Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր մենք ունենք նոր առաջնագիծ՝ անհամեմատ ավելի պաշտպանված»

Հուլիս 30,2018 13:30
Մեր զրուցակիցն է Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահրամ Պողոսյանը:
– Պարոն Պողոսյան, օրեր առաջ ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հայտարարեց ասուլիսում, որ Տարբեր խորությունների վրա ցերեկային և գիշերային պայմաններում առաջնագիծը լիարժեք վերահսկվում է: Դրանից առաջ որոշ աղմկահարույց բացահայտումներ եղան Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում ստացված օգնության վերաբերյալ: Կասե՞ք, թե ինչ դերակատարում ունեցան այն ժամանակ ստացված օգնությունները առաջնագծի նման վերազինման գործում:
– Արդեն երկու տարուց ավելի է անցել ապրիլյան պատերազմից, որը ավելի արագացրեց առաջնագծում կատարվող լավարկման աշխատանքները: Մասնավորապես՝ պատերազմի օրերին բացված կառավարության հատուկ հաշվեհամարում կուտակված բարեգործական գումարների, պետական բյուջեով տրամադրվող միջոցների և մի շարք բարերարների կողմից ֆինանսական և նյութատեխնիկական առանձին աջակցությունների շնորհիվ այս երկու տարում նշանակալիորեն բարելավվել է առաջնագծի պաշտպանության տեխնիկական բաղադրատարրը: Բոլոր ուղղություններում տեղադրվել են տարբեր հեռավորության դիտարկման ու վերահսկման համակարգեր, որոնք էականորեն հեշտացրել ու բազմակողմանի են դարձրել օպերատիվ և ռազմավարական անհրաժեշտ տվյալների հավաքագրման գործընթացը: Արդյունքում հայկական կողմը սկսել է շատ ավելի վաղ և համակողմանի կերպով դիտարկել Ադրբեջանի տարածքում տեղի ունեցող շարժերն ու փոփոխությունները, ինչը թույլ է տալիս մեզ համապատասխանեցնել մեր գործողությունները առկա միտումներին:
Քանի որ վերջին շրջանում տարբեր առիթներով շահարկվել է ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո հավաքագրված օգնության բաշխման հարցը՝ հիշեցնեմ, որ այն ժամանակ կառավարությունը պարբերաբար հանդես է եկել բաց հաշվետվություններով՝­ բազմապիսի օգնությունների ստացման ու բաշխման վերաբերյալ: Մասնավորապես՝ ներկայացրել ենք բոլոր ստացված մեքենաների նվիրատուների և ստացող սուբյեկտների ցանկերը, ֆինանսական բոլոր փոխանցումների հեղինակների անունները ու հավաքագրված միջոցների բաշխման ուղղություններն ու մարմինները:
Կարճ ասած, կառավարությանը տրամադրված բոլոր տիպի աջակցությունները արդյունավետորեն են բաշխվել, և այդ աղմկահարույց դեպքերով բացահայտված ապրանքների հետ կառավարությունն առնչություն չունի: Մանրամասն հաշվետվություններն առկա են կառավարության կայքում: Ինչ վերաբերում է առաջնագծի վերազինմանը, ապա այդ աշխատանքների մի մասը կատարվել է հենց հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարներով:

Կնշե՞ք, թե ինչ տիպի և ծավալի խոշոր աջակցություն է ստացել կառավարությունն այն ժամանակ:

– Հատուկ հաշվեհամարին փոխանցվել էր շուրջ 5.5 մլրդ դրամի նվիրատվություն, և ի թիվս հազարավոր նվիրատուների՝ մի շարք անհատներ և կազմակերպություններ խոշոր նվիրատվություններ են կատարել: Ֆինանսական առումով, օրինակ, Գազպրոմ Արմենիան հատկացրել է ավելի քան 600 մլն դրամ, Ռուբեն Վարդանյանը և նրա գլխավորած IDeA հիմնադրամը՝ շուրջ 1.1 մլն դոլար, Մայր աթոռը՝ շուրջ 1 մլն դոլար և այդպես շարունակ: Իսկ նյութատեխնիկական մասով հատկանշական էին Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ համայնքների նվիրատվությունները գլխավորապես մեքենաների տեսքով, ինչպես նաև նշանակալի է գործարար Գուրգեն Խաչատրյանի կողմից մի շարք կարևոր սարքավորումների ու նորարարական տեխնոլոգիաների հատկացումը: Բազմաթիվ այլ աջակիցներ էլ են եղել և՛ ֆինանսական, և՛ նյութատեխնիկական, և՛ պարենային ու այլ միջոցներով, սակայն ավելի փոքր ծավալի. նրանց մի մասն ուղիղ կերպով աշխատել է ՊԲ-ի հետ՝ առանց կառավարության լրացուցիչ օղակի, ինչը նշանակում է, որ իրենց նվիրատվությունները չեն հաշվառվել ու հրապարակվել մեր կողմից:

– Արդյո՞ք առ այսօր շարունակվում է աջակցության ցուցաբերումը: Եթե այո, ապա ի՞նչ տիպի:

– Նշեմ, որ ի լրումն պետական միջոցներով իրագործվող ծրագրերի՝ որոշ բարերարներ առ այսօր շարունակում են աջակցություն ցուցաբերել առաջնագծի տեխնոլոգիական վերազինման գործին, որի մասին չենք կարող բացեիբաց ներկայացնել, քանի որ գաղտնիության խնդիր կա:

Ամեն դեպքում, մի բան միանշանակ է, որ պետական որոշ ծրագրերի, շատ սրտացավ հայորդիների աջակցության և բազմաթիվ նվիրյալ զինծառայողների ջանքերի շնորհիվ այսօր մենք ունենք նոր առաջնագիծ՝ անհամեմատ ավելի պաշտպանված, ինչի շնորհիվ թե՛ ողջ հայրենիքի սահմաններն են ավելի ապահով դարձել, թե՛ յուրաքանչյուր զինվորի կյանքը: Դա շարունակական գործընթաց է, և մենք պետք է միշտ ուշադրության ներքո պահենք մեր առաջնագիծը՝ անընդհատ աշխատելով դրա պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ:
Մենք շնորհակալ ենք բոլորին իրենց նվիրատվությունների համար, դա ներդրում էր ողջ հայության անվտանգության մակարդակի բարձրացման կարևորագույն գործում:

«Առավոտ»

28.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031