Լրահոս
Օրվա լրահոսը

«Անիծվեր այն օրը, որ ես այդ գյուղում ծնվեցի»

Հուլիս 30,2018 13:15

«Անիծվեր այն օրը, որ ես այդ գյուղում ծնվեցի»,- այս արտահայտությունն արել է գյուղաբնակ մի կին, տասնամյակներ առաջ, բայց մինչ օրս ԱԺ տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն այն չի մոռանում: Արտահայտությունն արվել է, երբ ինքն այլ պաշտոն էր զբաղեցնում եւ հերթական այցով գյուղական մի բնակավայրում էր, բայց այն այսօր էլ օրախնդիր է այն առումով, որ համայնքային համաչափ զարգացման խնդիրները Հայաստանում դեռեւս ամբողջովին լուծված չեն:

ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում մեկնարկել է «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով քննարկումը, որին մասնակցում են նաեւ ՀՀ կառավարության ներկայացուցիչները:

Քննարկումը վարող «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացնող ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այս քննարկումը կարեւոր է համարում, քանի որ կառավարությունում մեկնարկել են եկող տարվա բյուջեի քննարկումները եւ պետք է մեծ ուշադրություն դարձվի համայնքների համաչափ զարգացման հարցերին: «Գյուղը պետք է լինի գրավիչ, որտեղ պետք է գործի եւ մշակույթի ակումբը, եւ ամբուլատորիան, համայնքամիջյան ճանապարհները լինեն նորմալ վիճակում, մյուս ենթակառուցվածքները նույնպես գործեն: Չենք կարող հատկապես սահմանամերձ բնակավայրերում կորցնել բնակիչներին»,- կարծում է Միքայել Մելքումյանը: Այս համատեքստում, նա բարձրացնում է նաեւ հարցը` արդյոք համայնքների խոշորացումը իրենն արդարացրել է:

Հիմնական զեկուցող, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը առանձնացրել էր 20 կետ, որոնք վերաբերում են համայնքների զարգացման խնդիրներին: Դրանցից առաջինը ընտրություններն են. «Համայնքների խնդիրները գալիս են ընտրություններից, առաջնայինը կուսակցական շահն է եւ քանի որ իշխանությունները այնպիսի մոդել են ստեղծել, որ համայնքների ղեկավարներն առանց հոգսերի ձգտել են դոտացիաներ ստանալ, որը հասնում է 80%-ի, ունեցել են ուռճացված ծախսեր եւ ոչ թե սեփական բյուջեն են ձեւավորել»:

Խոսելով խոշորացված համայնքների մասին էլ ասաց`խոշորացված համայնքները չգիտեն ինչի՞ համար են մյուսին միացել, իրենց հետ ի՞նչ ռեսուրս են բերել: Նա խնդիր է համարում նաեւ նոր բիզնեսների խտությունը 1000 աշխատունակ բնակչության դեպքում. «ՀՀ-ում առանձնապես աչքի չի ընկնում բիզնեսով զբաղվելու ձգտումը: ՓՄՁ-ները համայքներում միջինը գտնվում են 1%-ի սահմանում, ինչը զավեշտական թվեր են ստացվում, եթե հաշվարկում ես ՀՆԱ-ի հաշվին»: Կա նաեւ աշխատանքի ներգրավվածության խնդիր. տարեկան շուրջ 30 000 բնակիչ մեկնում է միգրացիոն աշխատանքի: Ըստ Գագիկ Մակարյանի, նաեւ տուրիզմի զարգացումը կխթանի համայնքների զարգացումը, բայց պետք է հասկանալ, թե ինչի՞ վրա դնել շեշտը:

Արդյոք տարածքային համաչափ զարգացումը միայն ձեռներեցությամբ զբաղվե՞լն է: Այս հարցադրումը Խոսրով Հարությունյանինն է: Նա համամիտ չէ: Ասում է`խնդիրը նաեւ ապրելու տարրական պայմաններն են: Ինքը կարծում է, որ տարածքային զարգացման չափանիշները հստակեցնելուց հետո պետք է պետական կառավարման մարմիններին տրվելիք հնարավորությունները դիտարկենք, որպեսզի խնդիրները լուծվեն. «31 սահմանամերձ համայնքի հայտարարեցինք հարկերից ազատ գոտի, բայց ոչ մի տեղաշարժ չկա: Մինչդեռ մենք բավական ոգեւորված այդ օրենքն ընդունեցինք: Պարզվում է, խնդիրը բնավ էլ հարկերը չեն: Սա պետք է վերլուծել: Էլ չեմ ասում, 350 միլիարդ հարկային արտոնությունների մի ամբողջ ծավալ, որը դեռ պարզ էլ չի, թե ինչ արդյունք կտա»:

Այլ մանրամասները`տեսանյութում

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին հետաքրքրում է`քննարկված հարցերի լուծումներն ինչպե՞ս ենք տեսնելու:

Տարածքային զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գեւորգյանն ասում է`եթե ավագանին բախվելու է անտարբեր բնակչին, արդյունք չենք ունենա. «Համայնքապետը 1,5 միլիարդանոց մշակույթի տուն է կառուցում, երբ համայնքն ունի ոռոգման ջրի խնդիր: Հարցնում ես, ասում է`բնակիչները դա են ուզում»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Խոսրով Հարությունյանը համամիտ չէ փոխնախարարի շատ դիտարկումների հետ: Ասում է` ավագանիների մոտիվացիան պետք է փոխվի: Օրինակ է բերում խոշոր քաղաքները եւ քաղաքական ակտիվությունը համայնքային կառավարման ոլորտում. «Թող գան ուժեղ քաղաքական ուժեր եւ աշխատեն: Դրա համար պետք է խոշորացման գնալ»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031