Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության արձագանքը՝ ադրբեջանցի խորթ հոր մասին. «Չի կարող խոսք լինել երեխային խորթ հորը կամ խորթ մորը վերադարձնելու մասին»

Հուլիս 30,2018 12:25

Ինչպես տեղեկացրել ենք, Aravot.am-ը ահազանգ էր ստացել, որ արդարադատության նախարարությունը մտադիր է 4-ամյա հայ երեխային՝ Գեւորգ Բաբախանյանին «բռնի ուժով» կտրել իր հայ ծնողից ու հանձնել ադրբեջանցի խորթ հորը:

Ավելին, երեխայի հոր՝ Ռոբերտ Բաբախանյանի շահերի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի պաշտոնակատար Ալբերտ Վիրաբյանն ասել է, թե «Ինչո՞ւ եք մտածում, որ խորթ ադրբեջանցի հայրը ավելի վատ կխնամի եւ կդաստիարակի երեխային, քան իր իսկական հայ ծնողը», ինչը վրդովվեցրել է երեխայի հարազատներին:

Այս առնչությամբ մենք պարզաբանում խնդրեցինք արդարադատության նախարարությունից՝ հարցնելով՝ երեխայի հայրական կողմի հարազատները, փաստաբանը վկայակոչում են Հաագայի կոնվենցիայի 12-րդ դրույթը ու ասում, որ մեր նախարարությունը դարձել է ՌԴ դատարանների կամակատարը, չի ուզում հետեւել կոնվենցիաներին։

Նախարարությունից պարզաբանել են հետեւյալը. «2018 թվականի մայիսի 29-ին «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում ՌԴ կենտրոնական մարմինը դիմել է ՀՀ կենտրոնական մարմնին՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության՝ անչափահաս Գ. Բաբախանյանին իր մշտական բնակության վայր՝ քաղաք Վորոնեժ վերադարձնելու նպատակով: Երեխայի ծնողների ամուսնությունը գրանցվել է 2014-ին՝ Վորոնեժ քաղաքում, նույն թվականին ծնվել է Գ. Բաբախանյանը: ՀՀ արդարադատության նախարարությանը տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրության և իրականացվող աշխատանքների արդյունքում պարզվել է, որ երեխան իր հոր հետ ժամանել է Հայաստան 2016 թվականի հոկտեմբերին, միաժամանակ վերջինիս կողմից հայց է ներկայացվել ՌԴ Վորոնեժ քաղաքի Ժելեզնոդորոժնի շրջանի դատարան՝ ամուսնալուծության եւ երեխայի բնակության վայրը որոշելու խնդրանքով: Նշված դատարանի կողմից 2016թ. դեկտեմբերին, երեխայի մոր միջնորդությամբ, ընդունվել է դատական ակտ՝ մինչեւ ամուսնալուծության եւ երեխայի բնակության վայրը որոշելու մասին դատարանի վերջնական վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որպես երեխայի բնակության վայր սահմանել նրա մոր բնակության վայրը: 2017թ. մարտին վերը նշված դատարանի կողմից որոշում է կայացվել ամուսնալուծել ամուսիններին, մերժել երեխայի հոր պահանջը՝ երեխայի բնակության վայրը որոշելու մասին և երեխայի բնակության վայրը սահմանել մոր բնակության վայրը՝ ք. Վորոնեժ, ինչպես նաև նրա հորից բռնագանձել ալիմենտ մոր օգտին: Վարույթն իրականացվել է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայությամբ»: Նշված դատական ակտը երեխայի հոր կողմից բողոքարկվել է վերաքննիչ դատարան, որը առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը թողել է անփոփոխ: Այդ ընթացքում երեխան գտնվել է ՀՀ-ում եւ համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո չի վերադարձվել դատարանի կողմից սահմանված հասցե: ՌԴ ԴԱՀԿ ծառայության կողմից երեխայի նկատմամբ իրականացվել են հետախուզական աշխատանքներ, որոնք դադարեցվել են նրա գտնվելու վայրի՝ ք. Երեւան, մասին տեղեկություններ ստանալուց հետո: Երեխայի մայրը Կոնվենցիայի շրջանակներում դիմում է ներկայացրել ՌԴ կենտրոնական մարմին՝ երեխայի վերադարձը ապահովելու խնդրանքով:

ՌԴ կենտրոնական մարմնի պահանջը ստանալուց հետո մեր արդարադատության նախարարությունը պարզել է երեխայի գտնվելու վայրը եւ որոշում է ընդունվել Կոնվենցիայի շրջանակներում վարույթ հարուցելու մասին:

Նախարարությունից հայտնում են, որ դեռ այս հարցի վերաբերյալ որոշում չկա. «Ներկա պահին գործը գտնվում է քննարկման փուլում, վերջնական որոշում կայացված չէ: Միաժամանակ նշենք, որ ՀՀ-ն, միանալով վերը նշված Կոնվենցիային, պարտավորություն է ստանձնել ապահովել Կոնվենցիայի պահանջները, այդ թվում երաշխավորել այլ պետության օրենսդրությամբ նախատեսված խնամակալության եւ տեսակցության իրավունքների արդյունավետ իրականացումը: Կամակատարության մասին խոսելն անհեթեթ է, քանի որ նույն Կոնվենցիայի անդամ է հանդիսանում ՌԴ-ն, որի կողմից հարգվում են ՀՀ դատարանների կամ իրավասու այլ մարմինների որոշումները: Տրամաբանական է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը Կոնվենցիայի շրջանակներում իրականացվող վարույթները իրականացնելիս ղեկավարվում է ոչ միայն Կոնվենցիայի 12-րդ հոդվածով այլ նաև դրանով սահմանված բոլոր այլ դրույթներով: Միաժամանակ նշենք, որ Կոնվենցիայի շրջանակներում իրականացվող վարույթներով քննարկվում է միայն երեխային իր բնակության վայր տեղափոխելու հարցը, այլ ոչ թե այս կամ այն ծնողի հասցեով բնակության վայր սահմանելու, նրա խնամքը իրականացնելու և այլ հարցեր: Նշենք նաև, որ գործում առկա փաստաթղթերում բացակայում է տեղեկություններ երեխայի մոր երկրորդ ամուսնության մասին և առավել ևս չի կարող խոսք լինել երեխային խորթ հորը կամ խորթ մորը վերադարձնելու մասին: Հաշվի առնելով վերը նշվածը, դիմողի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը»:

Վահան Հովհաննիսյան

Սակայն մեզ հետ զրույցում երեխայի հոր շահերի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ նախարարության հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Երեխան տեղափոխվել է ակնհայտ օրինական ճանապարհով, չի եղել դատարանի որոշում, տեղափոխվել է այն անձի կողմից, որը երեխայի նկատմամբ ունեցել է խնամակալական իրավունքներ: Մենք արդարադատության նախարարությանն ասել ենք, որ իրավունք չունեն երեխայի վերադարձը քննել Հաագայի կոնվենցիայի շրջանակներում, քանի որ երեխայի ապօրինի տեղափոխում, առեւանգում առկա չէ: Երեխայի հայրը զրկված չի եղել իր իրավունքներից, իսկ մորը չեն շնորհել: Դատարանի որոշումը ընդամենը երեխայի բնակության վայր հաստատելու մասին է, որի մասին Հաագայի կոնվենցիայում խոսք չկա: Ինչ վերաբերում է նրան, որ չեն ներկայացվել ապացույցներ, որ ադրբեջանցու հետ է ամուսնացել, ես ապացույցները կարող եմ ներկայացնել: Մենք 4 հարեւաններից վերցրել ենք գրություններ, որ այդ աղջիկը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվում ադրբեջանցու հետ, բնակվում է համատեղ, իր ծննդյան օրը այդ ադրբեջանցու հետ անցկացրել է Ֆրանսիայում ու այդ աղջկա՝ մոր կայքէջում դրված է մատանին ու ծաղկեփունջը, որ մենք արդեն նշանվել ենք: Դրանից ավելի մենք ի՞նչ ապացույց պետք է ներկայացնեինք, ներողություն, գիշերով գնայինք իրենց նկարահանեի՞նք, որ ցույց տանք՝ այդ մարդիկ իրականում իրար հետ են ապրում: Բա ասենք, ենթադրենք, ապացույց չենք ներկայացրել, հայտարարություն կա այդ մասին, բա մեր արդարադատության նախարարությունը հանձնում է մեր հայ երեխային, մի հատ չճշտե՞ն հայտարարությունը իրենց դիվանագիտական խողովակներով՝ այդ աղջիկն ապրո՞ւմ է ադրբեջանցու հետ: Ոչ մի բան չեն անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031