օգտվում երկնագույն վառելիքից: Գյուղացիները փող չունեն, որ իրենց առանձնատներ գազատար խողովակ անցկացնելու աշխատանքների համար գազի ծառայության աշխատակիցներին վճարեն: Գյուղերի բնակիչները յուրաքանչյուր գծամետր խողովակ անցկացնելու համար պետք է վճարեն 4 հազար դրամ: Այդ գումարը ներառում է եւ խողովակի արժեքը եւ աշխատողների վճարը: Մեկ առանձնատան համար գազիֆիկացման ծախսը կազմում է 80-100 հազար դրամ եւ ավելին՝ կախված գազատար ցանցից այդ տան հեռավորությունից:
Ներկայումս Բարեկամավան գյուղում բնական գազի բաժանորդ չկա, Կոթիում ընդամենը 70 բաժանորդ գոյություն ունի, Ոսկեվանում, Բաղանիսում, Ոսկեպարում բնակիչների մի մասն է բաժանորդ: Ռուսաստանում բնակվող, Ոսկեպարից սերված գործարարներից մեկը վճարել է իր համագյուղացիների տները գազի խողովակներ անցկացնելու գումարը, սակայն աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, Ոսկեպարի բնակիչների մի մասն է գազի բաժանորդ:
Հուլիսի 21-ին տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ Նոյեմբերյանում հանդիպման ժամանակ սահմանամերձ գյուղերի ղեկավարները բարձրացրել են այդ գյուղերի տների գազատար անցկացնելու թանկ վճարի հարցը: Նախարարն ասել է, որ ինքը ծանոթ է խնդրին, կփորձի հարցի լուծումը, գտնել, բանակցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ