Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ թատրոնը «կերակրած» «Գնա մեռի, արի սիրեմ»-ը՝ նոր, ղազանչյանական ռեժիսուրայով

Հուլիս 30,2018 13:00

«Եթե հայրդ կամ մայրդ ծերանոցում են, հարամ է քո կերածը, հարամ է քո ապրածը: Կասկած չունենաս, որ նույն վիճակում դու կհայտնվես»,- «Առավոտին» ասաց ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը:  Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած Արամաշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» կատակերգության պրեմիերայից առաջ: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ այս պիեսը իրենց թատրոնում ունեցել է երկու բեմադրություն, որոնք իրականացրել են ռեժիսորներ Անդրանիկ Գամջյանը եւ Անուշ Սարգսյանը: Իսկ կերպարներն էլ ժամանակին մարմնավորել են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Մելինե Համամջյանը, Մայիս Կարագյոզյանը, Քաջազուն Գյուրջյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը եւ ուրիշներ:

Երջանիկ ճանապարհ է անցել Պապայանի այս պիեսը, որը մոտ հինգ տասնամյակ փաստորեն «կերակրում» է հայ թատրոնը, խաղացվել է բոլոր պետական թատրոններում, ինչպես նաեւ Սփյուռքի թատերական խմբերում: Ղազանչյանի բեմադրությամբ «Գնա մեռի, արի սիրեմ»-ը ժամանակին դիտել են Կանադայում եւ Բեյրութում: «Հասկանում եմ, որ ծերանոցներ եղել են ու կլինեն, բայց գոնե այնտեղ ապրեն հարազատներ չունեցող մարդիկ, այլ ոչ այնպիսիները, որոնց որդիները հենց նույն երկրում վայելում են կյանքը: Ախր նրանք ոնց են հոգի տալու: Հիշում եմ՝ երբ Բեյրութում կայացած առաջնախաղից հետո դերասաններիցս մեկի հարեւանը, որը հրավիրված էր, նեղացել էր, չգիտեմ ումից՝ հրավիրողի՞ց, թե՞ պիեսից: Հետո ինձ տեղեկացրին, որ այդ կնոջ ծնողներն ապրում են ծերապարտեզում»,- հայտնեց ռեժիսորը:

Տեսարաններ «Գնա մեռի, արի սիրեմ»-ից:

Անդրադառնալով Երեւանում կայացած պրեմիերային, մինչ ներկայացման սկիզբը Երվանդ Ղազանչյանը հանդես եկավ խոսքով, որտեղ հատուկ նշեց, թե այս բեմադրությունը քաղաքական նպատակ չի հետապնդում: Բայց որքան էլ խոսք ասվի այդ մասին, այդուհանդերձ, այս թեման միշտ մնում է ամենասուր սոցիալական թեման եւ սոցիալական հանգամանքը միշտ գերապատվություն ունի ստեղծագործության նկատմամբ: Իսկ հայ իրականության մեջ այն շատ սուր հարց է, քանի որ ավանդույթները բախվում են ներմուծված իրականությունների հետ, ծերանոցներ, ծերապարտեզներ, հատուկ խնամակալներ եւ լիքը ամուր հիմնավորումներ ու արդարացումներ եւ սա միշտ «դատապարտված» է հետաքրքիր թեմա լինելուն: Տարբեր երկրներում տարբեր սովորույթներ կան այդ առումով: Բնականաբար, հայերն իրենց ամուր ավանդույթներն ունեն, բայց կյանքի հանգամանքներն այնքան զորեղ են, որ ժամանակները նոր պահանջներ են դնում եւ ամեն ընտանիք չէ, որ կարողանում է հետեւել ավանդական սովորույթին: Հայկական ընտանիքում ընդունված է, որ տան մեծը մինչեւ վերջին շունչը շրջապատված լինի ընտանիքի անդամների հոգատարությամբ: Իսկ մեր իրականության մեջ այլ տեսակետները գործում են միայն ստիպված, հանգամանքներից ելնելով: Իրականում սոցիալական բավականին սուր այս թեման իր արտահայտությունն է գտնում գրականության, առանձնապես թատերագրության մեջ, քանի որ այն հարուստ է տարակարծություններով ու երեւույթը գնահատելու իրարամերժ տեսակետներով: Եվ քանի որ ծերությունը աշխարհագրություն չի ճանաչում, ծերանալու, ծերանոցում տեղավորելու, ժառանգությունը կիսելու, տարիքն առած մարդուն այս կյանքից այն կյանք ճանապարհելու թեման դասվում է համաշխարհային արվեստի ամենահարուստ թափառական թեմաների շարքին:

Ստեղծագործական խումբը ներկայացումից հետո:

Անդրադառնալով «Գնա մեռի, արի սիրեմ»-ի օրերս կայացած պրեմիերային, կոնկրետ չառանձնացնենք 9 դերակատարներից որեւէ մեկին, իսկ նրանք են՝ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Սիփան Զադոյանը, Հասմիկ Վերդյանը, Մարիամ Գրիգորյանը, Արեւ Հակոբյանը, Վարդան Կուղյանոսյանը, Գարիկ Ասատրյանը, Աշոտ Հակոբյանը եւ գլխավոր՝ 70-ամյա ծեր պապիկին՝ Տարոնին մարմնավորող Զավեն Աբրահամյանը: Փաստենք, որ նրանց խաղը այնքան արժանահավատ ու սրտառուչ էր, որ լեփ-լեցուն դահլիճում գտնվող նաեւ երիտասարդ հանդիսատեսներից շատերը ներկայացումից հետո ռեպլիկներ էին «շպրտում»՝ «էս կատակերգություն չի, իսկական ողբերգություն է»:

Անխոս, ներկայացման հաջողությանը նպաստեց նաեւ երիտասարդ նկարիչ Տաթեւիկ Հովհաննիսյանի աշխատանքը, ինչպես նաեւ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանի երաժշտական ձեւավորումը: Օգտագործված էին գուսան Աշոտի «Հայրիկ», Ջիվանու «Ձախորդ օրեր», Դանիել Ղազարյանի «Հեյ ջան, հեյ ջան» երգերի, Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» սիմֆոնիկ պոեմից հատվածներ ու մի քանի ժողովրդական երգեր եւս: Լավ էր գտնված հատկապես հանրահայտ այս ստեղծագործություններից մեկ-երկուսը ներկայացնել ռոյալի մեկնաբանությամբ (դաշնակահար՝ Նունե Արզումանյան):

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

28.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031