Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջողակ բիզնեսմեն» տնօրեն ունեցող համար 2 քոլեջի ոդիսականը

Հուլիս 30,2018 12:30

Բաց նամակ ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Հաջողակ բիզնեսմեն», հենց այսպես էլ ուղիղ մեկ տարի առաջ ԿԳ նախարարության վարչության ներկայացուցիչը N2 քոլեջի կոլեկտիվին ներկայացրեց Կառլեն Հայրապետյանին՝ իբրեւ ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնակատար: Հետագայում՝ տնօրենի մրցույթի կասկածելի ընթացակարգով, այժմ արդեն՝ ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչական մարմնի՝ N2 պետական քոլեջում իրականացված ուսումնասիրության արդյունքում (29.06.2018թ.) հաստատված խախտումներով նա դարձավ քոլեջի տնօրեն: Մենք մանրամասն չենք անդրադառնա ռեժիմի օրոք քոլեջի դ.ա.գ. բաժնի վարիչ Մխիթար Պատվականյանի կողմից տնօրենի կատարած անօրինականությունների մասին՝ բարձրաձայնումներին, այդ մասին հրապարակվել է նաեւ «Առավոտ» օրաթերթի 2018թ. փետրվարի 13-ի համարում: Ի դեպ, այդ հրապարակման մեջ տնօրենը հերյուրանք է որակում հրապարակված փաստերը, որոնք հետագայում տեսչական մարմնի տեղեկանքում դառնում են ՀՀ օրենքի, կառավարության որոշման, «Երեւանի N2 պետ. քոլեջ» ՊՈԱԿ-ի կանոնադրության բազմաթիվ պահանջների, խորհրդի կանոնակարգի եւ լիազորությունների խախտումներ: Նույն հրապարակման մեջ նա նշում է, թե «ինչքան է սիրում երեխաներին ու երկիրը»: Փաստորեն, տնօրենն այնքան է «սիրում» երեխաներին, որ՝

ա) նրանց «աշխատող» մասի համար ապահովել է կեղծ համակարգ, շուրջ 100 ուսանողներ ձեւակերպվել են իբրեւ «անհատական ուսուցման ժամանակացույցով» սովորողներ եւ յուրաքանչյուրի համար պետությունից կորզվել, հափշտակվել է 240000 ՀՀ դրամ: Նրանցից ոմանք մինչեւ 06.02.18թ. (մինչեւ մեր ահազանգերը) ստացել են կրթաթոշակներ: Իհարկե, հարց է, թե իրականում ովքեր են ստացել այդ կրթաթոշակները: Այս եւ քոլեջում շրջանառվող բոլոր ֆինանսական կոռուպցիոն հոսքերը «կարգավորում» է տնօրենի գրասենյակի ղեկավարը, եւ նա էլ կասի, թե ովքեր են ստացել թոշակները:

բ) Վերոհիշյալ «աշխատող» ուսանողներով ստեղծվում են կեղծ ուսումնական խմբեր (հիմն.՝ ֆրանսերենի), կատարվում են կեղծ գրանցումներ եւ պետությունից յուրացվում են վիթխարի գումարներ:

գ) Տնօրենը կադրերի տեսուչի անմնացորդ ծառայությամբ, կեղծելով աշխ. օրենսդրությունը՝ դասախոսների անորոշ ժամանակով կնքված պայմանագրերը դարձնում է որոշակի ժամանակով կնքված պայմանագրեր (01.09.17-ավարտը՝ 01.09.18):

դ) Քոլեջից անհայտ հանգամանքներում «օտարվել» է քոլեջի տպարանը (Եվրախորհրդի ֆինանսավորմամբ)՝ իր բոլոր ժամանակակից հաստոցներով: Իսկ քոլեջի սեփական տարածքի մաս կազմող շինությունը (Տիր) հայտնվել է մեկ այլ սեփականատիրոջ ցանկապատում եւ քանդվել:

ե) Չի գործում այն նպատակով, ինչ Եվրախորհրդի ֆինանսավորմամբ կառուցվել էր սառնարանը, որպեսզի այնտեղ աշխատեին 5-7 ներառական կրթության ուսանողներ: 15 մլն այս ծրագրի ղեկավարը նույն տնօրենի գրասենյակի ղեկավարն է:

Եվ այսպես շարունակ…

2018թ. մայիսի 17-ի մանկխորհրդի նիստում Մխիթար Պատվականյանը բարձրաձայնում է ամոթալի, ապօրինի դրամահավաքի մասին: Ինչպես անցած ապրիլ-մայիսին, այս տարվա նույն ամիսներին եւս քոլեջում մոլեգնում է ապօրինի դրամահավաքը, յուրաքանչյուր սովորող ուսանողից 5000 ՀՀ դրամի չափով: Ընդհանուրը՝ 300 ուսանող: Հանրապետությունում կատարված հեղափոխությունը անգամ ոչինչ չէր ասել «հաջողակ բիզնեսմեն» տնօրենին: Լկտիությունն այն աստիճանի հասավ, որ փոխանակ միջոցներ ձեռք առնվեին այդ նողկալի երեւույթը կասեցնելու համար, հակառակը՝ տնօրենը եւ իր կամակատարները տոտալ ստորագրահավաք սկսեցին Մ. Պատվականյանի դեմ՝ բազմաթիվ շինծու մեղադրանքներով՝ ուղղված ՀՀ ԿԳ նախարարին: Այս ստորագրահավաքին հմայքը կայանում է նրանում, որ այնտեղ դասախոսների անվան տակ ստորագրել են հավաքարարները, պահակները, տեխնիկական աշխատողները, անգամ՝ վարսավիրն ու ճաշարանի աշխատողը: Մենք 7 դասախոսներով հրաժարվեցինք մասնակցել այդ քստմնելի գործընթացին եւ միացանք Մխիթար Պատվականյանի պահանջներին՝ դիմելով ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին, ահազանգեցինք կրթության պետական տեսչական մարմնին: Դիմումների եւ ահազանգումների արդյունքում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական վարչությունում եւ ընթանում է քննություն: Ավարտվել են տեսչական եւ աուդիտի ստուգումները:

Այս ընթացքում մեր խմբի հանդեպ տնօրենը եւ նրա կամակատարները կիրառել են հաշվեհարդարներ, ահաբեկումներ, պաշտոնական դիրքի բազմաթիվ չարաշահումներ: Միշտ ենթարկվել ենք նրանց հարձակումներին: Բանը հասել է նրան, որ տնօրենը գոտեպնդված անպատժելիությունից, աշխատանքից ազատել է դ.ա.գ. բաժնի վարիչ Ա. Պողոսյանին, դաստիարակչական աշխատանքների գծով բաժնի վարիչ Մ. Պատվականյանը ստացել է 2 նկատողություն՝ զավեշտի հասնող հիմնավորումներով, եւ դեռ շարունակում է հոխորտալ ու պատիժներ սահմանել մեր դեմ:
Այս իրավիճակում մեզ մնում էր մեկ ելք՝ նորից դիմելու լիազոր մարմնի ղեկավարներին, ակնկալելով, որ նրանք սատար կկանգնեն մեզ, կբռնեն չարագործի ձեռքը: Սակայն ճշմարտությունը պահանջում է ասել, որ տնօրենի ապօրինությունները ահագնացան եւ «գործնական» բնույթ կրեցին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի եւ վարչության պետ Արտակ Աղբալյանի՝ քոլեջ այցելելուց հետո:

Հիմա, ԿԳ հարգելի նախարար, փոխնախարար, կրթության տեսչական մարմնի իրականացրած ուսումնասիրությունների եւ աուդիտի արդյունքները ձեր սեղանին են արդեն 2 շաբաթից ավելի: Ինչո՞ւ եք հապաղում, ի՞նչն է խանգարում ծառայողական քննություն իրականացնել: Մենք չենք մոռացել նախորդ հապաղումների արդյունքում ամենակարող տնօրենի գործողությունները՝ նա այս ընթացքում, ընդամենը մեկ ամիս առաջ կարողացավ «ավարտացնել» կեղծ համակարգում ձեւակերպված 44 ուսանողների: Այսինքն՝ 44-ը ստացան կեղծ դիպլոմներ: Իսկ մենք եւ դուք ամեն օր պայքարում ենք անօրինականությւոնների դեմ:

Հարգելի նախարար եւ փոխնախարար, արդյոք մեզ պատժո՞ւմ եք՝ բացխոսության, իրերն իրենց անուններով կոչելու, անօրինականության դեմ պայքարելու համար: Չէ՞ որ քոլեջում օրինականության վերականգնումը կլինի մեկ քայլ առաջ՝ դեպի իրավական պետության կառուցում:

Մխիթար Պատվականյան
բաժնի վարիչ
Աննա Պողոսյան
նախկին բաժնի վարիչ
Կարինե Խաչատրյան
հանրակրթական առարկաների հանձնաժողովի նախագահ

«Առավոտ»

28.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031